Հրատարակվել է Տարոնի հայ մշակույթի նվիրյալներին նվիրված գիրք

  • by WesternArmenia, 22 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
341 դիտում

Հալեպում՝ «Արամ Մանուկյան» ժողովրդային տան «Լ. Շանթ» սրահում, Բերիոյ հայոց թեմի առաջնորդ Մակար արքեպիսկոպոս Աշգարյանի ներկայությամբ տեղի է ունեցել գրականագետ և կրթական մշակ Լևոն Շառոյանի «Հայ գրի և մշակույթի տարոնցի սպասավորներ» գրքի շնորհանդեսը։ Հատորը հրատարակվել է Տարոն-Տուրուբերանի հայրենակցական միության նախաձեռնությամբ։

Միջոցառման ընթացքում բանախոս Նայիրի Ազարիկյան-Արոյանը ներկայացրել է գրքի պատմամշակութային նշանակությունը՝ ընդգծելով, որ այն նվիրված է պատմական Հայաստանի Տուրուբերան նահանգին, Տարոն աշխարհին և հայ մշակույթի պահպանմանն ու զարգացմանը ծառայած գործիչներին։

Հեղինակ Լևոն Շառոյանն անդրադարձել է գրքի ստեղծման աշխատանքներին և կարևորել Հայերի ցեղասպանությունից հետո հայրենակցական միությունների կատարած դերը՝ Արևմտյան Հայաստանի ու Կիլիկիայի պատմական ժառանգությունը գրքերի և հուշամատյանների միջոցով պահպանելու գործում։ Նա կոչ է արել վերակենդանացնել այդ միությունների գործունեությունը՝ ազգային արժեքների պահպանման և նոր սերունդներին պատմական ժառանգությանը հաղորդակից դարձնելու նպատակով։

Հանդիսության ավարտին տեղի է ունեցել գրքի գինեձոնը։