«Ցավում եմ, որ մարդկությունը դեռ այսքան հետամնաց է, որ պատերազմում ու ոչնչացնում է»․ 

  • by Western Armenia, 27 Ապրիլի, 2023 in Մշակույթ
145 դիտում

«Նեմրա» ռոք խմբի անդամներ՝ եղբայրներ Վանն ու Վասպուրը, պատահական չեն ստացել իրենց անունները։ 1915 թ-ին՝ Հայերի դեմ իրականացված ցեղասպանության հետեւանքով նրանց նախնիները Վանից գաղթել են Արեւելյան Հայաստան։

«Նրանց տունը Փշավան գյուղում էր՝ Նարեկավանքին մոտ, որտեղ Գրիգոր Նարեկացին է սովորել։ 1915-ին թուրքերը սպանել են պապիս պապին։ Նրա եղբայրը՝ Մուրադը (ում պատվին կոչել են հորս), օգնել է նրա ընտանիքին՝ փախչել Արեւելյան Հայաստան», պատմում է Վանը։

Երաժիշտը նշում է՝ «Տարիների ընթացքում հասկացել եմ, որ քաղաքականությունը, հողեր գրավել-կորցնելը անցողիկ երեւույթներ են․ ով ուժեղ է այդ պահին, նա էլ տիրում է․․․ Ես ցավում եմ, որ մարդկությունը դեռ այսքան հետամնաց է, որ պատերազմում ու ոչնչացնում է միմյանց, եւ ցավում եմ նաեւ, որ մեզ բաժին է հասել այսպիսի հետամնաց տարածաշրջան, որտեղ ցիվիլիզացիան չի ժամանել, բայց պետք է ավելի շատ կենտրոնանալ ու պահպանել ունեցածը, պետք  է գոնե հայ տաղանդավոր անհատների միջոցով հզորացնենք Հայաստանը: Ցավոք՝ այդպես է աշխարհի կարգը․ եթե պիտանի ես, քո հետ հաշվի են նստում, եթե ոչ՝ քեզ ոչնչացնում են: Հիմա մենք գոյատեւման խնդիր ունենք, ու ամենացավալին այն է, որ պետք է, նախ, արժեհամակարգով ու բարոյապես արժանի լինենք գոյատեւելու: Եթե մենք բարոյապես վերականգնվենք, հաստատ ոտքի կկանգնենք»: