Սաիդա Օհանյան. «Երկար ճանապարհ դեպի տուն…»

  • by Éditeur, 21 Մարտի, 2016 in Մշակույթ
787 դիտում
(Նշանակալի իրադարձություն Սոչիի եւ Աբխազիայի համշենահայերի հասարակական-մշակութային կյանքում) «Խնուս» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի Հարավի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մովսես  սրբազանի օրհնությամբ, «Ռուսաստանի հայերի միության» Սոչիի մասնաճյուղի եւ «Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության հետ համատեղ, ինչպես նաեւ «Աբխազիայի հայերի միության» եւ Ադլերի հայերի «Սեւան» միության համագործակցությամբ` 2016 թ. մարտի 11-13-ը Ադլերում, Սոչիի Վերին Բերանդա գյուղում եւ Աբխազիայի Գագրա քաղաքաղում տեղի ունեցան «Տունդարձի ճամփան» ֆիլմի պրեմիերան եւ պատմամշակութային երեկոների շարք նվիրված Արեւմտյան Հայաստանի Խնուս գավառին: Ֆիլմը պատմում է արմատներով խնուսցի Պարույր Գեւորգյանի նախաձեռնած ուխտագնացությունը դեպի Արեւմտյան Հայաստան, որտեղ ուխտավորները անցնելով Հայաստանի մի քանի քաղաքներով` Անի, Կարս, Վան, Բիթլիս, Մուշ, վերջապես հասնում են Խնուսի Բուռնազ գյուղը եւ գտնում են երախտավոր հայորդու Արամ պապի տունը: Առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 2015-ի նոյեմբերին Երեւանի «Մոսկվա» կինթատրոնում, վերջերս` Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանի օրհնությամբ Ստեփանակերտի Երիտասարդության պալատում, իսկ 2016-ի սկզբին` Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան սրբազանի օրհնությամբ Փարիզի «Սուրբ Հովհաննես» եկեղեցում: Պետք է ընդգծել, որ տեղի համայնքային կառույցները բոլոր միջոցառումները կազմակերպել էին շատ բարձր մակարդակով: Ռուսաստանի սեւծովյան ափամերձ տարածքներում եւ Աբխազիայի Հանրապետությունում բնակվող համշենահայերի համար այս թեման կենսական է, հակառակ այն փաստի, որ հայրենի տան կորստից անցել է շուրջ 100 տարի, որը ժամանակավորապես բռնազավթված է մնում Թուրքիայի Հանրապետության կողմից: Զգացվում է, որ մարդիկ տեղեկատվական քաղց եւ այս թեմայով տեսագրական նյութերի կարիք ունեն: Եվ ինչպես պարզվեց մեր անհանգստությունը տեղին չէր եւ Ադլերի մշակույթի պալատի հսկայական դահլիճը լեցուն էր հյուրերով: Միջոցառման բացումը կատարեց եւ այն մինչեւ վերջ վարեց «Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար Սաիդա Օհանյանը: Միջոցառման սկիզբը աղոթքով ազդարարեց Ադլերի Հայ Առաքելական «Սուրբ Սարգիս» եկեղեցու հովիվ Տեր Եզնիկը, ով ներկաներին փոխանցեց Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի Հարավի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մովսես սրբազանի ողջույնի խոսքն ու օրհնությունը: Սոչիի հայերի համայնքի կողմից ողջույնի խոսքով հանդես եկավ Ադլերի հայերի «Սեւան» միության փոխնախագահ Աշոտ Սարյանը, ով կարեւորեց միջոցառումը համայնքի հասարակական - մշակութային կյանքում: Այնուհետեւ ելույթ ունեցան «Վան» վոկալի ստուդիայի սաները, գեղարվեստական ղեկավար Նոնա Սագսյան, ովքեր ներկայացրին «Հայաստան» երգի հայրենասիրական – պարային մշակումը: Ֆիլմի ցուցադրությունից առաջ ճամփորդության մասին պատմեց ֆիլմի սցենարիստ ու հեղինակ, «Խնուս» մշակութային հիմնադրամի ղեկավար Սամվել Մհերյանը: Նրան հաջողվեց մարդկանց հոգու եւ մտքի համար առատ նյութ տրամադրել, որոնք ամրագրվեցին նաեւ էկրանին հայտնվող կադրերով` ճամփորդության առաջին քայլից մինչեւ վերջին ամփոփիչ դրվագը: Տեսածի ազդեցությամբ հյուրերից մեկը` Ժորա Ասատրյանը, մեկ երեկոյի ընթացքում գրեց թախծոտ, բայց հավատով ու հույսով ապագային միտված այս տողերը: Սիրտս լցվեց գորովանքով, Հոգումս բուրմունք է գարնանային, Մեր փոքրերն են երգում միասին, -Կ’փրկենք մեր երկիրը թշնամուց…   Հավատում եմ, դեռ գալու է օրը` Երբ ոտք կդնեմ պապական շեմին, Կնայեմ երկինք` հավատով ես քեզ, -Պահապան սուրբ հողին հայրենի…   Շատ շքեղ եւ զգացմունքային անցավ միջոցառումը Սոչիի Վերին Բերանդա գյուղի մշակույթի տանը: Մշակույթի տան ղեկավար Ազա Չիտչյանը պատրաստել էր ոչ միայն երեկոյի գրավիչ սցենարը, այլեւ իր սաների հրաշալի ելույթները, որոնք հանդես եկան հյուրերով լեփ-լեցուն դահլիճում: Միջոցառման սկզբում աղոթքով ու օրհնությամբ ներկաներին ողջունեց Սոչիի Հայ Առաքելական «Սուրբ Խաչ» եկեղեցու հովիվ Տեր Կոմիտասը: Այնուհետեւ ներկայացվեց Վերին Բերանդա գյուղի ստեղծագործական խմբերի համերգային հրաշալի ծրագիրը: Դա «Հայկի թոռները» պատանի թմբկահարների խումբն էր, «Արեւիկ» պարային համույթը, որը կատարեց համշենահայերի «Ուրախ պարը», «Ծափիկ պարը» եւ հայրենասիրական «Արցախը», Արմինե Զուբովան եւ Կոնստանդին Մսըրլյանը կատարեցին «Ախթամար», «Անդրանիկ», «Յարխուշտա» երգերը, հայկական հինավուրց դուդուկի մեղեդին հնչեց Գագիկ Մկրտչյանի կատարմամբ. Արսեն Նահապետյանը քյամանչայով կատակերգական եւ զվարճալի մեղեդիներ ներմուծեց երեկոյի երաժշտական ծրագրում: Եվ այս հրաշալի կատարումները ուղեկցվում էին համշենահայ հայտնի պոետ ու գրող Գրիգոր Մազլումյանի բանաստեղծություններով` Ազա Չիտչյանի կատարմամբ: Երեկոյի բարձրակետը «Տունդարձի ճամփան» ֆիլմի ցուցադրությունն էր: Հետաքրքիր է, որ միջոցառման ավարտին ժողովուրդը չէր շտապում հեռանալ, մարդիկ կիսվում էին տպավորություններով, քննարկում ֆիլմը: Թախիծն ու խինդը միախառնված զգացողություններ էին առաջացնում, շատերի աչքերում արցունքներ էին, որոնք հրահրված էին ոչ միայն տեսածից, այլեւ մանկության հիշողություններից, տատիկների ու պապիկների պատմածներից բռնազավթված հայրենիքի, ողբերգական իրադարձությունների վերաբերյալ, որոնք առնչվել էին ինչպես նրանց ընտանիքներին, այնպես էլ մեր ողջ ժողովրդին: Որբացած լեռներ ու հովիտներ, քաղաքներ ու գյուղեր, ավերված եկեղեցիներ, ավերակներում հանգրվանած հինավուրց ամրոցների պարիսպներ, որոնք կարծես իրենց անխոս լռությամբ սերունդներին հրավիրում են վերադառնալ ու վերականգնել: Միայն հպարտ «Ախթամարն» է, որ դարերի խորքից բարձրացած, Վանա լճի ջրերի միջով, լսելով Մայր Հայրենիքի հոգոցը, ասես կանչում է դուստրերին ու զավակներին դեպի տուն, վառելու հայրական օջախի կրակը, որպեսզի Աստծո օրհնությունը կրկին իջնի հայրերի ու պապերի սրբազան հողի վրա: Միջոցառումները շարունակվեցին Աբխազիայի Հանրապետությունում, Գագրա քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 3 դպրոցի հանդիսությունների սրահում: Ավանդույթի համաձայն` երեկոն բացվեց Գագրայի Հայ Առաքելական «Ամենափրկիչ» եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Սեդրակի աղոթքի ու ողջույնի խոսքով: Ֆիլմը ներկայացրեց սցենարիստ ու հեղինակ Սամվել Մհերյանը: Հատկանշական է, որ հյուրերի շարքում եւ տարեց այցելուներ էին, ինչպես 98-ամյա Արսեն Համբարձումի Չաքարյանը, ով մասնակցել է 1945 թ. Կարմիր Հրապարակում տեղի ունեցած Հաղթանակի Հաղթահանդեսին, այնպես էլ «Աբխազիայի հայերի միություն» երիտասարդական կազմակերպության անդամներ: Բոլորին տպավորեց Աբխազիայի Հերոս եւ Աբխազիայի հայերի համայնքի ղեկավարներից Գալուստ Տրապիզոնյանի բարեմաղթանքի խոսքը ուղղված միջոցառման մասնակիցներին: Միջոցառումն ավարտվեց Գագրայի «Ամենափրկիչ» եկեղեցի այցելությամբ, որը կառուցվել եւ օծվել էր բոլորովին վերջերս` 2013 թ. նոյեմբերի 6-ին:             Արժե նշել, որ միջոցառուների հաջողությունը հնարավոր եղավ ապահովել Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի Հարավի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մովսես սրբազանի, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի, Սոչիի «Ռուսաստանի հայերի միության» ղեկավարության, մասնավորապես Համայակ Ուստիյանի եւ Վալերա Մուրադյանի, Ադլերի հայերի «Սեւան» միության ղեկավարության` Վաչագան Ավետյանի, Աշոտ Սարյանի եւ Սոնա Մահտեսյանի, ինչպես նաեւ Սոչիի Ադլերի շրջանի ղեկավար Ալեքսանդր Ժիգալկոյի աջակցությամբ, եւ իհարկե Սոչիի ու Ադլերի երիտասարդ հայ կամավորների ջանքերով:             Շնորհակալություն բոլորին:   Սաիդա Օհանյան` թղթակից-ազգագրագետ, «Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար   15 մարտ 2016 թ. Սոչի, Գագրա   1-1-1. - Adler - Ter Eznik 1-2. - Adler -  Ashot Saryan 1-4. - Adler -  Mankakan Ergchakhumb 1-6. - Adler -  Samvel Mheryan 1-8. - Adler -  Filme 1-9. - Adler -  Filme ev Ter Eznik 1-12. - Adleri mshakuyti tun 2-1. - Verin Beranda - Ter Komitas 2-2. - Verin Beranda - Azniv Chityan 2-3. - Verin Beranda - hamshenapar 2-4. -Verin Beranda - par Artcakh 3-1. - Arsen Chakryan - Чакрян Арсен Амбарцумович - 98 лет, амшен, участник Парада Победы 1945 года 3-1-1. - Arsen Chakryan - Чакрян Арсен Амбарцумович - 98 лет, амшен, участник Парада Победы 1945 года 3-2. - Gagra - ter Sedrak 3-3. - Gagra - Galust Trapizonyan 3-4. - Gagra - Amenaprkich ekegheci
Արեւմտեան-Հայաստանի-Ազգային-Ժողովի-ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ-Հարցերու-Մշտական-Յանձնախումբ
Սաիտա Օհանեան. «Երկար ճանապարհ դէպի տուն…» (Նշանակալի իրադարձութիւն Սոչիի եւ Աբխազիայի համշենահայերու հասարակական-մշակութային կեանքին մէջ) «Խնուս» մշակութային հիմնադրամին նախաձեռնութեամբ եւ Հայ Առաքելական Եկեղեցւոյ Ռուսիոյ Հարաւի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մովսէս սրբազանի օրհնութեամբ, «Ռուսաստանի հայերու միութեան» Սոչիի մասնաճիւղի եւ «Համշենուհի» համշենահայերու կանանց միջազգային միութեան հետ համատեղ, ինչպէս նաեւ «Աբխազիայի հայերու միութեան» եւ Ատլերի հայերու «Սեւան» միութեան համագործակցութեամբ` 2016 Մարտ 11-13 Ատլերի, Սոչիի Վերին Բերանտա գիւղի եւ Աբխազիայի Գագրա քաղաքաղին մէջ տեղի ունեցան «Տունդարձի ճամբան» ֆիլմի անդրանիկ ներկայացումն ու պատմամշակութային երեկոներու շարք՝ նուիրուած Արեւմտեան Հայաստանի Խնուս գաւառին: Ֆիլմը կը պատմէ արմատներով խնուսցի Պարոյր Գէորգեանի նախաձեռնած ուխտագնացութիւնը դէպի Արեւմտեան Հայաստան, ուր ուխտաւորները անցնելով Հայաստանի քանի մը քաղաքներով` Անի, Կարս, Վան, Պիթլիս, Մուշ, վերջապէս կը հասնին Խնուսի Բուռնազ գիւղը եւ կը գտնեն երախտաւոր հայորդիի Արամ պապի տունը: Առաջին ցուցադրութիւնը տեղի ունեցած է 2015-ի նոյեմբերին Երեւանի «Մոսկուա» շարժանկար-թատերասրահին մէջ, վերջերս` Հայ Առաքելական Եկեղեցւոյ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանի օրհնութեամբ Ստեփանակերտի Երիտասարդութեան պալատին մէջ, իսկ 2016-ի սկիզբը` Հայ Առաքելական Եկեղեցւոյ Ֆրանսայի թեմի առաջնորդ Վահան սրբազանի օրհնութեամբ Փարիզի «Սուրբ Յովհաննէս» եկեղեցւոյ մէջ: Պէտք է ընդգծել, որ տեղի համայնքային կառոյցները բոլոր ձեռնարկները կազմակերպած էին շատ բարձր մակարդակով: Ռուսաստանի սեւծովեան ափամերձ տարածքներուն եւ Աբխազիայի Հանրապետութեան մէջ բնակող համշենահայերու համար այս թեման կենսական է, հակառակ այն փաստին, որ հայրենի տան կորուստէն անցած է շուրջ 100 տարի, որ ժամանակաւորապէս բռնագրաւուած կը մնայ Թուրքիոյ Հանրապետութեան կողմէ: Կը զգացուի, որ մարդիկ տեղեկատուական քաղց եւ այս թեմայով տեսագրական նիւթերու կարիք ունին: Եւ ինչպէս պարզուեցաւ մեր անհանգստութիւնը տեղին չէր եւ Ատլերի մշակոյթի պալատի հսկայական դահլիճը լեցուն էր հիւրերով: Ձեռնարկին բացումը կատարեց եւ զայն մինչեւ վերջ վարեց «Համշենուհի» համշենահայերու կանանց միջազգային միութեան ղեկավար Սաիտա Օհանեանը: Ձեռնարկին սկիզբը աղօթքով ազդարարեց Ատլերի Հայ Առաքելական «Սուրբ Սարգիս» եկեղեցւոյ հովիւ Տէր Եզնիկը, որ ներկաներուն փոխանցեց Հայ Առաքելական Եկեղեցւոյ Ռուսիոյ Հարաւի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մովսէս սրբազանի ողջոյնի խօսքն ու օրհնութիւնը: Սոչիի հայերու համայնքին կողմէ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Ատլերի հայերու «Սեւան» միութեան փոխնախագահ Աշոտ Սարեանը, որ կարեւոր համարեց ձեռնարկը համայնքի հասարակական – մշակութային կեանքին մէջ: Այնուհետեւ ելոյթ ունեցան «Վան» վոկալի արուեստանոցի սաները, գեղարուեստական ղեկավար Նոնա Սագսեան, որոնք ներկայացուցին «Հայաստան» երգի հայրենասիրական – պարային մշակումը: Ֆիլմի ցուցադրութենէն առաջ ճամբորդութեան մասին պատմեց ֆիլմի սենարիստ ու հեղինակ, «Խնուս» մշակութային հիմնադրամի ղեկավար Սամուէլ Մհերեանը: Ան յաջողեցաւ մարդոց հոգիի եւ մտքի համար առատ նիւթ տրամադրել, որոնք ամրագրուեցան նաեւ պաստառին յայտնուող պատկերներով` ճամբորդութեան առաջին քայլէն մինչեւ վերջին ամփոփիչ դրուագը: Տեսածի ազդեցութեամբ հիւրերէն մէկը` Ժորա Ասատրեանը, մէկ երեկոյի ընթացքին գրեց թախծոտ, բայց հաւատով ու յոյսով ապագային միտուած այս տողերը: Սիրտս լեցուեցաւ գորովանքով, Հոգիիս մէջ բուրմունք է գարնանային, Մեր փոքրերը կ՝երգեն միասին,- պիտի փրկենք մեր երկիրը թշնամիէն… Կը հաւատամ, դեռ պիտի գայ օրը` Երբ ոտք պիտի դնեմ պապական շեմին, պիտի նայիմ երկինք` հաւատով ես քեզ, -պահապան սուրբ հողին հայրենի… Շատ շքեղ եւ զգացմունքային անցաւ ձեռնարկը Սոչիի Վերին Բերանդա գիւղի մշակոյթի տան մէջ: Մշակոյթի տան ղեկավար Ազա Չիտչեանը պատրաստած էր ոչ միայն երեկոյի գրաւիչ սենարը, այլեւ իր սաներու հրաշալի ելոյթները, որոնք հանդէս եկան հիւրերով լեփ-լեցուն դահլիճին մէջ: Ձեռնարկի սկիզը աղօթքով ու օրհնութեամբ ներկաները ողջունեց Սոչիի Հայ Առաքելական «Սուրբ Խաչ» եկեղեցւոյ հովիւ Տէր Կոմիտասը: Այնուհետեւ ներկայացուեցաւ Վերին Բերանդա գիւղի ստեղծագործական խումբերու համերգային հրաշալի ծրագիրը: Ատիկա «Հայկի թոռները» պատանի թմբկահարներու խումբն էր, «Արեւիկ» պարախումբը, որ կատարեց համշենահայերու «Ուրախ պարը», «Ծափիկ պարը» եւ հայրենասիրական «Արցախը», Արմինէ Զուպովան եւ Կոնստանդին Մսըրլեանը կատարեցին «Ախթամար», «Անդրանիկ», «Եարխուշտա» երգերը, հայկական հինաւուրց տուտուկի մեղեդին հնչեց Գագիկ Մկրտչեանի կատարումով. Արսէն Նահապետեանը քեամանչայով կատակերգական եւ զուարճալի մեղեդիներ ներմուծեց երեկոյի երաժշտական ծրագրին մէջ: Եւ այս հրաշալի կատարումները կ՝ուղեկցուէին համշենահայ յայտնի պոէտ ու գրող Գրիգոր Մազլումեանի բանաստեղծութիւններով` Ազա Չիտչեանի կատարումով: Երեկոյի բարձրակէտը «Տունդարձի ճամբանր ֆիլմի ցուցադրութիւնն էր: Հետաքրքրական է, որ ձեռնարկի աւարտին ժողովուրդը չէր շտապեր հեռանալ, մարդիկ կը կիսուէին տպաւորութիւններով, կը քննարկէին ֆիլմը: Թախիծն ու խինդը միախառնուած զգացողութիւններ կ՝առաջացնէին, շատերու աչքերուն մէջ արցունքներ էին, որոնք հրահրուած էին ոչ միայն տեսածէն, այլեւ մանկութեան յիշողութիւններէն, մեծ հայրերու եւ մեծ մայրերու պատմածներէն բռնագրաւուած հայրենիքի, ողբերգական իրադարձութիւններու վերաբերեալ, որոնք առնչուած էին ինչպէս անոնց ընտանիքներուն, այնպէս ալ մեր ողջ ժողովուրդին: Որբացած լեռներ ու հովիտներ, քաղաքներ ու գիւղեր, աւերուած եկեղեցիներ, աւերակներու մէջ հանգրուանած հինաւուրց ամրոցներու պարիսպներ, որոնք կարծես իրենց անխօս լռութեամբ սերունդները կը հրաւիրեն վերադառնալ ու վերականգնել: Միայն հպարտ «Ախթամար»ն է, որ դարերու խորքէն բարձրացած, Վանայ լճի ջուրերուն մէջէն, լսելով Մայր Հայրենիքի հոգոցը, կարծես կը կանչէ դուստրերն ու զաւակները դէպի տուն, վառելու հայրական օճախին կրակը, որպէսզի Աստուծոյ օրհնութիւնը կրկին իջնէ հայրերու եւ մեծ հայրերու սրբազան հողին վրայ: Ձեռնարկները շարունակուեցան Աբխազիայի Հանրապետութեան մէջ, Գագրայ քաղաքի Խ. Աբովեանի անուան թիւ 3 դպրոցի հանդիսութիւններու սրահին մէջ: Աւանդոյթին համաձայն` երեկոն բացուեցաւ Գագրայի Հայ Առաքելական «Ամենափրկիչ» եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Տէր Սեդրակի աղօթքի ու ողջոյնի խօսքով: Ֆիլմը ներկայացուց սենարիստ ու հեղինակ Սամուէլ Մհերեանը: Յատկանշական է, որ հիւրերու շարքին նաեւ տարէց այցելուներ էին, ինչպէս 98-ամեայ Արսէն Համբարձումի Չաքարեանը, որ մասնակցած է 1945-ին Կարմիր Հրապարակին վրայ տեղի ունեցած Յաղթանակի Յաղթահանդէսին, այնպէս ալ «Աբխազիայի հայերու միութիւն» երիտասարդական կազմակերպութեան անդամներ: Բոլորը տպաւորուեցան Աբխազիայի Հերոս եւ Աբխազիայի հայերու համայնքի ղեկավարներէն Գալուստ Տրապիզոնեանի բարեմաղթանքի խօսէն՝ ուղղուած ձեռնարկի մասնակիցներուն: Ձեռնարկը աւարտեցաւ Գագրայի «Ամենափրկիչ» եկեղեցի այցելութեամբ, որ կառուցուած եւ օծուած էր բոլորովին վերջերս` 2013-ի Նոյեմբեր 6-ին: Արժէ նշել, որ ձեռնարկներու յաջողութիւնը հնարաւոր եղաւ ապահովել Հայ Առաքելական Եկեղեցւոյ Ռուսիոյ Հարաւի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մովսէս սրբազանի, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Տիգրան Փաշաբեզեանի, Սոչիի «Ռուսաստանի հայերու միութեան» ղեկավարութեան, մասնաւորապէս Համայակ Ուստիյեանի եւ Վալերա Մուրադեանի, Ատլերի հայերու «Սեւան» միութեան ղեկավարութեան` Վաչագան Աւետեանի, Աշոտ Սարեանի եւ Սոնա Մահտեսեանի, ինչպէս նաեւ Սոչիի Ատլերի շրջանի ղեկավար Ալեքսանդր Ժիգալկոյի աջակցութեամբ, եւ ի հարկէ Սոչիի ու Ատլերի երիտասարդ հայ կամաւորներու ջանքերով: Շնորհակալութիւն բոլորին: Սաիտա Օհանեան` թղթակից-ազգագրագէտ, «Համշենուհի» համշենահայերու կանանց միջազգային միութեան ղեկավար 3-4. - Gagra - Amenaprkich ekegheci-43-2. - Gagra - ter Sedrak3-3. - Gagra - Galust Trapizonyan2-2. - Verin Beranda - Azniv Chityan2-3. - Verin Beranda - hamshenapar2-4. -Verin Beranda - par Artcakh1-12. - Adleri mshakuyti tun1-8. - Adler - Filme1-6. - Adler - Samvel Mheryan1-3. - Adler - Saida Ohanyan3-1. - Arsen Chakryan - Чакрян Арсен Амбарцумович - 98 лет, амшен, участник Парада Победы 1945 года 15 Մարտ 2016 Սոչի, Գագրա