Սիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհ

  • by Western Armenia, 17 Մայիսի, 2024 in Մշակույթ
29 դիտում

“Անհայտ անձինք գրառումներ են կատարել Էսքիշեհիրի Սիվրիհիսար գավառում գտնվող Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու պատերին և փոսեր փորել այնտեղ”։ ֊Այս մասին հայտնում է “Akunq.net”-ը։

Աղբյուրի համաձայն՝ այդ վանդալիզմը վրդովմունքի տեղիք է տվել, քանի որ եկեղեցին տեսարժան վայրերից մեկն է՝  գավառ այցելող զբոսաշրջիկների համար։ Տարվա որոշակի ժամանակահատվածում Օկուպացված Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից և արտերկրից այստեղ ժամանող զբոսաշրջիկները պարտադիր այցելում են նաև այս հայկական պատմական եկեղեցին։

Աղբյուրը նաև հաղորդում է, որ անհայտ անձինք պատմական կառույցի պատերի վրա տարբեր գույների գրիչներով իրենց անուններն են թողել և փոսեր փորել եկեղեցում։ Այդ վերաբերմունքը հարուցել է թե՛ տեղի բնակչության և թե՛ պատմությունը գնահատող անձանց վրդովմունքը։

Հիշեցնենք, որ Սիվրիհիսարի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին կառուցվել է 1650 թվականին։ 1876 թ․ այստեղ բռնկված հրդեհի պատճառով եկեղեցին մեծ վնասներ է կրել և վերականգնվել 1881 թ․՝ Պատրիարք Հայր Ներսես Վարժապետյանի օրոք։ Այն իր մեծությամբ երկրորդ վանական համալիրն է Արևմտյան Հայաստանի տարածքում։ Եկեղեցին նախկինում օգտագործվել է՝ որպես գոմաղբի պահեստ։ Թուրքական իշխանությունները դեռևս 1996 թ․ ցանկանում էին վերականգնողական աշխատանքներ սկսել եկեղեցում, սակայն վերանորոգումը մեկնարկել է ավելի ուշ՝ 2010 թվականին։