Արևմտյան Հայաստանի հայերի հարցի շուրջ

  • by Western Armenia, 12 Հունիսի, 2023 in Ժառանգություն
98 դիտում

Այբուբենը՝ որպես գրի հնչյունային արտահայտման եղանակ, ստեղծվել է   մ. թ. ա. III հազարամյակի կեսերին, Էբլա քաղաքում (գտնվել է ներկայիս Սիրիայի հյուսիսում): Ամենավաղ հայտնի այբուբենը փյունիկյանն է (Փյունիկիան գտնվել է Միջերկրական ծովի արևելյան ափերին): Փյունիկեցիներից գիրն անցել է հույներին, այնուհետև՝ հռոմեացիներին, ըստ էության՝ նաև հայերին:  Վաղ միջնադարում ստեղծվել են հայերենի, վրացերենի, աղվաներենի այբուբենները: Ըստ Կորյունի` վրացերենի և աղվաներենի այբուբենները հայերենի այբուբենի հիման վրա նույնպես ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը: Սովորաբար այբուբենն ստեղծվում է այբուբեններից որևէ մեկի նմանությամբ: Այս է պատճառը, որ այբուբեններին տրվում են լատինագիր, հունագիր, սեմագիր, ռուսագիր և այլ անվանումներ. հայոց և աղվանական գրերը հայագիր են: Հայոց կամ հայկական գիրը հնչյունային գրանշանների համակարգ է, որն ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թ-ին, ուստի այդ գրերը կոչվում են նաև մեսրոպյան կամ մաշտոցյան: Մեսրոպ Մաշտոցը այբուբեն ստեղծած մինչև այժմ հայտնի առաջին հեղինակն է:

Հենվելով հայագիր հնագույն մատյանների, վիմագրությունների, Մաշտոցի աշակերտներ Կորյունի և Մովսես Խորենացու վկայությունների վրա՝ կարելի է տարբերել հայկական գրի ստեղծման մի քանի փուլ: 

Առաջին փուլում Մաշտոցը բացահայտել է հայերենի բանավոր-խոսակցական հնչյունական համակարգը, ապա տարորոշված հնչյունների համար որոշել գրանշանների քանակը: Նրան օգնել են կաթողիկոս Սահակ Պարթևը և բանիմաց այլ անձինք: 

Երկրորդ փուլում ստեղծել է հայոց գրերը՝ 36 տառ: Մաշտոցյան այբուբենի բոլոր տառերն ստեղծված են վերից վար իջնող երկար, կարճ ու լայն, ուղղաձիգ և հորիզոնական գծերով: Բաղադրիչների մեջ երկարը հիմնագիծն է, որի աջ կամ ձախ կողմերում կարճն ու լայնը, վերից վար համապատասխան դիրք գրավելով, միանում են նուրբ գծերով: 

Երրորդ փուլում Մաշտոցը դասավորել է տառերը, ճշտորոշել է նրանց  թվային արժեքները, տվել համապատասխան անուն: 

Չորրորդ և վերջին փուլում սահմանել է հայերեն նորաստեղծ գրերի գործածության կանոնները, մշակել գրչության արվեստի հիմունքները: 

Ըստ Կորյունի՝ այդ նպատակով Մաշտոցը Սամոսատ քաղաքում հույն գրիչ Հռոփանոսի հետ ձևավորել է հայոց գրերը, ապա Աստվածաշնչից թարգմանաբար գրել հայերեն առաջին նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս յանճարոյ»:

Սակայն այսօր էլ հայերի մոտ հարց է առաջանում՝ մինչ Մեսրոպ Մաշտոցի այբուբենի ձևավորումը եղե՞լ է հայերեն այբուբեն։