«Մշո գիրքը»․ հայ կանանց հերոսությունն ու ազգային հիշողության փրկությունը

  • by WesternArmenia, 13 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
175 դիտում

Հոկտեմբերի 13-ին Երևանում՝ «Զանգակ» գրատանը, ներկայացվեց իտալահայ գրող Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը» վեպի արևմտահայերեն թարգմանությունը։ Վարդան Մատթէոսեանի թարգմանությամբ և «Սիս» հրատարակչության հրատարակությամբ լույս տեսած գիրքը պատմում է Հայոց ցեղասպանության տարիներին հայկական ամենամեծ ձեռագիր մատյաններից մեկի՝ «Մշո ճառընտիրի» փրկության իրական պատմությունը։

Հեղինակը ներկայացման ընթացքում ընդգծեց հայ կանանց արիությունն ու անձնազոհությունը, որոնք, հաղթահարելով անձնական ողբերգությունները, իրենց առջև նպատակ էին դրել փրկել հայ մշակույթի անգնահատելի գանձը։ Վեպում կարևոր տեղ են զբաղեցնում նաև հայերին օգնության ձեռք մեկնած հույների կերպարները։

Հանդիպման ընթացքում ընթերցվեցին վեպից հատվածներ, որոնք փոխանցում էին կոտորածների ու բռնագաղթի սարսափները և վերապրելու համար կանանց մղած պայքարը։

Անտոնիա Արսլանի խոսքով՝ գիրքը երկու կարևոր ուղերձ ունի՝ հայ կանանց տոկունության և գրավոր մշակույթի պահպանման նշանակության մասին։ «Մշո գիրքը» հիշեցնում է, որ ձեռագրերը ոչ միայն անցյալի վկաներ են, այլև հայ ժողովրդի մշակութային շարունակականության ու ազգային հիշողության խորհրդանիշներ։