Ոչնչացվել է Ստեփանակերտի՝ Մարտունի փողոցում կանգնեցված Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը

  • by Western Armenia, 27 Փետրվարի, 2024 in Մշակույթ
59 դիտում

Ադրբեջանը՝ հետևելով վերջին շրջանում ակտիվ կերպով  գործարկվող՝ Արցախի ազատագրման շրջանում տեղադրված հուշարձանների ոչնչացման ծրագրային քաղաքականությանը,   ոչնչացրել է  Ստեփանակերտի՝ Մարտունի փողոցում գտնվող, խորհրդային պետական-քաղաքական գործիչ, մտավորական ու  գրականագետ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը։ 

Ալեսանդր Մյասնիկյանի արձանի բացումը 2014 թվականի սեպտեմբերի 27-ին է եղել՝ Ստեփանակերտ քաղաքի օրը։ Սկսած 2014 թվականից քաղաքի ավագանու որոշմամբ Ստեփանակերտ քաղաքի օրը տոնվում էր սեպտեմբերի երրորդ շաբաթ օրը։  Ալեքսանդր Մյասնիկյանի (գրական կեղծանունը Մարտունի) հուշարձանի հեղինակն է անվանի քանդակագործ  Յուրի  Հովհաննիսյանը։ 

Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների ոչնչացումն արգելող Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի համաձայն հուշարձանի ունեցած վաղեմությունը (հին, թե նոր), կամ բնույթը չեն կարող պատճառ դառնալ արդարացնելու ոչնչացումը։ Համաձայն կոնվենցիայի առաջին հոդվածի, մշակութային արժեքը վերազգային և համամարդկային է. «Մշակութային արժեքը, անկախ ծագումից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է, ինչպիսիք են ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները՝ անկախ իրենց կրոնական կամ աշխարհիկ բնույթից....»։ Ուստի՝ ժառանգությունը պետք է պահպանվի, որտեղ էլ որ այն գտնվի, երբ էլ որ այն ստեղծված լինի։  Կոնվենցիայի տրամաբանությունից ելնելով՝ ազգերն են որոշելու, թե ինչն է իրենց՝ «մեծ կարևորության» ժառանգությունը, այս դեպքում՝ արցախահայերը։ Եվ անկախ նրանից, թե ինչ տեսք ունի այն կամ ինչ զգացողություններ է առաջացնում Ադրբեջանի մոտ, պետք է պահպանվի։ Եվ եթե 20-րդ դարում մշակութային ժառանգությունն անպայմանորեն պետք է օժտված լիներ անցյալի պատմական նշանակությամբ, ապա 21-րդ դարի  ժառանգության տեսա-իրավական համակարգում ժառանգություն են համարվում թե՛ անցյալի, թե՛ ներկայի արժեքները։ 1993 թ. սեպտեմբերի 20-ից, Ադրբեջանը, վավերացնելով Հաագայի 1954 թ. կոնվենցիան, դրա կատարման կանոնակարգերը, ինչպես նաև հաստատելով կոնվենցիային կից 1954 թ. «Գրավյալ տարածքներում մշակութային արժեքները պաշտպանելու Հաագայի առաջին արձանագրությունը», շարունակաբար խախտում է այն՝ թույլ տալով մի շարք հանցագործություններ ոչ միայն Արցախի, այլև ողջ մարդկության հանդեպ։