Արևմտյան Հայաստանի հայերի հարցի շուրջ

  • by Western Armenia, 08 Դեկտեմբերի, 2023 in Պատմություն
92 դիտում

1918թ. սկզբին Անդրկովկասյան կոմիսարիատը որոշում է դադարեցնել իր գործունեությունը, փոխարենը ստեղծել ներկայացուցչական մարմին, որը կզբաղվեր Անդրկովկասի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրների լուծմամբ։ Այդ խնդիրների թվում առաջնայինը Թուրքական իշխանության  հետ հաշտության բանակցություններն էին։

Ստանալով թուրքական կողմի հեռագիրը՝ Կոմիսարիատը խոստացել էր երեքշաբաթյա ժամկետում պատասխանել, իսկ վերջնական որոշումը պետք է ընդուներ նոր ձեւավորված Անդրկովկասյան սեյմը։

Սեյմի առաջին նիստը հրավիրվում է 1918թ. փետրվարի 10-ին։ Պատգամավորները ընտրվել եւ բաշխվել էին կուսակցական եւ միավորումների սկզբունքով։ Ամենամեծը սոցիալ-դեմոկրատ մենշեւիկների խմբակցությունն էր, որն ուներ 32 պատգամավոր։ Երկրորդ տեղում էր «Մուսաֆաթ եւ անկուսակցականների խմբակ»-ը՝ 30 անդամով։ Հայերը ունեին 27 պատգամավոր՝ Ռոստոմը, Կոստի Համբարձումյանը, Համո Օհանջանյանը, Հակոբ Զավրյանը, Հովհաննես Քաջազնունին, Սիմոն Վրացյանը, Ալեքսանդր Խատիսյանը, Խաչատուր Կարճիկյանը եւ ուրիշներ։ Սեյմի երկրորդ նիստում՝ փետրվարի 13-ին, նախագահ է ընտրվում Նիկոլայ Չխեիձեն, այնուհետեւ ելույթ է ունենում Գեգեչկորին։ Կոմիսարիատի կառավարման ժամանակաշրջանում ի հայտ եկած բարդությունների մասին խոսելուց հետո Գեգեչկորին անդրադառնում է հաշտության խնդրին․

«Իմ ձեռքումն է զինադադարին եւ հաշտությանը վերաբերյալ մի դոկումենտ։ Մեզ վրա հավաքվում են ահարկու խավար ամպեր։ Թե ինչպես պետք է խափանել կայծակը, դա կվճռի Սեյմը։ Համենայնդեպս, հաշտության հարցը գրավում է առաջնակարգ տեղ։ Ըստ երեւույթին՝ Անդրկովկասի համար նա կարող է լուծվել բավականին նպաստավոր կերպով»: Թուրքիայի հետ «դեմոկրատական հաշտությունը» ձեռք էր բերվելու  նախեւառաջ հայերի հաշվին, քանի որ պատերազմի ժամանակ ռուսական բանակն առաջացել էր Արեւմտյան Հայաստանի տարածքում։ 

Հաշտություն առանց անեքսիայի

Փետրվարի 15-ին կայացած Սեյմի հերթական նիստում մեծամասնությունը գտնում էր, որ պետք է հաշտություն կնքել Թուրքական իշխանության  հետ, սակայն նույն սկզբունքով, որով առաջնորդվում էին բոլշեւիկները՝ առանց անեքսիայի, ռազմատուգանքի եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա։

Այս մոտեցմանը դեմ էին արտահայտվում «Մուսաֆաթ»-ի ներկայացուցիչները եւ մենշեւիկների ղեկավար Նոյ Ժորդանիան։ Ըստ նրա՝ «Անդրկովկասը չի կարող կնքել ամոթալի հաշտություն Թուրքիայի հետ. ավելի լավ է պատվով մեռնել»։

Ժորդանիայի ելույթն ուշագրավ դրվագներ էր պարունակում նաեւ Անդրկովկասում բնակվող ժողովուրդների տարածքային խնդիրների վերաբերյալ։ Նա նշում էր, որ Անդրկովկասում ազգամիջյան բախումներից խուսափելու միակ տարբերակը բոլոր ազգերի իրավահավասարությունն է։

«Ամեն մի ազգ, որպեսզի ունենա ինքնորոշվելու հնարավորություն, պահանջ ունի տերիտորիայի։

Սակայն մեզ մոտ, Անդրկովկասում համարյա ոչ մի ազգություն չի կարող ստանալ այնպիսի միահարթ տերիտորիա, որպեսզի դրա մեջ չլինի ուրիշ ազգի անդամների մեծ թիվ։ Եթե գործը այդպես է, ուրեմն հնարավոր է, որ ամենուրեք ազգային մեծամասնությունը կհալածե ազգային փոքրամասնության, այսինքն՝ չլուծված կմնա հենց այն հարցը, որը պետք է լուծվի, իմա՝ ազգային հարցը»,- ասում էր Ժորդանիան։

Հայ հեղափոխական դաշնակցության դիրքորոշումը ներկայացնում է Հովհաննես Քաջազնունին․

«Դաշնակցության ֆրակցիան դնում է հերթից դուրս պատերազմը վերջացնելու եւ Ռուսաստանի հեղափոխական դեմոկրատիայի ազդարարած սկզբունքներով հաշտություն կնքելու հարցը՝ հաշտություն առանց բռնագրավումի եւ ռազմատուգանքի՝ ժողովուրդների ինքնորոշման հիմունքներով։ Մեր ճակատում այս սկզբունքը պետք է հանգի Թուրքահայաստանի ինքնավարության ստեղծման»։

Ամենամտահոգիչն այն կետն էր, որտեղ նշվում էր, որ Թուրքիային պետք է վերադարձվեն այն տարածքները, որոնք նա կորցրել է միապետական Ռուսաստանի դեմ պատերազմում։ Այսինքն՝ Թուրքիայի հետ «դեմոկրատական հաշտությունը» ձեռք էր բերվում նախեւառաջ հայերի հաշվին, քանի որ պատերազմի ժամանակ ռուսական բանակն առաջացել էր Արեւմտյան Հայաստանի տարածքում։ Ինչ վերաբերում էր Թուրքահայաստանին, ապա այնտեղի հայերն ու ասորիները կարող էին ստանալ ինքնավարություն։ Բացի այդ, Սեյմի առաջ քաշած մոտեցումը, թե Թուրքիայի հետ պետք է կնքվեր վերջնական հաշտություն, նշանակում էր, որ ի դերեւ էին ելնում հայերի բոլոր այն հույսերը, թե Հայկական հարցը կարող է լուծվել միջազգային դաշնագրերով կամ դաշնակից պետությունների աջակցությամբ։

«Հորիզոն» թերթն առավել լավատեսորեն էր տրամադրված։ Նախ արձանագրում էր, որ հաշտության հանձնաժողովի Սեյմում միաձայն ընդունված եզրակացությունը եւ թուրքերի հետ բանակցություն սկսելը նշանակում էր, որ Անդրկովկասը հանդես է գալիս որպես առանձին պետություն։ «Իր այս քայլով Անդրկովկասը կամա, թե ակամա մի պահ դադարում է պետական մասնիկի դեր կատարելուց եւ իր վրա է առնում ինքնիշխան եւ անկախ պետության սեփականությունը կազմող ֆունկցիաներից մեկը՝ արտաքին հարաբերությունները»,- գրում էր թերթը։

Կադետական կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Սեմյոնովը Սեյմում հայտարարել էր, որ «Անդրկովկասը Ռուսաստանից անջատելով՝ դուք կերթաք ավելի առաջ, դուք ստիպված կլինեք Ադրբեջանը եւ Վրաստանը անջատել Անդրկովկասից, Հայաստանը անջատել Անդրկովկասից... Անկախություն հայտարարելուց հետո դուք կմտնեք թուրքական օրիենտացիայի մեջ, ակամա կդառնաք Թուրքիայի մեկ մասը կամ նրանից կախված, կամ նրա հովանավորության տակ։ Դուք կընկնեք պետությունների այն խմբի մեջ, որը պատերազմում է Անգլիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դեմ»։ 

Հետագայում Վրացյանը գրում էր, որ Սեմյոնովը ճիշտ էր ներկայացնում իրադրությունը. «Անդրկովկասը արագ քայլերով շարժվում էր Թուրքիայի գիրկը։ Հայերը պայքարում էին դրա դեմ, եւ նրանց ընդդիմության պատճառով անկախության հարցի լուծումը հետաձգվեց»։

Անդրադառնալով Ռուսաստանից հեռանալու տեսակետին՝ «Հորիզոնը» գրում էր, որ ոչ թե Անդրկովկասն է երես դարձրել Ռուսաստանից, այլ հակառակը։ «Ռուսական ծայրագավառներից ոչ մեկն այնքան երկար ու համառ կառչած չմնաց Ռուսաստանին. նա շարունակում է այսօր էլ իր երեսը դարձրած պահել դեպի հյուսիս, բայց այդ հյուսիսը, դժբախտաբար, ավելի ու ավելի է հեռանում եւ թխպոտ դառնում»։

Սեյմի բոլոր պատգամավորների, այդ թվում՝ մահմեդականների միաձայն քվեարկությունը, հօգուտ թուրքահայերի ինքնորոշման, հույս էր արթնացրել, թե Անդրկովկասի ժողովուրդները հասկացել են, որ առանց այդ հարցի լուծման Անդրկովկասում հնարավոր չէ խաղաղություն հաստատել։

Փետրվարի 22-ին Անդրկովկասյան սեյմը սկսում է քննարկել Անդրկովկասը անկախ դեմոկրատական հանրապետություն հռչակելու հարցը։ Նախաձեռնությունը պատկանում էր Նոյ Ժորդանիային եւ Սեյմի մահմեդական պատգամավորներին։

Գլխավոր փաստարկն այն էր, որ անկախություն հռչակելու դեպքում թուրքերը ետ կկանգնեն Բաթումի եւ Կարսի նահանգները պահանջելուց։ Մինչ այդ, թուրքական կողմն արդեն համաձայնել էր բանակցություններ սկսել Անդրկովկասի ներկայացուցիչների հետ։ Վեհիբ փաշան փորձել էր բանակցություններն անցկացնել Թիֆլիսում, ապա՝ Բաթումում, սակայն Անդրկովկասյան սեյմը թուրքերի հետ հանդիպման համար ընտրել էր Տրապիզոնը։ Փետրվարի վերջին հայերից, վրացիներից եւ ադրբեջանցիներից բաղկացած բազմանդամ պատվիրակությունը մեկնում է Տրապիզոն։

Շարունակելի․․․