Արևմտյան Հայաստանի հայերի հարցի շուրջ

  • by Western Armenia, 09 Դեկտեմբերի, 2023 in Պատմություն
64 դիտում

1918թ. հունվարի վերջին՝ Երզնկայի անկումից հետո, թուրքական բանակն մեկը մյուսի հետեւից գրավում էր նախկինում ռուսական բանակի վերահսկողության տակ գտնվող շրջանները եւ շարժվում դեպի Կարին։ Հզոր բերդաքաղաքը, որը համարվում էր Արևմտյան Հայաստանի բանալին, ռուսական 25-հազարանոց բանակը գրավել էր 1916թ. փետրվարի սկզբին։ Թուրքական հարձակումը զուգահեռ պետք է շարունակվեր նաեւ Արդահան-Բաթում, Տրապիզոն-Բաթում, Բաթում-Թիֆլիս ուղղություններով։ Փետրվարի 10-ին թուրքերը մուտք են գործում Տրապիզոն, որտեղ մի քանի օր անց սկսվում է Անդրկովկասյան պատվիրակությունների հետ բանակցությունների հերթական փուլը, որի ամբողջ ընթացքում թուրքական բանակը շարունակում էր ռազմական գործողությունները։

1918թ. փետրվարին Կարինում կենտրոնացել էին հայկական մի քանի զինվորական ստորաբաժանումներ, մեծ թվով փախստականներ, Երզնկայից եւ այլ վայրերից նահանջած հայկական ուժեր։ Փետրվարի սկզբին Կարին է գործուղվում Անդրանիկը, որին շուտով սկսում են միանալ հիմնականում արեւմտահայերից կազմված կամավորական տարբեր ջոկատներ։ Քաղաքի ներքին դրությունն անկայուն էր. նահանջի ընդհանուր տրամադրությունը, զորքի բարոյալքումը, կենտրոնական ղեկավարության ու հրամանատարության բացակայությունը քայքայել էր պաշտպանունակությունը։ Բացի այդ, Կարինում կար բավականին լավ զինված շուրջ 25 հազար թուրք բնակչություն, որն անհամբեր սպասում էր Վեհիբ փաշայի բանակին։

Գրող Վահան Թոթովենցը, որն Անդրանիկի զորամասերի կազմում մասնակցել է ռազմական գործողություններին, «Զորավար Անդրանիկ եւ իր պատերազմները» գրքում նկարագրում է Էրզրումում (Կարինում) ստեղծված դրությունը.

«Կար այստեղ Մոսկվայի հայկական կոմիտեն իր լիազորով։ Ասիկա կես քաղաքական մարմին էր, որովհետեւ մեկ քանի տարի է ի վերջո գործած էր Կարնո մեջ եւ վարկ ձեռք բերած։ Կոմիտեն իր ձեռքին տակ ուներ մթերանոցներ եւ զորք։

Կար այստեղ Ազգային խորհուրդը, կար այստեղ Հայաստանի ապահովության խորհուրդը, Թորգոմը իր գունդով եւ երկյակ պաշտոնով։ Օդիշելիձեն իր վերջին հեղինակությամբ։

Մուրադի սպայակազմը, Քղիի գունդը իր մեծով, Երզնկայի գունդն իր մեծով, Բաբերդի գունդն իր մեծով։ Այս բոլորն իրարու հետ վեճի եւ պայքարի մեջ, ամեն մեկը մյուսին համար անսիրելի»։

«Զանազան եւ զարմանազան իշխանություններ»

Թոթովենցը գրում է, որ Էրզրումում (Կարին) կային «զանազան եւ զարմանազան իշխանություններ, գունդեր, աշիրեթներ, միահեծանություններ»։ Նա հատկապես բացասաբար է խոսում Տիգրան Աղամալյանի մասին, որը «մի վարժապետ էր, որ անխղճություն ունեցած էր խառնվելու զինվորական գործի մեջ։

Այս մարդն ուներ զանազան պաշտոններ՝ Կարնո շրջանի կառավարիչ, Կարնո կոմիսար, Ազգային խորհրդի Կարնո մասնաճյուղի նախագահ» եւ այլն։ Տիգրան Աղամալյանը, ըստ տարբեր աղբյուրների, զբաղվում էր զենքի եւ այլ ապրանքների վաճառքով։Արամ Ամիրխանյանն իր հուշերում գրում է, որ «Աղամալյանի համար կխոսվեր, որ 75 արկղ Մոսին հրացան, 60 000 փամփուշտով ծախած էր թուրքերուն»։

Աղամալյանը ֆինանսական մութ գործերում համագործակցում էր գեներալ Օդիշելիձեի հետ, որն այդ օրերին արդեն լքել էր Կարինը։ Թոթովենցը գրում է, որ Օդիշելիձեն հեռանալիս հետը տարել էր 5 միլիոն ռուբլի։

Աղամալյանն Անդրանիկի դեմ է սկսում տրամադրել  Կարինում եղած զինվորներին՝ ասելով, որ իրենք չպետք է ենթարկվեն Անդրանիկի նման ոչ զինվորականի հրամաններին. «Աղամալյանը, իբրեւ Ազգային խորհուրդի տեղական նախագահ, Ա. եւ Դ. գունդերը թունավորած էր ետ քաշվելու գաղափարով։ «Ի զուր է Կարնո մեջ դիմադրություն փորձել. Ազգային խորհուրդը որոշած է 1914-ի սահմանը նահանջել, ամրանալ Կարսի մեջ, եւ եթե թշնամին խզե զինադադարը, Կարսի առաջ կարելի է ետ մղել թուրք հարձակողականը»։ Աղամալյանի մաֆիան, ռազմագիտական այս բարձր տեսության պրոպագանդան ընելով, երբ իմացավ Անդրանիկի գալուստը, Ա. եւ Դ. գնդերու սպաներուն եւ զինվորներուն հրահանգ կուտար չանսալ Անդրանիկի պես ոչ-զինվորականի մը հրամաններուն»։ 

«Չհրամայող մը չկա»

Կարինն ուներ ամուր պարիսպներ ու հզոր հրետանի. բերդի շուրջ 400 թնդանոթը նախատեսված էր երկարատեւ պաշտպանության եւ պաշարման համար։ Սակայն տարբեր հեղափոխություններին հաջորդած եւ ամիսներ տեւող բարոյալքման ու թալանի հետեւանքով բերդի հրետանու մեծ մասը շարքից դուրս էր եկել։ 

Ավետիս Թերզիբաշյանը, նկարագրելով հայերի ռազմական ուժերը, գրում էր, որ քաղաքում կատարյալ քաոս էր, եւ բոլորը բոլորին հրամայում էին. «Չհրամայող մը չկա, որպեսզի ես ալ անոր հրամայեմ»։ «Չորս հազար կանոնավոր, նույնքան ալ անկանոն հետեւակ զորք ունինք, հինգ հարյուր կանոնավոր, նույնքան անկանոն ձիավոր եւ թեեւ ամրությանց 400 թնդանոթներեն 200-ին բանալիները չկան մեջտեղ, 100-ը ձյուներու մեջ թաղված են, 100-ը անգործածելի, բայց ունինք լավ վիճակի մեջ լեռնային եւ դաշտային տասնյակ մը թնդանոթներ»,- գրում էր նա։

Ընդհանուր բարոյալքումն ու հավատի բացակայությունը ակներեւ է դառնում, երբ Կարսում Անդրանիկը դիմում է իրեն դիմավորելու եկած հազարավոր մարդկանց՝ ասելով. «Ես ծեր զինվոր մըն եմ, կերթամ մեր հայրենի երկիրը պաշտպանելու։ Ձեզմե ո՞վ կը միանա ինծի»։ «Մոտ 2000 հոգի շարքի կեցան, բայց երբ Անդրանիկ գնաց զանոնք զորանոց առաջնորդելու, միայն 25 հոգի մնացած էին»։

Անդրանիկի ժամանումը Կարին գեներալ Նազարբեկյանի համար անսպասելի էր: Ասում էր, որ պատահմամբ է իմացել Անդրանիկի եւ սպայակույտի (շտաբ) պետ Զինկեւիչի Կարին մեկնելու մասին։ «...Նա նշանակվել էր Էրզրումի ջոկատի պետ եւ Էրզրում ամրոցի պարետ, գնդապետ Մորելի փոխարեն։ Իմ անձնական կարծիքն է, որ Անդրանիկի նշանակումը սխալ էր»։ 

Անդրանիկը, իհարկե, շատ լավ հասկանում էր, որ ստեղծված անիշխանության պայմաններում դժվար կլինի կազմակերպել բերդաքաղաքի պաշտպանությունը։ Դեռ ամիսներ առաջ Նազարբեկյանի եւ Արեշյանի հետ քննարկելով հայերի ու թուրքերի ռազմական կարողությունները՝ Անդրանիկն ասել էր. «Թուրքը ունի բան մը, որ մենք չունինք եւ այդ պատճառով ան մեզի պիտի հաղթե։ Այդ բանը՝ տիսիփլինն է (դիսցիպլինա, կարգապահություն - հեղ.), եւ բանակի մեջ տիսիփլինը մահապատիժով կըլլա»:

Կարինում Անդրանիկը փորձում էր կիրառել մեկ այլ մարտավարություն։ Նա կարծում էր, որ եթե թուրքերը մոտենան եւ շրջապատեն քաղաքը, ապա տարբեր քաղաքական ու ռազմական ղեկավարները ստիպված կմիավորվեն եւ կդիմեն պաշտպանության։ «Թորգոմ, քեզի հայտնեմ գաղտնիքս, թող մարդ չգիտնա։ Ես որոշած եմ պաշարվիլ այս բոլոր դասալիք երիտասարդներով Կարնո պարիսպներուն մեջ։ Այն ատեն կը տեսնես թե ինչպես կը կռվին՝ ուզեն չուզեն»,- խմբապետ Թորգոմին ասել էր զորավարը։

Շարունակելի․․․