Պոլսում կանցկացվի «Կրկին գրքի փառատոնը»

  • by WesternArmenia, 07 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
169 դիտում

Պոլսի մշակութային կյանքում գրքի և հայ մամուլի շուրջ ձևավորված ավանդույթը նոր շնչով վերակենդանանում է։ Արաս հրատարակչության և Եսայան միության համագործակցությամբ հոկտեմբերի 8-10-ը Բեյօղլուի Սուրբ Երրորդություն եկեղեցու Նարեկյան սրահում կանցկացվի «Կրկին գրքի փառատոնը»։

Եռօրյա միջոցառումը մեկ հարկի տակ կհամախմբի հրատարակիչներին, հեղինակներին, թարգմանիչներին, հայ մամուլի ներկայացուցիչներին, հնավաճառներին և ընթերցողներին։ Փառատոնը նպատակ ունի շարունակելու Պոլսում տարիներ առաջ ձևավորված գրական ու հրատարակչական հանդիպումների ավանդույթը՝ այն կապելով ժամանակակից մշակութային կյանքի հետ։

Փառատոնի տաղավարներում իրենց հրատարակություններով կներկայանան պոլսահայ մամուլի ներկայացուցիչները՝ «Մարմարա», «Ժամանակ», «Ակօս», «Փարոս» և «Լույս TV», ինչպես նաև հայկական տարբեր հաստատությունների ու անկախ հրատարակիչների հրատարակությունները։

Ծրագրում ընդգրկված են դպրոցական այցելություններ, աշխատանոցներ, գրքերի մակագրություններ, ընթերցումներ և հեղինակային հանդիպումներ։ Հատուկ անդրադարձ կլինի նաև պոլսահայ մամուլի աշխատանքին, թարգմանության արվեստին և գրքի ստեղծման ու տարածման ճանապարհին։

Փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 10-ին՝ Թարգմանչաց տոնին նվիրված հանդիպմամբ, որի ընթացքում տարբեր թարգմանիչներ կքննարկեն լեզուների, գրականության և թարգմանական աշխատանքի առանձնահատկությունները։

«Կրկին գրքի փառատոնը» գրքի շուրջ ոչ միայն մշակութային հանդիպումների, այլև հայերեն լեզվի, մամուլի և գրական ժառանգության պահպանման ու շարունակականության կարևոր հարթակ է։