Անկարայի հայերի պատմությունը՝ նոր ուսումնասիրության մեջ

  • by Editbeglari, 03 Սեպտեմբերի, 2026 in Լուրեր
144 դիտում

Անկարացի գրող և քաղաքի պատմության ուսումնասիրող Յավուզ Իշչենը նոր աշխատություն է հրատարակել՝ նվիրված Անկարայի հայ համայնքի պատմությանը, նրա ձևավորմանը, զարգացմանն ու կործանմանը։

Ուսումնասիրությունը բաղկացած է երեք հիմնական բաժնից։ Առաջինում ներկայացվում են հայերի ծագումն ու Հայաստանի պատմությունը, երկրորդում՝ Անկարայի հայերի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքը, նրանց բնակության թաղամասերը, եկեղեցիները, վանքերն ու դպրոցները։ Երրորդ բաժինը նվիրված է հայերի տեղահանությանը, ունեցվածքի թալանին և 1916 թվականի Անկարայի հրդեհին։

Հեղինակը փաստաթղթերի, քարտեզների և լուսանկարների միջոցով ներկայացնում է, թե ինչպես են հայաբնակ թաղամասերի հրդեհներն ու թալանը ոչնչացրել քաղաքի պատմական և բազմամշակութային ժառանգության մեծ մասը։ 1916 թվականի հրդեհը ոչ միայն ավերեց հայկական տներն ու հաստատությունները, այլև վերացրեց Անկարայի հայկական անցյալի բազմաթիվ հետքերը։

Գիրքը կարևոր աղբյուր է Անկարայի հայ համայնքի պատմությունը, նրա բռնի տեղահանությունն ու մշակութային ժառանգության կորուստը հասկանալու համար։