Մարտի 8-ը  ոչ միայն կանացիության, այլև իրավունքների պաշտպանության օր և տոն

  • by Western Armenia, 08 Մարտի, 2023 in Մշակույթ
149 դիտում

Կանանց միջազգային օրը նշվում է ամեն տարի մարտի 8-ին։ Այս օրը՝ կանանց իրավունքների համար պայքարի արտահայտումն է։ Դեռ Վաղ ժամանակներից կինը հայերի մոտ համարվում էր ընտանիքի հիմքը: Հին դիցարանում կարևոր դեր էին խաղում Անահիտ, Աստղիկ և Նանե աստվածները: Ընդ որում` Անահիտը գլխավոր աստվածներից մեկն էր` Արամազդի դուստրը: Քրիստոնեության մուտքից հետո կնոջ պաշտամունքն արտահայտվել է Աստվածամոր կերպարով: Հին դարերում ունեցել ենք կին թագավորներ՝ Էրատո, Փառանձեմ, Զապել: Հայտնի է նաև, որ հայկական արքունիքներում թագավորների կանայք նույնպես որոշակի դերակատարում են ունեցել։ Ժամանակակից հասկացություններով՝ հայ կանանց հասարակական ու քաղաքական դերի ակտիվացումը սկսել է 19-րդ դարում: Դրան էապես նպաստում են հայաշատ քաղաքներում օրիորդաց դպրոցների հիմնումը: Կանանց հասարակական գործունեությունն առավել ակտիվ էր Արևմտյան Հայաստանում, ուր հասարակական ակտիվ գործունեություն ծավալող կանանցից 19-րդ դարի վերջում հատկապես շատ հայտնի էին երկուսը` Սրբուհի Վահանյանը և Զապել Ասատուրը: Կանանցից շատերը գործուն մասնակցություն են ունեցել Արևմտյան Հայաստանում սկիզբ առած ֆիդայական շարժմանը: Նրանցից ամենից շատ հայտնի են ֆիդայապետ Աղբյուր Սերոբի կինը` Սոսեն, Գևորգ Չաուշի հավատարիմ զինակից Եղսոն, կին ֆիդայի Հայո-Հայաստանը, օրիորդ Սաթենիկ Մատինյանը, Մարո Մակարյանը, Սաթո Օհանջանյանը, Կիլիզարը, Սասունցի Շաքեն, օրիորդ Մարիամ Չիլինգարյանը…

Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը այս առիթով ասել է․ «Թանկագին կանայք, Արևմտյան Հայաստանի Հանրապետության և  անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Կանանց միջազգային օրվա առթիվ:

Մաղթում եմ, որ ունենաք ավելի մեծ դերակատարություն մեր երկրի պետական ու հասարակական կյանքում: Ձեր ներկայությամբ և ներգրավվածությամբ դուք դրականորեն փոխում եք մթնոլորտը բոլոր ասպարեզներում՝ դարձնելով ավելի բարի ու հանդուրժող, ավելի կառուցողական ու արդյունավետ:Ձեր հմայքով դուք մեր կյանքը դարձնում եք ավելի բարեհաջող ու իմաստալից: Եվ մենք կանենք հնարավորը, որպեսզի դուք լինեք միշտ ուրախ ու երջանիկ»: Western Armenia TV-ի կողմից պատրաստված ռեպորտաժը կարող եք դիտել մեր յութուբյան ալիքում: https://youtu.be/U5ObBg_Pz5w