Հերթական զեղծարարության շուրջ

  • by Western Armenia, 31 Հոկտեմբերի, 2023 in Մշակույթ
96 դիտում

 CBC TV Azerbaijan հեռուստաալիքով հեռարձակվել է ակնհայտ հակահայկական քարոզչական բնույթ ունեցող տեսահաղորդում, որի թեզերից մեկն այն է, թե իբր հայկական կողմը Արցախը հայացնելու, տեղի պատմությունը կեղծելու համար Քարվաճառի շրջանում ունեցել է հայկական խաչքարերի արտադրության և արհեստական հնեցման ինչ-որ արտադրամաս, որտեղ հայերը իբր զբաղվել են պատմության կեղծարարությամբ: Ցավոք սրտի, անհեթեթ այս թեզը, որը 2020 թվականից սկսած փորձում էին առաջ քաշել առանձին անհատներ Բաքվում, այդ թվում նաև իրենց արվեստաբաններ և պատմաբաններ համարողները, վերջերս սկսվեց ագրեսիվ կերպով քարոզվել պետական մակարդակով: 

Սույն քարոզչության հիմնական անհիմն ու անիմաստ դրույթն այն է, որ 2020 թվականի նոյեմբեր ամսին «խաչքարերի արտադրության և հնեցման» մի արտադրամաս է հայտնաբերվել Քարվաճառի շրջանում: Ըստ ադրբեջանական կողմի՝ այս արտադրամասի «մոնիթորինգը» ցույց տվեց, որ հայ վարպետները քարերի վրա քանդակում էին հայերեն արձանագրություններ, խաչեր և զարդանախշեր, այնուհետև նման կիսապատրաստուկ-քարերը տեղադրում էին հատուկ լուծույթների, օրինակ՝ քացախի մեջ, հնեցնում քարերը և դրանց վրայի քանդակները։ 

Զարմանալին ու զավեշտալին այն է, որ արտադրամասի առկայության որևէ փաստացի ապացույց չի ներկայացվում: Ի հակառակ դրան, որպես ապացույց են մատուցվում տարբեր դարերի հայտնի խաչքարերի պատկերներ, ինչպես օրինակ՝ Սևանավանք տանող աստիճանների մոտ գտնվող խաչքարերի ( 17-րդ դար), Կոթավանքի ( 16-17-րդ դարեր) շուրջ գտնվող խաչքարերի լուսանկարները։

Ուշագրավ է նաև վերը հիշատակված այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմից ընտրված և որպես «ապացույց» ներկայացվող խաչքարերի մեծամասնությունը գտնվում է Արևելյան Հայաստանի տարածքում, այլ ոչ թե Արցախում:

Դրա վտանգավոր հեռանկարը հստակ է. Արցախի օկուպացված տարածքներում գտնվող խաչքարերը, խաչային հորինվածքները, արձանագիր քարերը ներկայացնել որպես հայկական կեղծարարության արդյունք և հուշարձանների վերականգնման պատրվակի ներքո վերացնել դրանք: 

Ըստ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի՝ արգելվում է  մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաև դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության» կոնվենցիայի,  մշակութային ժառանգության պահպանում նշանակում է ժառանգության կենսունակության ապահովում։  Պահպանել ժառանգությունը, նշանակում է  ապահովել դրա անձեռնմխելիությունը և ամբողջականությունը, որի մաս է կազմում նաև համայնքը, ապահովել ժառանգության իսկության, կարևորության, ամբողջականության, բացառիկության չափանիշները։  Այս սկզբունքները բխում են  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիայից, ԻԿՕՄՕՍ-ի և այլ միջազգային կառույցների փաստաթղթերից: