Լրագրող Արփի Սուքիասյանը մի խումբ ուխտավորների հետ իրականացրել է խորհրդանշական ուխտագնացություն՝ Մեսրոպ Մաշտոցի հանգչավայր Օշականից դեպի նրա ծննդավայր Հացեկաց։ Այս ճանապարհորդությունը դարձել է «Ուխտն ի Մաշտոց» փաստավավերագրական ֆիլմի հիմքը, որի ռեժիսորն է Արտակ Ավդալյանը։
Ֆիլմը ներկայացնում է Մաշտոցի կյանքի և հայոց գրերի ստեղծման հետ կապված պատմական վայրերը՝ Հացեկացը, Եդեսիան, Սամոսատը և Բալուն։ Ուխտավորները Հացեկացից Օշական են բերել ցորեն, հող և ջուր՝ որպես ազգային ու հոգևոր կապի խորհրդանիշ։
Արփի Սուքիասյանի խոսքով՝ ուխտագնացությունը լի էր դժվարություններով, սակայն նրանց առաջնորդել է Մաշտոցի ժառանգությունը պահպանելու և փոխանցելու գաղափարը։ Նախագծի շրջանակում նախատեսվում է ամեն Թարգմանչաց տոնին թխել ու բաժանել 36 լավաշ՝ հայոց այբուբենի 36 տառերի խորհրդով։
Ֆիլմի ցուցադրությունից հետո հանդիսատեսը հոտնկայս արտասանել է հայոց այբուբենը։ «Հայաստանի Հանրապետությունում պետք է ավելի ամուր գրկենք Մաշտոցին»,- ընդգծել է Արփի Սուքիասյանը՝ խոսելով ազգային ինքնության պահպանման կարևորության մասին։
