Հայր Անդրանիկ Ծ.Վ. Այվազյան. «Իսլամացած հայերի սրտում բոց կա…»

  • by Éditeur, 21 Սեպտեմբերի, 2016 in Ազգային Քաղաքականություն
487 դիտում
«Հայերն այսօրը» շարունակում է անդրադառնալ իսլամացած հայերի խնդրին և զրուցել այն մարդկանց հետ, որոնք այս կամ այն կերպ առնչվել են նրանց հետ: Պատմում է Կաթոլիկ եկեղեցու Սիրիայի Ջեզիրեի շրջանի առաջնորդ հայր Անդրանիկ Ծ.Վ. Այվազյանը. - 13-14 տարի առաջ էր, երեկոյան, մոտավորապես ժամը 10:30-ին, ինչ-որ մեկն ուժեղ թակում էր մեր եկեղեցու դուռն ու գոռում: Երբ դուրս եկանք, տեսանք, որ մի ծերունի, լալկան աչքերով, գոռում էր` հայ եմ ուզում, հայ եմ ուզում: Երբ մոտեցանք նրան, ասաց, որ ուզում է մի հայ վարդապետի, քահանայի, պատասխանատուի, ինչ-որ մեկի հետ խոսել: Հարցրի` ինչ ես ուզում, ասաց` ուզում եմ իմ ներսի կրակը «հաղորդել»: Ու սկսեց պատմել. «Անունս Օստա Մուսա է, Ամուդա ավանից եմ: Մինչ օրս կարծում էի, որ իմ քուրդ հայրն իմ հայրն է: Բայց մայրս, հոգին չավանդած, ինձ կանչեց ու ասաց` Մուսա´, ես արդեն «մեկնում» եմ և ուզում եմ քեզ մի գաղտնիք ասել: Քո քուրդ հայրը քո հայրը չէ, նա քո հոր, քո գերդաստանի մարդասպանն է: Կարծես երկինքը փուլ եկավ գլխիս, ոչինչ չէի տեսնում, ոչինչ չէի հասկանում: Եթե «հայրս» ողջ լիներ` կսպանեի: Անցյալը փոխել չեմ կարող, բայց շատ բաներ շտկելն ինձանից է կախված: Ու հիմա, երբ գիտեմ որ հայ եմ, ուզում եմ, որ անմիջապես իմ զավակները, թոռնիկները, ես հայանանք»: Ես կնքեցի և´ նրան, և´ նրա զավակներին ու թոռներին: Այս դեպքից հետո Ամուդա ավանում մի քանի ընտանիք սկսեցին խոստովանել, որ իրենք հայ են: Եթե առաջ վախի, սարսափի մեջ չէին կարողանում իրենց ով լինելը բարձրաձայնել, կամաց-կամաց սկսեցին համարձակություն ձեռք բերել: Սկսեցին իրենց անունները հայացնել, մեկը նույնիսկ կարողացավ իր մահմեդական ազգանունը հայացնել: Հետո Կամիշլիի տարբեր գյուղերից ու ավաններից մարդիկ սկսեցին գալ ու ասել, որ իրենք էլ են հայ: Մի անգամ էլ Հասաքե քաղաք էի գնացել, երբ ինձ ասացին, որ Ճապուռ ցեղախմբի անդամներն ուզում են տեսնել ինձ: Երբ հանդիպեցինք, նրանք ասացին, որ իրենց ցեղախմբի բժիշկը երեկ է մահացել, իսկ հոգին չավանդած հետևյալ խնդրանքով է դիմել. «Ես Ձեզ հետ որպես մուսուլման եմ ապրել, բայց վերջին փափագս է` թաղեք ինձ հայկական գերեզմանոցում և հայկական ծեսով»: Ու հիմա իրենք չեն կարող նրա խնդրանքը չկատարել: Մենք հայկական ծեսով թաղում կատարեցինք: Պատկերացնում եք, թափորի հետևից հարյուրավոր մեքենաներով իրենց բժշկին հրաժեշտ էին տալիս ցեղախմբի շեյխեր, ղեկավարներ: Բոլորն այնքան երջանիկ էին, որ կարողացան իրականացնել այս մարդու փափագը, վերջին ցանկությունը: Անկարելի է տեսնել այդպիսի իրավիճակ ու անտարբեր մնալ: Այսօրինակ պատմությունները, որոնք անգամ ամենազուսպ մարդկանց աչքերից արցունքներ են կորզում, շատ են: Սրանից 6 ամիս առաջ մեկ օրվա ընթացքում 17 մկրտություն եմ արել: Արդեն 7-րդ տարին է, որ դիմել եմ Հայաստանի կառավարությանը, որ այդ մարդկանց կամ Արցախ ուղարկեն կամ Հայաստանի որևէ գյուղում բնակվելու իրավունք տան: Ասում են` այո, բայց առայժմ ոչ մի տեղաշարժ: Նրանք հրաշալի արհեստավորներ են, գյուղատնտեսներ, կարող են օգտակար լինել Հայաստանին: Նրանց սրտում բոց կա, ուզում են կորցրած տարիները վերադարձնել, շահել և ցույց տալ, որ իրենք իսկական, մաքուր հայ են: Իսրայելը Հաբաշիստանից խափշիկներ (նեգր) է բերում ու բնակեցնում իր երկրում զուտ այն պատճառով, որ ընդունել են իրենց կրոնը: Իսկ զտարյուն հայերին, ովքեր 99 տարի համբերել են, որպեսզի կարողանան արտահայտվել, ասել, որ հայ են` հայրենիքը նրանց դեռ չի ընդունում: Ափսոս, որ հայ ազգը երբեք հեռատես չի եղել, ինչն էլ փաստում են մեր պատմության ցավալի էջերը: Սիրտս ցավում է, որ այդ ընտանիքներից մեկը Բուլղարիա գնաց, մյուսը` Քուրդիստան, մի ընտանիք էլ` Պոլիս: Մյուսները տակավին սպասում են, որ մենք պիտի օգնենք: Այս է մեր իրավիճակը: Անկախ եկեղեցական պատկանելությունից` մենք հայաստանյան եկեղեցու և մեր հայրենիքի զավակն ենք: Հայրենասիրությունը միայն լոզունգներով չի սահմանափակվում, հայրենասիրությունը խոսքերով չի արտահայտվում: Հայաստանը մոտ 30 հազար քառակուսի կմ տարածք ունի, եթե 3 միլիոն կարողանում է «ապրեցնել», աշխարհի վե՞րջը պիտի լինի, եթե 300 հոգի ավելանան: Երբ համշենահայը ասում է` ես հայ եմ, բայց մուսուլման եմ մնալու, և մենք նրան ընդունում ենք որպես հայ: Իսկ իսլամացած հայն ասում է` ես հայ եմ, պատրաստ եմ մկրտվելու և քրիստոնեություն ընդունելու, հակառակ իր կյանքին սպառնացող վտանգներին, մենք նրանից երես ենք թեքում: Մի՞թե սա արդարացի է: Շատերն են ինձ հարցնում, թե անվերապահորեն կարելի՞ է նրանց հավատալ, վստահել: Իմ պատասխանը հստակ է` միանշանակ, տասնյակ տարիներ ի վեր ի՞նչ շահ ունեն իրենց ինքնությունը բացահայտելու: Ընդհակառակը, վտանգեցին իրենց կյանքը, ապահովությունը, շատերը կորցրեցին իրենց աշխատանքը, խզվեցին հարևանների հետ հարաբերությունները: Մարդիկ նրանց նայում են որպես գյավուր, անհավատ: Իսկ մենք կարող են այդ մարդկանց օգնել այդ մարդկանց, հայ պահել, բայց պետությունը ոչինչ չի անում, ի՞նչ է, Սիրիա՞ն պետք է նրանց հայությունը փաստի: …Ես պետք է մահանամ և աչքերս պիտի չտեսնեն այս «բեկորների» մուտքը Հայաստան… Պատրաստեց Լուսինե Աբրահամյանը   http://hayernaysor.am/%D5%A1%D5%B6%D5%A4%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB%D5%AF-%D5%A1%D5%B5%D5%BE%D5%A1%D5%A6%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AB%D5%BD%D5%AC%D5%A1%D5%B4%D5%A1%D6%81%D5%A1%D5%AE-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%AB/