Շառլ Ազնավուրի քանդակը կկանգնեցվի շանսոնյեի անվան հրապարակում։

  • by Western Armenia, 01 Մարտի, 2024 in Մշակույթ
40 դիտում

Հայտնի է հայազգի մեծանուն երգիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հուշարձանի նախագծի հաղթող տարբերակը:

Ընդհանուր առմամբ ստացվել էր 60-ից ավելի հայտ, իսկ ներկայացված մանրակերտերի տարբերակները գերազանցում էին 100-ը: Հաղթող քանդակի հեղինակը Դավիթ Մինասյանն է, ով 9 ձայնով առաջ է ընկել մնացած տարբերակներից, երկրորդ տեղը՝ 2 ձայնով զբաղեցրել է Արմենակ Վարդանյանը՝   իր քանդակով, ով կարժանանա խրախուսական դրամական պարգևի: 

Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը,  շնորհակալություն հայտնեց բոլոր այն քանդակագործներին, ովքեր մասնակցել են մրցույթին:

«Ես տեսնում եմ, որ բոլորն իրենց հոգին ու սիրտը ներդրել են իրենց գործերում: Դժվար էր ընտրությունը կատարել, բայց լիահույս ենք, որ այն , ինչ ընտրել ենք, կարդարացնի մեր և հասարակության սպասելիքները: Մենք այս քանդակի միջոցով տեսնում ենք նաև հասարակությանը: Հայրս այս քանդակում մենակ չէ, այլ իր հասարակության հետ, որը շատ կարևոր է»,-ընդգծեց Նիկոլա Ազնավուրը:

Նա տեղեկացրեց, որ Ֆրանսիայում տեղադրվող քանդակի աշխատանքներն ընթացքի մեջ են: Բայց,  առաջինը կբացվի Շառլ Ազնավուրի անունը կրող այգին՝ Փարիզի կենտրոնում: