Արևմտյան Հայաստանի հայերի հարցի շուրջ

  • by Western Armenia, 21 Դեկտեմբերի, 2023 in Պատմություն
80 դիտում

1918թ. մարտի վերջին Տրապիզոնի բանակցությունները փակուղի էին մտել: Թուրքերը նախ մերժել էին Արեւմտյան Հայաստանում հայկական ինքնավարության հարցը, այնուհետեւ Անդրկովկասյան պատվիրակությունից պահանջել ընդունել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանները, եւ անհապաղ հանձնել Կարսը, Արդահանն ու Բաթումը:

Չնայած բանակցությունները դեռ շարունակվում էին, մարտի 30-ին թուրքերը վերջնագիր են ներկայացնում Բաթումի ամրոցի հրամանատարին՝ սպառնալով, որ հակառակ դեպքում ապրիլի 1-ին սկսելու են քաղաքի գրոհը: Այս դեպքերից մի քանի օր առաջ պատվիրակության ղեկավար Չխենկելին Թիֆլիսից ստացել էր Անդրկովկասյան կառավարության հեռագիրը, որով համաձայնում էին թուրքերին զիջել Կարսի նահանգը, Արդվինի մի մասը, բայց ոչ մի կերպ՝ Բաթումը: Իր պատասխան հեռագրում Չխենկելին պնդել էր ընդունել Բրեստ-Լիտովսկի համաձայնագիրը: Մարտի 28-ին Չխենկելին թուրքական պատվիրակության ղեկավար Ռաուֆ բեյին հայտնում է, որ իրենք ընդունում են Բրեստի պայմանագիրը եւ հետագա բանակցությունները շարունակվելու են դրա հիման վրա:

1918թ. մարտի 31-ին Գեգեչկորին Անդրկովկասյան սեյմին հայտնում է, թե երկու թուրք սպաներ հանդիպել են Բաթումի պարետին եւ պահանջել հանձնվել: Պարետը չի կատարել պահանջը: Գեգեչկորին դատապարտում էր թուրքերի քաղաքականությունը՝ նշելով, որ նրանք են դիմել հաշտության բանակցություններ սկսելու առաջարկով:

«Եթե մենք կարծեինք, թե այդ արվում է սոսկ Բրեստ-Լիտովսկի պայմանագրին սանկցիա տալու համար, կառավարությունը չէր ստորանա մինչեւ կատակերգության, որին վերածվեց հաշտության վեհաժողովը»,- ասել էր Գեգեչկորին: Խոսելով հեղափոխության եւ սահմանների պաշտպանության անհրաժեշտության մասին՝ Գեգեչկորին կոչ էր անում քաղաքական ուժերին միավորվել եւ համատեղ ջանքերով դիմակայել արտաքին թշնամուն: Այդ օրվա քննարկման արդյունքում Անդրկովկասյան սեյմը 4 կետից բաղկացած բանաձեւ է ընդունում․ 

  1. Հաշտության բանակցությունները դադարեցվում են եւ պատգամավորությանն առաջարկվում է անմիջապես հեռանալ Տրապիզոնից:
  2. Անդրկովկասում պաշտոնապես պատերազմական դրություն է հայտարարվում:
  3. Ստեղծվում է հատուկ կոլեգիալ մարմին ռազմական գործողությունները վարելու համար, որի կազմում ընդգրկվում են զինվորական, ներքին գործերի եւ ֆինանսների նախարարները:
  4. Սեյմը դիմում է Անդրկովկասի ժողովուրդներին՝ ասելով, թե հաշտության բոլոր միջոցները սպառված են եւ «մնում է զենքը ձեռքին կանգնել ի պաշտպանություն հայրենիքի ու հեղափոխության»:

Հեռացում Տրապիզոնից

Ստանալով Սեյմի հեռագիրը՝ անդրկովկասյան պատվիրակությունը ապրիլի 1-ին որոշում է հեռանալ Տրապիզոնից՝ թուրքերին չհայտնելով բուն պատճառը: Չխենկելու հանձնարարությամբ երկու հոգի մնում են՝ թուրքերի հետ ծածուկ հարաբերություններ պահելու նպատակով:

 «Պատվիրակությունը զգալով ինքզինքը անել կացության մեջ եւ վախենալով ապագա աղետներից՝ հաղորդեց թուրքական պատվիրակությանը, թե ինքը պարտավորված է մեկնել Թիֆլիս, եւ որ այդ մեկնումը պետք է նկատել ոչ թե խզում, այլ բանակցությունների ժամանակավոր ընդհատում: Չխենկելին, որ միաժամանակ իրեն պահում էր եւ իբրեւ վրաց ժողովրդի ներկայացուցիչ, եւ, ինչպես հետո պարզվեց, մյուս պատգամավորների թիկունքում վարում էր վրացական քաղաքականություն, Տրապիզոնում թողեց ազգային-դեմոկրատների պարագլուխ Վեշապելիին՝ գործելու համար հօգուտ վրաց ազգային շահերի: Մնաց նաեւ ազգային-դեմոկրատ մյուս պարագլուխ Գվազավան» :

Թուրքական դրոշը Բաթումում 

Ալեքսանդր Խատիսյանը գրում է, որ իրենք բանակցությունների էին եկել հաշտություն կնքելու, սակայն հեռանում էին «պատերազմը տանելով»: Տրապիզոնից պատվիրակությունն ուղեւորվում է Բաթում, սակայն ապրիլի 2-ին մոտենալով քաղաքին՝ նրանք տեսնում են թուրքական դրոշը եւ փոխում ուղղությունը:

«Պայծառ, արեւոտ օր մըն էր: Օդը այնքան թափանցիկ էր, որ դյուրությամբ հեռուները կտեսնեինք: Հանկարծ, մեր նավապետը հուզված մոտեցավ ինձ ու Չխենկելիին եւ կես ձայնով ըսավ. ամրոցի վրա թուրքական դրոշակ կտեսնեմ, քաղաքը թուրքերուն ձեռքն է, եւ մենք չենք կրնար մտնել նավահանգիստ: Եվ իրավ, Բաթումի ամրության վրա կծածաներ թրքական դրոշակը եւ քաղաքը, անկասկած, թուրքերու ձեռքն էր: Փոքրիկ խորհրդակցությունե մը ետք, որոշեցինք մեր նավը ուղղել դեպի Փոթի: Քանի մը ժամ ետքը հասած էինք. ճանապարհին տեսանք բազմաթիվ նավեր ու նավակներ լեցված վրացի զինվորներով, որոնք կփախչեին Բաթումեն»:

Թիֆլիս հասնելուց հետո հայկական պատվիրակության անդամներն իմանում են, որ Բաթումը հանձնվել էր առանց դիմադրության: Բաթումից անմիջապես հետո թուրքական բանակը շարունակել էր առաջխաղացումը եւ գրավել Օզուրկեթն ու Աբասթումանը: Անդրկովկասյան պատվիրակության հեռանալուց մեկ օր անց Տրապիզոն է գալիս Էնվերը՝ Կովկասյան արշավանքը ղեկավարելու: Հայտնի է դառնում նաեւ, որ պատվիրակության անդամներից երկու մահմեդական եւ մեկ վրացի Տրապիզոնից մեկնել էին Կ.Պոլիս՝ դարձյալ առանձին բանակցությունների: Թուրքական առաջխաղացումը ստիպում էր ամեն մեկին իր գլխի ճարը տեսնել, եւ Անդրկովկասյան սեյմն արագորեն քայքայվում էր։ Էնվերը հայտարարել էր, որ եթե «հայերը թողնեն իրենց ռուսական օրիենտացիան եւ ձեռք քաշեն անգլիացիներից ու ընդգրկեն թուրքական օրիենտացիան, նրանք չեն ենթարկվի հալածանքի, իսկ եթե շարունակեն կռվել Թուրքիայի դեմ, նրանց ֆիզիկական գոյության մասին պատասխանատու լինել չի կարող ինքը՝ Էնվեր փաշան»:

Շարունակելի․․․