Սամվել Կարապետյանը հայտնվել է Վրաստանի անցանկալի մարդկանց ցուցակում

  • by Éditeur, 24 Դեկտեմբերի, 2015 in Ազգային Քաղաքականություն
485 դիտում
«Սովորաբար այն մարդիկ, ովքեր հայտնվում են որևէ երկրի անցանկալի մարդկանց ցուցակում, քաղաքական գործիչներ են լինում. թեև ես քաղաքական գործիչ չեմ, բայց համոզված եմ, որ դա կապված է իմ գործունեության հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պարզաբանելով, թե ինչու է ինքը հայտնվել Վրաստանի անցանկալի մարդկանց ցուցակում՝ ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Նա պատմեց, որ իրենք այս տարվա հոկտեմբեր ամսին իրենց հերթական ճամփորդությունն էին իրականացնում, երբ նրան Վրաստանի սահմանին հայտնել են, որ ինքը չի կարող գնալ Վրաստան՝ առանց որևէ պարզաբանման: «Ես հաջորդ օրը Հայաստանում Վրաստանի դեսպանին նամակ գրեցի՝ պարզաբանում ստանալու համար, սակայն առ այսօր լռություն է, որևէ արձագանք չկա: Ես հանդիպեցի մեր մշակույթի նախարարի հետ, Արտգործնախարարությանը նամակ գրեցի, բայց չեմ էլ կարծում կամ հույս չունեմ, որ կարգավիճակը կփոխվի: Ես օրենք կամ կարգ չեմ խախտել ու վստահ եմ, որ գործունեությունս է պատճառը, որ նման իրավիճակ է ստեղծվել: Մշակույթի նախարարը նույն օրը Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ է հանդիպել ու ներկայացրել նրան, Վիգեն Սարգսյանը խնդիրը կարևորել է ու ցանկացել է նախագահին ներկայացնել: Մշակույթի նախարարն ասաց, որ Վրաստանի ներկայիս մշակույթի նախարարի հետ լավ համագործակցում են, ու կխոսի նրա հետ այդ հարցի շուրջ: Դեռ որևէ այլ նորություն չկա: ԱԳՆ-ն պաշտոնապես մի նամակ ուղարկեց, որ իրենք շատ կարևորում են մեր աշատանքը, բայց ուրիշ հարցերը ներառված չէր պատախանի մեջ»,- նշեց Ս. Կարապետյան: Նա կարծում է, որ այս ամենը կապված է 1995 թվականից սկսած իր գործունեության հետ, երբ ինքը սկսել է բարձրաձայնել, նյութեր պատրաստել այն մասին, որ 650 հայկական եկեղեցի գտնվում է Վրաստանում. «Վրաց մամուլն անմիջապես հեղեղվեց նյութերով, որ սա մի զեղծարարություն է՝ ի՞նչ է նշանակում 650 հայկական եկեղեցի Վրաստանում: Բայց ես ամեն մի տողի համար պատասխանատու եմ: Ես այդ տարիների մի քանի թերթերին հոդվածներ էի տալիս, «1700-ամյակին` Թբիլիսին առանց հայկական եկեղեցիների» վերնագրով հոդված ունեի: Որոշեցի, որ եթե մի գիրք hրապարկեմ, վրացական կողմը կհասկանա, որ իր հանցագործություններն աննկատ չի անցել, աշխարհով մեկ ինքը խայտառակ է եղել»: Խոսելով իր նշած հայկական հուշարձանների պահպանության խնդրի մասին՝ Ս, Կարապետյանը նշեց, որ դրա համար պետք է ճիշտ պետական քաղաքականություն. «Մենք հիմա պետական քաղաքականություն այդ ուղղությամբ չենք վարում, կամ՝ գոհացուցիչ չէ: Հնարավոր է լուծել այդ խնդիրը, եթե այն կարևորվի»: Աղբյուրը <a href="http://168.am/2015/12/16/575140.html">© 168.am</a></br>