Փարիզում ներկայացվեց Արցախին նվիրված «Նամակներ դրախտից» գիրքը

  • by WesternArmenia, 06 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
182 դիտում

Սեպտեմբերի 29-ին Փարիզում տեղի ունեցավ գրական երեկո՝ նվիրված արցախցի բանաստեղծ և գրող Հերմինե Ավագյանի և փիլիսոփա Ուլիս Մանժեսի համահեղինակած «Նամակներ դրախտից» հայերեն-ֆրանսերեն գրքին։ Հատորը այս տարի լույս է ընծայել Newmag հրատարակչությունը։

«Արցախը՝ Հայրենիքս» խորագրով միջոցառումը կազմակերպվել էր La Guilde-ի և Արցախի աջակցութեան միության նախաձեռնությամբ՝ համախմբելով Ֆրանսիայի քաղաքական, մտավորական և գրական շրջանակների ներկայացուցիչների։

Երեկոյի ընթացքում անդրադարձ եղավ հայրենիքի, հիշողության, կորստի և վերադարձի թեմաներին։ Հերմինե Ավագյանն իր նամակներում պատմում է Արցախի, իր կյանքի և Աշան գյուղի մասին՝ գրականությունը դիտելով որպես հայրենիք վերադառնալու միջոց այն պայմաններում, երբ ֆիզիկական վերադարձը հնարավոր չէ։

«Նամակներ դրախտից»-ը նաև բռնի տեղահանված արցախահայության հիշողությունն ու ձայնը պահպանելու գրական փորձ է՝ հատկապես 2023 թվականի սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո։

Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի Սենատի Արցախի և Հայաստանի հետ բարեկամության շրջանակների ղեկավարներ, պետական ու հասարակական գործիչներ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ և Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։