«Irish Cinephile» լրատվականն «Ավրորայի լուսաբացը» ընդգրկել է 2023-ի լավագույն ֆիլմերի շարքում

  • by Western Armenia, 17 Հունվարի, 2024 in Մշակույթ
131 դիտում

Ըստ «Irish Cinephile» կինո և հեռուստատեսային նորությունների լրատվականի՝ ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն կինոն 2023 թվականի 25 լավագույն ֆիլմերի շարքում է:  Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

«Ավրորայի լուսաբացը» անիմացիոն, արխիվային հիբրիդային վավերագրություն է, մարդկային հուզիչ պատմություն, որը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը վերապրած Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանի անցած ճանապարհը, պատմում է, թե  ինչպես նա դարձավ հին Հոլիվուդի համր ֆիլմի աստղ:

Ֆիլմը ցուցադրվել է մի շարք երկրներում և արժանացել մրցանակների, իսկ հնդկաստանյան պրեմիերաները կկայանան հունվարի 20-21-ին:

Կինոնկարի ստեղծմանն աջակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Այն հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսոր և սցենարիստ Իննա Սահակյան, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե: Ֆիլմը ստեղծվել է Զորյան գիտական ինստիտուտի աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա: