Հունաստանում բացվել է հայ նկարչուհի Սարկո Մենեի աշխատանքների ցուցահանդեսը

  • by WesternArmenia, 29 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
179 դիտում

Աթենքի Kourd Gallery պատկերասրահում՝ Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ, բացվել է հայ նկարչուհի Սարկո Մենեի «Floral Meteorites from Armenia» («Ծաղկային երկնաքարեր Հայաստանից») խորագրով ցուցահանդեսը։ Բացմանը մասնակցել է Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Ցուցահանդեսն առաջին անգամ է ներկայացնում նկարչուհու ստեղծագործությունները Հունաստանում և բաց կլինի մինչև դեկտեմբերի 10-ը։

Դեսպանն ընդգծել է մշակութային դիվանագիտության նշանակությունը հայ-հունական բարեկամության ամրապնդման գործում՝ կարևորելով արվեստագետների և մշակութային հաստատությունների համագործակցությունը։ Նա նաև անդրադարձել է նկարչուհու որոշ ստեղծագործությունների՝ հունական դիցաբանության և փիլիսոփայության հետ ունեցած առնչություններին։

Ցուցահանդեսի բացումը համընկնում է Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում «Հնագույն Հայաստան» ցուցահանդեսի նախապատրաստման հետ։ Այն կբացվի 2026 թվականի նոյեմբերի 20-ին և կներկայացնի շուրջ 200 հնագիտական նմուշ՝ բացահայտելով Հայաստանի մշակութային զարգացումը նախապատմական ժամանակներից մինչև քրիստոնեության հաստատումը՝ 4-րդ դարում։

Երկու ցուցահանդեսներն էլ կարևոր հնարավորություն են հայկական մշակույթը միջազգային հանրությանը ներկայացնելու, հայ-հունական մշակութային կապերն ամրապնդելու և ժողովուրդների միջև երկխոսությունը խորացնելու համար։