Հայ ժողովրդական երգերի հայտնի կատարող Հասմիկ Հարությունյանն իր երաժշտությամբ շարունակում է պահպանել նախնիներից ժառանգված երգերն ու ավանդույթները՝ կապելով անցյալը ներկայի հետ։
1960 թվականին Երևանում ծնված երգչուհու ընտանիքի արմատները Մուշից են՝ Արևմտյան Հայաստանից։ Երաժշտությունն ու պարը մշտապես ուղեկցել են նրա մանկությունը։ Հետագայում Հասմիկ Հարությունյանի ստեղծագործական ուղին կապվեց անվանի ժողովրդական երաժիշտ Հայրիկ Մուրադյանի և նրա դստեր՝ Մարոյի հետ։ Նա միացավ «Ակունք» համույթին, որի միջոցով խորությամբ ուսումնասիրեց և պահպանեց հայկական ավանդական երգարվեստը։
1991 թվականին Երևանում ստեղծվեց «Շողակն» ժողովրդական համույթը, որի հիմնադիրների թվում էր նաև Հասմիկ Հարությունյանը։ Հետագայում նրա երաժշտական գործունեությունը շարունակվեց նաև ԱՄՆ-ում․ նա մասնակցեց միջազգային շրջագայությունների և Յո-Յո Մայի «Մետաքսի ճանապարհ» փառատոնին։
Հարությունյանի ստեղծագործական գործունեության կարևոր ուղղություններից են Արևմտյան Հայաստանից փոխանցված օրորոցային երգերը։ 2004 թվականին լույս տեսավ նրա «Հայկական օրորոցայիններ» ալբոմը, որն արժանացավ նաև «The New York Times»-ի ուշադրությանը։
Երգչուհին առանձնահատուկ կարևորություն է տալիս երիտասարդ սերնդին ավանդական երգերը փոխանցելուն։ Արցախյան առաջին պատերազմի տարիներին նա երեխաներին սովորեցնում էր հայկական ժողովրդական երգեր, իսկ հետագայում ստեղծեց Հայրիկ Մուրադյանի անվան ավանդական երգի և պարի մանկական համույթը։
Հասմիկ Հարությունյանի համար երգերի պահպանումը պարզապես երաժշտական ժառանգության շարունակություն չէ․ այն հիշողության, ինքնության և նախնիների հայրենիքի հետ կապի պահպանման միջոց է։ Նրա խոսքով՝ իր նախնիները իրեն փոխանցել են մի ճանապարհ, որը պետք է շարունակել՝ ավանդական երգերը հասցնելով նոր սերունդներին։
