Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով

  • by Western Armenia, 29 Ապրիլի, 2024 in Մշակույթ
32 դիտում

Քանդակագործ Մկրտիչ Մազմանյանն իր քանդակներով նորովի է ներկայացրել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Նա քանդակի է վերածել ոչ միայն Ազնավուրի խոսուն դեմքն ու արտիստիզմը, այլև նրա հրաշալի երաժշտությունը, որը տարիներ շարունակ ոգևորել է Մազմանյանին:

Քանդակագործի՝ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 26-ին «Two Arcs» ցուցասրահում: Ներկայացված են Ազնավուրին պատկերող դիմաքանդակներ, կոմպոզիցիոն աշխատանքներ ու գծանկարներ: Ստեղծագործություններն Ազնավուրի ուղիղ վերարտադրությունը չեն, այլ էմոցիոնալ պատկերներ են, վերաբերմունք ու հարգանքի տուրք մեծ շանսոնյեին:

Ազնավուրին նվիրված հավաքածու ունենալու մասին Մկրտիչ Մազմանյանը նախապես չի մտածել: Ամեն բան ինքնաբերաբար է ստացվել: Հեղինակը խոստովանում է՝ անում է այն, ինչ սրտից է բխում: Նա կարծում է՝ արվեստագետը պետք է դուրս գա ակադեմիական ոճից և տրվի ստեղծագործական ազատությանը, քայլի ժամանակի հետ: Հավանաբար այդ մտածելակերպի արդյունքում է քանդակագործը զարմանալի աշխատանքներ ստեղծել, որոնք մտածելու առիթ են տալիս:

Հիշեցնենք, որ Մկրտիչ Մազմանյանը Հայաստանի հայտնի կերպարային (ֆիգուրատիկ) քանդակագործներից է: Արվեստագետի աշխատանքներում արտացոլվում են  մարդկային փառասիրությունը, զարթոնքն ու էվոլյուցիան: Մազմանյանի քանդակագործության յուրօրինակ ոճը ձևավորվել է բազմաթիվ մշակույթների և գեղարվեստական ոճերի միախառնումից, չնայած նա ամենաշատը սովորել ու ոգեշնչվել է  բնությունից և մարդկանցից: Մազմանյանի ստեղծագործությունների մեծ մասը նվիրված են մարդուն՝ իր ողջ գեղեցկությամբ: