Արևմտյան Հայաստանի հայերի հարցի շուրջ

  • by Western Armenia, 02 Սեպտեմբերի, 2023 in Պատմություն
97 դիտում

Հայ և քուրդ ժողովուրդների պատմական կապերն ու առնչությունները դարերի պատմություն ունեն: Ապրելով մերձավոր հարևանությամբ` աշխարհագրական համարյա միևնույն միջավայրում` այս երկու դրացի ժողովուրդների պատմական զարգացման ընթացքում եղել են բազմաթիվ ընդհանրություններ: Նրանք երկուսն էլ, զուրկ լինելով պետականությունից, կրել են միևնույն օտար լուծը՝ արաբական, բյուզանդական, սելջուկյան, մոնղոլական, պարսկական և թուրքական: Այնուհետև, գտնվելով համաշխարհային նշանակություն ունեցող առևտրական-քարավանային ճանապարհների հանգուցակետում և ունենալով ռազմաստրատեգիական առաջնակարգ դիրք, Արևմտյան Հայաստանն ու Քրդստանը դարեր շարունակ տևականորեն և պարբերաբար գտնվել են ավերիչ արշավանքների, ասպատակությունների, մեծ ու փոքր պատերազմների և քաղաքական զանազան վայրիվերումների հորձանուտում` տալով ահռելի քանակությամբ մարդկային զոհեր և կրելով նյութական ու հոգևոր արժեքների խոշոր կորուստներ: Օսմանյան պետության տիրապետության տակ հայ և քուրդ ժողովուրդները կողք կողքի ապրեցին ավելի քան հինգ հարյուրամյակ: 

Առանց վերապահության կարելի է ասել, որ այդ ժամանակաշրջանը երկու ժողովուրդների պատմության որոնցից մեկը բնիկ է ամենամռայլ ու դժնդակ շրջանն էր: Օսմանյան կայսրությունում դարեր շարունակ ազգային հարցը լուծելու միակ ձևը եղել է ժողովուրդների և ազգային հավաքականությունների ֆիզիկական բնաջնջումը, համաձուլումն ու ազգային դիմախեղումը: 

Ընդ որում, եթե բնիկ հայ ժողովրդի նկատմամբ այդ քաղաքականության իրագործման ամենատարածված եղանակը եղել է ջարդը, ապա քրդերի նկատմամբ առավելապես գործադրվել է որպես թնդանոթի միս օգտագործելու քաղաքականությունը` դարեր շարունակ նրանց մաշեցնելով իրենց մղած զավթողական անվերջ պատերազմներում: Գրականության մեջ «Քրդստան» հասկացությունը գործածվել և մեր օրերում էլ գործածվում է ոչ որպես որոշակի քաղաքական սահմաններ ունեցող պետական կազմավորման իմաստով, այլ որպես աշխարհագրական մի տարածք, ուր բնակվել է քրդական էթնոսը: Դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ քուրդ ժողովրդին, իր պատմական զարգացման ընթացքում, ոչ մի անգամ չի հաջողվել ստեղծել սեփական պետականություն: Ուստի «Քրդստանի» տարածական չափերը տարբեր ժամանակներում և տարբեր հետազոտողների կողմից նկատի են առնվել տարբեր մոտեցումներով: 

Western Armenia tv-ին ներկայացնում է նոր շարք`  ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՔՐԴԱԿԱՆԱՑՄԱՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ XVI ԴԱՐՈՒՄ։