Ստեփանակերտում համշենահայերի ավանդույթների և մշակույթի վերաբերյալ ճանաչողական միջոցառում է կազմակերպվել

  • by Western Armenia, 10 Մարտի, 2023 in Մշակույթ
145 դիտում

Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի է ունեցել Համշենի մշակույթին ու պատմությանը նվիրված միջոցառում:  Մշակութային միջոցառմանը, որը կազմակերպվել էր  «Ֆրոնտ Արցախ» հասարակական կազմակերպության  և «Բեկոր» երիտասարդական  ակումբի կողմից, ներկայացվել են համշենահայերի բարբառով երգեր, Համշենի ազգագրական պարերը, նրանց նիստուկացն ու խոհանոցը:

«Ֆրոնտ Արցախ»-ի և «Բեկոր» երիտասարդական ակումբի կամավորական Անաստասիա Անդրյանը  համոզմունք է հայտնել, որ  Համշենը Արևմտյան Հայաստանի  առեղծվածային ու  հետաքրքիր վայրերից է։  

«Վերջին շրջանում Համշենի նկատմամբ  հետաքրքրությունը մեծացել է: Մենք նույնպես փորձեցինք  կազմակերպել միջոցառում և բացահայտել Համշենի մշակութային առանձնահատկությունները: Համշենն Արևմտյան Հայաստանի՝ հայերով ամենախիտ բնակեցված տարածքն է։ Չնայած բռնի դավանափոխության հետևանքով իսլամական կրոնն ընդունելուն,  համշենահայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում ու պահպանել էթնիկ մշակույթը, բարբառը։ Համշենի  հայկական խորը արմատները փաստում են նաև այնտեղ  գտնվող եկեղեցիները, վանքերը»,-մանրամասնել է Անաստասիա Անդրյանը։ 

Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում Արցախում կազմակերպված այս միջոցառումը, քանի որ կարևոր է, որ ԱՐևմտյան Հայստանի տարբեր շրջաններում իրականացվեն նման մշակութային իրադարձություններ, որոնք նպատակ ունեն բացահայտելու միմյանց սովորույթներն ու մշակույթը։

Նույնքան կարևոր է, որ արցախահայությունը հիշի, որ Համշենի շրջանը գտնվում է Արևմտյան Հայաստանում, և որ Արևմտյան Հայաստանը Թուրքիայի կողմից օկուպացված հայկական պետություն է։