Բեմադրիչ Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» (Revival) գեղարվեստական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին՝ Լոս Անջելեսում։
Ֆիլմը պատմում է Ֆրանսիայում մեծացած հայ երիտասարդի մասին, որը ինքնության և արմատների որոնման ճանապարհին հասնում է Արցախ։ Սակայն նրա ուղևորությունը համընկնում է 2020 թվականի պատերազմի մեկնարկի հետ։
Գլխավոր հերոսը ռոբոտաշինության և արհեստական բանականության մասնագետ է, որը ստեղծել է հիվանդների բուժմանն աջակցող ծրագիր։ Պատերազմի ընթացքում նրա ստեղծած տեխնոլոգիան դառնում է Արցախում տեղի ունեցող իրադարձությունների յուրօրինակ վկան։
Ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է հոկտեմբերի 3-ին՝ ժամը 17։45-ին, Warner Bros. Studio-ի Gate 4 սրահում՝ Բըրբենքում։
Ջիվան Ավետիսյանը իր ստեղծագործական առաքելություններից մեկը համարում է Արցախի մասին ֆիլմեր նկարահանելը և այդ պատմությունները միջազգային լսարանին ներկայացնելը։
«Վերածնվածը» ֆիլմի աշխատանքները սկսվել էին դեռևս 2018 թվականին՝ 2016 թվականի պատերազմի մասին պատմելու նպատակով։ Սակայն 2020 թվականի սեպտեմբերին սկսված պատերազմից հետո սցենարը վերամշակվել է, և ֆիլմի իրադարձությունները տեղափոխվել են 2020 թվական։
