Տեղի ունեցավ «Արցախ. վտանգված ժառանգություն» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը

  • by Western Armenia, 29 Դեկտեմբերի, 2023 in Մշակույթ
121 դիտում

Պատմության ինստիտուտում տեղի ունեցավ «Արցախ. վտանգված ժառանգություն» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը։ Այն լույս է տեսել Համազգայինի Հայաստանի և Արցախի գրասենյակների նախաձեռնությամբ՝ Համազգայինի Կենտրոնական վարչության աջակցությամբ։ Պատկերագիրքը կազմել է ՀՃՈՒ հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը:

Այն հրատարակվել է Արցախի ԿԳՄՍ նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ։ 

Շնորհանդեսին ելույթ են ունեցել Համազգայինի ԿՎ անդամ Արտաշես Շահբազյանը, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը, Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վահրամ Բալայանը, կազմողը՝ Րաֆֆի Քորթոշյանը, Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը, հուշարձանագետ Սլավա Սարգսյանը, Արցախի նախկին ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը։

Ներկաները կարևորեցին գրքի գոյությունը որպես թշնամու կողմից իրականացվող կեղծ քարոզչությանը հակադարձող ևս մի միջոց։

Պատկերագիքը ներառում է Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում մնացած հայկական պատմաճարտարապետական ժառանգությունը։

Սա պատկերագրքի առաջին հատորն է, երկրորդ հատորը, որը դեռ կազմվում է, կներառի սեպտեմբերի վերջին բռնի տեղահանության հետևանքով Արցախի մնացյալ տարածքների պատմամշակութային ժառանգությունը։