33 երգ Արցախի բարբառով, որոնց մեջ կան նմուշներ, որոնք երբեւէ չեն կատարվել

  • by Editbeglari, 10 Հուլիսի, 2024 in Լուրեր
334 դիտում

«Նուբար» ավանդական երգ ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Լուսինե Նազարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշել է, որ 2023թ-ին, մինչեւ Արցախի ընկնելը, ռադիոհաղորդման համար արցախյան 10 երգ էին պատրաստել եւ երգել:

Որոշ ժամանակ անց մտածել է, որ կարելի է արցախյան երգերի ամբողջական ծրագիր պատրաստել եւ չսահմանափակվել 10 երգով։ Սկսել է փնտրել երաժշտագետներին, ովքեր Արցախում աշխատած բանահավաքներ եղել են: Եվ պարզվել է, որ ԳԱԱ արվեստի ինստիտուտի արխիվում բավականին նյութ կա:

«Արդյունքում ունեցանք 33 երգ՝ Արցախի բարբառով, որոնց մեջ կան նմուշներ, որոնք երբեւէ չեն կատարվել, նաեւ պարեղանակներ կան, որոնք եւս չեն կատարվել եւ պահպանվում են ԳԱԱ արխիվում»,- նշել է նա:

Հավելենք, որ «Նուբար» ավանդական երգ ու պարի համույթը ստեղծվել է հայ ազգային, ավանդական երգերն ու պարերը հայտնաբերելու, մշակելու եւ հանրությանը ներկայացնելու նպատակով: Համույթը հանդես է եկել զանազան համերգային ծրագրերում, մասնակցել փառատոների Արևելյան Հայաստանում ու արտերկրում, հանդես է եկել մենահամերգներով՝ ներկայացնելով Արևմտյան Հայաստանի տարբեր ազգագրական գոտիների երգանմուշներ. առավելապես՝ Համշենի, Կարնո, Չմշկածագի շրջանների երգեցիկ մշակույթ: Խմբի մասնակցությամբ նկարահանվել է «Կարմրավանքի երգ-պատմությունները» ֆիլմ-համերգը՝ Կարմրավանք (Ղզլքիլիսա) գյուղում կատարված բանահավաքչական աշխատանքների հիման վրա: