Ք. ա. 23-22-րդ դարերին թվագրվող արծաթե սակրը՝ Հայկական լեռնաշխարհում իշխանության խորհրդանիշ

  • by Western Armenia, 16 Մայիսի, 2024 in Մշակույթ
29 դիտում

Ք. ա. 23-22-րդ դարերին թվագրվող արծաթե սակրը (կացին) հայտնաբերվել է Քարաշամբ հուշարձանի պեղումների ժամանակ՝  «արքայական» կոչվող դամբարանից: Դամբարանը հայտնաբերվել է 1987 թվականին։ Այն ամբողջական համալիր է, որտեղ  առաջին անգամ, ըստ մասնագետների, կացինը հանդես է գալիս՝ ոչ թե պարզապես գործիք կամ զենք, այլ  որպես իշխանության խորհրդանիշ: 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արևելյան Հայաստանի Պատմության Թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ Արմինե Զոհրաբյանը  նշեց՝ գտածոն   ցույց է տալիս, որ այդ ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհում բնակվող պետական կազմավորումներն  ունեցել են  իրենց պատկերացումները՝  իշխանության մասին:

«Քարաշամբի հայտնի դամբարանից, ի թիվս այլ գտածոների, հայտնաբերվել է նաև արծաթե ծիսական սակր։ Մարտական սակրն ունեցել է ծիսական նշանակություն։ Սա  շքահանդեսային զենքի հոյակապ օրինակ է։ Սակրը միաձույլ է, աղեղնաձև կորացված մարտական սայրը վերջույթներում թամբի ձև ունի։ Կոթառը սահուն անցումով միանում է հորիզոնական տեղադրված հենաձողին՝ շրիշակին, որի կենտրոնը պսակված է գնդաձև ելուստով։ Կոթառի կենտրոնում օվալաձև միջանցիկ անցք է՝ բռնակի համար նախատեսված։ Սակրը երկու երեսից եզերված է պարուրաձև ոլորված, չընդհատվող ռելիեֆով»,- նշել է մասնագետը:

Թե ինչու՞ է հատկապես կացինը ձեռք բերել իշխանության խորհրդանիշի նշանակություն, Զոհրաբյանը բացատրեց՝ “արդեն գոյություն ուներ դիցաբանություն։ Եվ, ըստ դիցաբանության, գլխավոր Դիցն աշխարհի հավասարակշռությունը, առանցքը, աջն ու ձախը կառուցում է կացնի միջոցով, երն կացնով հարվածում է,  աշխարհը բաժանում է երկու մասի: Ըստ նրա՝ կացինը իշխանության մեջ կարևոր նշանակություն է ձեռք բերել նաև՝  որպես դատական վճիռ կայացնող գործիք:

«Այս նմուշը բացառիկ  է, քանի որ տարածաշրջանում սա կացնի միակ օրինակն է, որն արծաթից է։ Համաժամանակյա  նույն տիպի կացիններ շատ կան, բայց բոլորը պղնձից և բրոնզից են»,- նշում է նա։

Մասնագետն ընդգծեց՝ պատահական չէ, որ Քարաշամբի գավաթի վրա պատկերված է արքա֊դիցը, ով  ձեռքում պահում է սակրը, իսկ նրա դիմաց դրված է ռազմական ավարը։ Սա հենց խոսում է այն մասին, որ սակրը իշխանություն խորհրդանշող ատրիբուտ է, որը կարող էր օգտագործվել նաև ծիսակատարությունների ժամանակ։