«Գյուլիզարի սև հարսանիքը». Թուրքիայում հայ աղջկա դիմադրության պատմության մասին գիրք է լույս տեսել

  • by Éditeur, 02 Ապրիլի, 2015 in Մշակույթ
452 դիտում
Թուրքական Taraf պարբերականի հոդվածագիր Օզլեմ Էրթանը ներկայացնում է վերջերս լույս տեսած «Գյուլիզարի սև հարսանիքը» գիրքն ու իր տպավորությունները: Անդրադարձը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով. «Անցնող օրերի ընթացքում «Արաս» հրատարակչության կողմից հրատարակված «Գյուլիզարի սև հարսանիքը» գիրքը կարդալով՝ իրականությունը ևս մեկ անգամ ըմբռնեցի: Թուրքիայում քուրդ բեյի կողմից առևանգված հայ աղջկա իրական պատմության մասին այս գիրքը ներկայացնում է 1800-ականների վերջերին մի գիշերվա ընթացքում ընտանիքից պոկված Գյուլիզարի պատմությունը, որում նաև ժամանակաշրջանի նկարագրությունը կա: Այդ շրջանում շատ հայ աղջիկներ էին առևանգվել և բռնի իսլամացվել, սակայն Գյուլիզարի պատմությունն այլ էր, և դրա համար էլ հասել է մինչև մեր օրերը: Անկասկած, դրան նպաստող գործոնը եղել է 14-ամյա Գյուլիզարի՝ անխիղճ Մուսա բեյի քայլերի առաջ գլուխ չխոնարհելն ու իր մեջ նրան դիմադրելու ուժ գտնելը: Հենց այդ պատճառով էլ Գյուլիզարի հետ պատահածն այդ ժամանակ Անատոլիայում գտնվող օտար պետությունների ներկայացուցիչներին է լսելի դառնում, և Ստամբուլի իշխանությունը ստիպված է լինում դատել Մուսա  բեյին: Արդյունքում՝ Մուշի և Բիթլիսի մոտակայքում բնակվող հայկական գյուղերում նրա իրականացրած կողոպուտների, իրեն դիմադրողներին անխղճորեն սպանելու պատմությունները լսելի դարձան և հիշվեցին: Մուշի հայտնի ընտանիքներից մեկի դուստրն էր Գյուլիզարը: Խելացի էր և գեղեցիկ: Մի հարսանիքի ընթացքում Մուսա բեյի հետ ծանոթությունը փոխեց նրա կյանքը: Մուսա բեյի մարդիկ առևանգեցին Գյուլիզարին: Քուրդ հոգևորականներն արդեն իսկ չորս կին ունեցող Մուսա բեյին թույլ չտվեցին ամուսնանալ, և նա Գյուլիզարին ամուսնացրեց իր եղբոր՝ Ջեզահիրի հետ: Անունը Ֆաթմա դարձավ, նրան ստիպեցին հրաժարվել հայ լինելուց և մուսուլման դառնալ, սակայն նա չխոնարհվեց: Այդ պատճառով ստորացվեց, տանջանքներ տեսավ, մեկ աչքը կորցրեց: Երբ այդ դեպքի մասին ողջ Անատոլիան լսեց և դեմ դուրս եկավ, Մուսա բեյը դատարանի առաջ կանգնեց: Չնայած իրեն ու իր ընտանիքին ուղղված սպառնալիքներին՝ Գյուլիզարը դատարանի դահլիճում պատմեց ողջ ճշմարտությունը, ասաց, որ բռնությամբ են իրեն փախցրել և որ ցանկանում է ընտանիքի մոտ վերադառնալ: Սակայն ժամանակաշրջանի ղեկավարների հովանավորությունը վայելող Մուսա բեյը փոքր պատիժ ստացավ: Ավելի ուշ գլխավորեց Անատոլիայի հայերին կոտորած Համիդյան խմբերը: Գյուլիզարի պատմությունը Հայոց ցեղասպանությունից առաջ Անատոլիայի հայերի վերապրած ցավերն է ներկայացնում: Մուսա բեյի և ժամանակի իշխանության կողմից աջակցություն ստացող նրա նմանների դաժանություններին դեմ դուրս գալու համարձակություն ունեցած փոքրիկ աղջկա միջոցով պատմության ցավերն է ի ցույց դնում»: Լուսանկարում՝ Օզլեմ Էրթանը   http://www.tert.am/am/news/2015/04/01/book-girl-taraf/1634056