Հայ կերպարվեստի նշանավոր ներկայացուցիչ, ճարտարապետական բնանկարի հիմնադիր և ջրաներկի վարպետ Արշակ Ֆեթվաճյանի ծննդյան տարեդարձի առիթով հիշենք նրա կարևոր ժառանգությունը։
Ֆեթվաճյանը մասնագիտական կրթություն է ստացել Կոստանդնուպոլսի Գեղարվեստի կայսերական վարժարանում և Հռոմի Սան Լուկա ակադեմիայում։ Նրա ստեղծագործական ժառանգությունն ընդգրկում է դիմանկարներ, կրոնական և կենցաղային պատկերներ, ազգային տարազներով հայերի կերպարներ, ինչպես նաև Հայոց պատմությանն ու դիցաբանությանը նվիրված աշխատանքներ։
1900–1919 թվականներին Արևելյան և Արևմտյան Հայաստանում նկարիչը ստեղծել է հայկական միջնադարյան եկեղեցիների, Անիի ավերակների և քանդակազարդ բեկորների ավելի քան 2000 ջրաներկ և մատիտանկար։ Այս աշխատանքները կարևոր վավերագրական աղբյուր են հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրության համար։
1918 թվականին Էջմիածնում Ֆեթվաճյանը ականատես է եղել հայ գաղթականների և որբերի ծանր վիճակին։ Այդ տարիներին նա ստեղծել է նաև հայ կանանց և աղջիկների բազմաթիվ պատկերներ՝ պահպանելով նրանց ավանդական տարազների ու կենցաղի տեսքը։
Ֆեթվաճյանը նաև Առաջին Հանրապետության հայկական դրամանիշերի գեղարվեստական ձևավորման հեղինակն է։ Նրա ստեղծագործություններից և արխիվային լուսանկարներից մեկը՝ «Փոքր եղբորը գրկած գաղթական հայ որբուհին» լուսանկարը, այսօր ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։
