Կ․Պոլսի Բաքըրքյոյի Սուրբ Աստվածածին եկեղեցու հովանու ներքո գործող «Քառասուն Մանկանց» մանկական երգչախումբը երկար ընդմիջումից հետո հանդես եկավ համերգով՝ նշելով իր հիմնադրման 136-ամյակը։
Մայիսի 24-ին Դադյան վարժարանի Տիգրան Կյուլմեզգիլի անվան դահլիճում կայացած համերգին մասնակցեցին Պոլիսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը, համայնքային ու կրթական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր։
Սերգան Գազերօղլու ղեկավարությամբ բեմ բարձրացավ 23 երեխայից կազմված երգչախումբը, որը ներկայացրեց 18 հայկական երգ։ Համերգին մասնակցեցին նաև մենակատարներ, երաժիշտներ և պարային խումբը՝ ստեղծելով հարուստ մշակութային մթնոլորտ։
Երեկոյի ավարտին պատրիարք Սահակ Մաշալյանը շնորհավորեց երգչախմբի անդամներին, խմբավարին և կազմակերպիչներին՝ ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը հայկական մշակույթի, լեզվի և ինքնության պահպանման գործում։
Ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող «Քառասուն Մանկանց» երգչախումբը շարունակում է մնալ պոլսահայ համայնքի մշակութային կյանքի կարևոր խորհրդանիշներից մեկը՝ փոխանցելով հայկական երգարվեստի ժառանգությունը նոր սերունդներին։
