Չինաստանի Սիան քաղաքում բացվել է «Ծաղկած նռենին՝ Նոյի երկրից» խորագրով ցուցահանդեսը

  • by Western Armenia, 22 Մայիսի, 2024 in Մշակույթ
22 դիտում

Չինաստանի Շենսի նահանգի Սիան քաղաքում թանգարանների միջազգային օրը բացվել է «Ծաղկած նռենին՝ Նոյի երկրից» խորագրով ցուցահանդեսը: Ներկայացվել է Երևանի պատմության թանգարանի հավաքածուից 94 բացառիկ ցուցանմուշ՝ 18-20-րդ դդ. ավանդական տարազ, գորգ, արծաթյա զարդեր, ասեղնագործություն, սպասք: Ցուցահանդեսը կազմակերպվել է «Հայ-չինական գործընկերության կենտրոն» հկ-ի, Երևանի պատմության թանգարանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիանի թանգարանի միջև կնքված համագործակցության պայմանագրի համաձայն։ Բացմանը ներկա են եղել պաշտոնական հյուրեր, արվեստագետներ, մշակույթի գործիչներ, այցելուներ։ Բացման օրվանից ցուցահանդեսի օրական այցելուների թիվը գերազանցել է 10000-ը:

Բացման արարողությունից հետո Երևանի պատմության թանգարանի փոխտնօրենը երկժամյա դասախոսությամբ ներկայացրել է Հայաստանի և Երևանի պատմությունն ու մշակույթը։

Նշենք, որ Չինաստանում հայկական մշակույթի ցուցադրությունները մեկնարկել էին դեռևս հունվարին՝ Նինբոյի թանգարանից։ Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 18-ը՝ հայ-չինական մշակութային համագործակցության շղթայում շարունակելով կարևոր ավանդույթները։