Մելքոնյան վարժարանի 100-ամյակը՝ շրջանավարտների հանդիպմամբ

  • by WesternArmenia, 30 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
177 դիտում

Կիպրոսում 1926 թվականին հիմնադրված և 2005 թվականին փակված Մելքոնյան վարժարանը նշում է հիմնադրման 100-ամյակը։ Հոբելյանի առիթով նախատեսվում են հիշատակի և երաժշտական միջոցառումներ։

Հոկտեմբերի 30-ին Կ.Պոլսի  Բեյօղլու թաղամասի Ուչ Խորան եկեղեցում հանդես կգա Լուսավորչական երգչախումբը՝ Մելքոնյան վարժարանի շրջանավարտ Հակոբ Մամիկոնյանի ղեկավարությամբ։

Նոյեմբերի 1-ին եկեղեցում մատուցվելիք պատարագը կգլխավորի Թուրքիայի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Կհիշատակվեն նաև վարժարանի հիմնադիրներ Գրիգոր և Կարապետ Մելքոնյան եղբայրները։

1926 թվականին Նիկոսիայում հիմնադրված վարժարանում սովորել են շուրջ 40 երկրներից ժամանած հայ երիտասարդներ։ Այն կարևոր դեր է ունեցել Հայերի ցեղասպանության  հետևանքով որբացած երեխաների կրթության և դաստիարակության գործում։