Արևմտյան Հայաստանը և արդյունաբերությունը

  • by Western Armenia, 25 Մայիսի, 2024 in Պատմություն
31 դիտում

Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրության արտաքին եւ ներքին խոշոր առեւտրում, արդյունաբերական արտադրության մեջ, բանկային գործերում հայերն ազդեցիկ դիրք էին գրավում: Նրանք իրենց ձեռքում էին կենտրոնացրել երկրի տնտեսական կարեւոր լծակները: Հայկականի համեմատությամբ, թուրք բուրժուազիան ածանցյալ վիճակում էր եւ օսմանյան տնտեսության մեջ նշանակալի տարր չէր կազմում:

Երիտթուրքական իշխանությունները խիստ մտահոգված էին, որ հայերի տնտեսական եւ նյութական հզորացումը հիմք է դառնալու նրանց վաղվա քաղաքական հաղթանակների համար: Աստիճանաբար թուրք իշխանությունների մոտ ուժեղանում էր այն մտայնությունը, որ վաղ թե ուշ երեկվա հպատակ հայը տիրանալու է իրենց իշխանությանը, ինչպես դա արել էին տնտեսության ասպարեզում: 

Հայերի դեմ իրականացված ցեղասպանության կազմակերպիչները, քաղաքական նպատակներ հետապնդելուց զատ, մտադիր էին նաեւ ազատվել հայերի տնտեսական մրցակցությունից: Բնաջնջելով Օսմանյան կայսրությունում ապրող հայերին՝ երիտթուրքական իշխանությունները տնտեսական ասպարեզից վերացրին իրենց հզոր մրցակցին, նրանց ինչքերի, հարստության հաշվին կարողացան հոգալ պատերազմական մեծագումար ծախսերը, վճարել երկրի անկախությանը սպառնացող արտաքին ահռելի պարտքերը:

Հայերի դարերի տքնությամբ ստեղծված ունեցվածքի յուրացումով հետագայում ստեղծեցին ազգային բուրժուազիա, իսկ արդեն հանրապետության շրջանում կարողացան ամբողջապես թրքացնել երկրի տնտեսությունը:

Թե ինչ դիրք էին գրավում հայերն Օսմանյան կայսրություն տնտեսության մեջ՝ կփորձեք ուրվագծել ստորեւ:

Օսմանյան կայսրությունում պետական պաշտոնյաների ընտրության ժամանակ հաշվի էին առնվում ոչ թե անձերի արժանիքներն ու կարողությունները, այլ նրանց ազգային եւ կրոնական ծագումը: Գրեթե ողջ պաշտոնեությունը, զինված ուժերը, ոստիկանությունը եւ դատական մարմինները կազմված էին մահմեդականներից, մեծամասնությամբ՝ օսմանցի թուրքերից: Իրենց վերապահելով իշխողի դերը` նրանք երկրի ամբողջ տնտեսական դաշտը թողել էին ոչ թուրք տարրերին: Օսմանցի թուրքերը քաղաքակրթական այն մակարդակը չունեին, որպեսզի կարողանային վարել եւ զարգացնել երկրի տնտեսությունը, ուստի ստիպված էին օգտվել իրենց գրաված երկրների բնիկ քաղաքակիրթ ժողովուրդների փորձառությունից:

Հայերը, որ Առաջավոր Ասիայի քաղաքակրթության հնագույն կրողներն էին, Օսմանյան կայսրության մյուս հպատակ ազգերի հետ, ավելի քան հինգ դար, տքնեցին կայսրության տնտեսությունը բարգավաճ պահելու համար: Զրկված լինելով վարչական եւ զինվորական գործունեության հնարավորությունից` օսմանյան պետության մեջ առեւտուրն ու արհեստները դաձան այն թույլատրված ասպարեզները, ուր հայերը կարող էին փոքրիշատե ազատ կերպով դրսեւորել եւ զարգացնել իրենց ունակությունները:

Սուլթաններն իրենց գրաված քաղաքներում անմիջապես հայեր էին բնակեցնում:

Սուլթան Մուհամեդ Ֆաթիհը 1453 թ. իր ոտքը Կոստանդնուպոլիս դնելուց քիչ անց, ավերված քաղաքը վերաշինելու եւ գեղեցկացնելու նպատակով, հրամայեց հայ արհեստավորներ եւ առեւտրականներ տեղափոխել մայրաքաղաք: Հայ շինարար բազկի եւ ճարտար արհեստավորների կարիքը պետք է զգային սուլթան Ֆաթիհի հաջորդները եւ պարբերաբար հայեր տեղափոխեին Կոստանդնուպոլիս:

XV դարից Կոստանդնուպոլսում սկսեցին բազմանալ հայ առեւտրականների խանութները, առանձին շուկաները, խաներն ու վաճառատները: Միջերկրական եւ Սեւ ծովերից դեպի Իրան եւ Հնդկաստան տարանցիկ առեւտուրը հիմնականում կատարում էին հայ վաճառականները:

Կայսրության մյուս տնտեսական կարեւորագույն կենտրոնի՝ Զմյուռնիայի հայ առեւտրականները կապված էին եվրոպական երկրների հետ: Այստեղից ամեն օր հայկական քարավաններ էին ուղեւորվում Պարսկաստան եւ ասիական մայրցամաքի այլ երկրներ: Հայ առեւտրականներից գանձվող մաքսահարկերը կազմում էին սուլթանական գանձարանի եկամտի կարեւորագույն աղբյուրներից մեկը: XVI-XIXդդ. հայ վաճառականները մեծ նպաստ են բերել Օսմանյան կայսրության առեւտրի զարգացմանը` էապես նպաստելով Ասիայի եւ Եվրոպայի միջեւ ապրանքափոխանակությանը: