Մշակույթային ցեղասպանություն

  • by Western Armenia, 10 Մայիսի, 2024 in Մշակույթ
31 դիտում

Բաքվի  հայատյացության քաղաքականության մեջ իր հստակ տեղն ունի Արցախի անկախության շրջանի հուշարձանների, հաղթանակը խորհրդանշող հուշահամալիրների, խաչքարերի ու հերոսների հուշակոթողների ոչնչացումը։ Այս քաղաքականությունն ակտիվացավ 2020 թվականի պատերազմից հետո, որին հետամուտ արդեն իսկ ոչնչացվել են բազմաթիվ հուշարձաններ։ Ժառանգության ոչնչացման այս մեխանիզմը ակտիվորեն կիրառվում է հատկապես Շուշիի ազատագրման հաղթական հիշողության խորհդանիշերը ջնջելու, հայ ժողովրդին բարոյալքելու և հոգեբանական տրավմայի ենթարկելու նպատակով։

Շուշին ազատագրվեց 1992 թվականի մայիսի 8-ի լույս 9-ի առավոտյան: Բացի ռազմական կարևոր նշանակությունից հաղթանակը պետք է սերունդներին կրթեր հայրենասիրական ոգով, որը հնարավոր էր դառնում մշակութային ժառանգության միջոցով։

Արցախի մշակութային լանդշաֆտը  հագեցած էր Շուշիի ազատագրումը փաստող, այն փառավորող հուշարձաններով։  Դրանցից էր տանկ- հուշարձանը․ հենց այն առաջին մեքենան, որ ազատագրված բերդաքաղաք  մտավ 1992 մայիսի 8-ին։

Տանկն  Արցախի ազատագրական պայքարի սիմվոլն էր, հաղթանակի խորհրդանիշը, Շուշիի ազատագրման խորհրդանշական հուշարձանը, որտեղ հարգանքի տուրք էին մատուցում Շուշիի ազատագրական պայքարում նահատակված հերոսների հիշատակին։ Այն  նաև սրբատեղի էր շատերի համար, հերոսների սխրանքը հիշելու և հավերժացնելու վայր։  Բայց, 2023 թվականի սեպտեմբերին պարզ դարձավ, որ Բաքուն ապամոնտաժել, ապա  ոչնչացրել է Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհին տեղադրված տանկը, ժառանգության ոչնչացմամբ վտանգելով նաև հաղթանակի հիշողությունը սերունդներին փոխանցելու հնարավորությունը։

Շուշիի ազատագրումից հետո առաջին վայրը, ուր գնացին հայկական հաղթանակած բանակի զինվորները՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչոցոց եկեղեցին էր, ուր մատուցվեց Սուրբ պատարագ։ Այս իմաստով, Ղազանչեցոցը Շուշիի ազատագրման հաղթական ավարտի կարևոր խորհրդանիշն էր, քանզի շատերն էին փափագում հաղթական դրոշը տեղադրել հենց Ղազանչեցոցի բարձունքին։ Եվ պատահական չէր, որ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին Բաքվիի կողմից առաջին հարվածն ուղղվեց հենց եկեղեցուն, Հաագայի  և Ժնևի կոնվենցիաների, ինչպես նաև Միջազգային հումանիտար օրենքների կոպիտ խախտումներով այն երկու անգամ թիրախավորվեց, էական վնաս հասցնելով կառույցի գմբեթին, արտաքին ու ներքին հատվածներին։