Երուսաղեմի հայ թագուհիները

  • by Western Armenia, 19 Հունվարի, 2024 in Պատմություն
113 դիտում

Գաղտնիք չէ, որ Կիլիկիայի հայկական թագավորությունը կարևոր նշանակություն ունեցավ խաչակրաց արշավանքների համար: Խաչակիրները գուցե ավելի մեծ ընդունելություն էին գտնում Հայաստանում, քան որևէ այլ տեղ:

Հռոմի պապ Գրիգոր XIII-ն այդ մասին վկայում է. «Այն ժամանակ, երբ քրիստոնյա իշխաններն ու ռազմիկները գնացել էին վերադարձնելու Սուրբ երկիրը, ոչ մի ժողովուրդ նույնքան խանդավառ, հավատով ու ոգևորված չէր գալիս նրանց օգնության, ինչպես հայերը, որոնք օգնում էին խաչակիրներին ձիերով, պարենով և ուղղորդմամբ: Հայերն օգնում էին ռազմիկներին Սուրբ պատերազմների ընթացքում իրենց քաջությամբ ու նվիրվածությամբ»: Բայց շատ ավելի հետաքրքիր է այն փաստը, որ Երուսաղեմի թագավորության 200-ամյա գոյության ընթացքում գրեթե բոլոր թագուհիները հայ են եղել: Փաստացի հինգ թագուհիները և վեց թագավորների կանանցից 4-ը հայկական արմատներ ունեին՝ լրիվ կամ մասնակիորեն: Նրանցից շատերը երկրի պատմության մեջ նշանակալի դեր են ունեցել որպես անչափահաս թագաժառանգների խնամակալներ, ինչպես նաև` թագավորության կառավարման հարցում:

Արդա Արդան հայ ազնվական Մարաշի Թաթուլի (կամ Թորոս) դուստրն էր և Երուսաղեմի առաջին թագավորի կինը: Նրա իրական անունը արդի աղբյուրներում չի նշվում, սական XVII դարից նրան ավանդաբար կոչում էին Արդա: Նա ամուսնացած էր Երուսաղեմի թագավոր Բալդուին I Բուլոնցու հետ, որը Արդայի հոր աջացությամբ դարձել էր Եդեսիայի (Ուրֆա) առաջին կոմս: Երբ խաչակիրներն առաջին անգամ Գոտֆրիդ Բուլոնցու գլխավորությամբ գրավեցին Երուսաղեմը, Բալդուինը դարձավ թագավոր: Այսպես Արդան դարձավ Երուսաղեմի առաջին թագուհին: Մորֆիա Մալաթիացի Մորֆիան Մալաթիայի կառավարիչ Գաբրիել իշխանի (կամ Խորիլ) դուստրն էր: Նա ամուսնացել է խաչակիր Բալդուին II-ի հետ, որը 1100 թ. հետո դարձել է Եդեսիայի կոմս: Նրանք 4 դուստր ունեին՝ Մելիսինդա, Ալիսա, Գոդիեռնա և Իովետա: Այս ընտանիքը բնակվում էր Եդեսիայում մինչև 1118 թ., երբ ամուսինն ընտրվում է Երուսաղեմի թագավոր որպես Բալդուինի իրավահաջորդ: Կան տեղեկություններ, որ Բալդուին II-ը շատ է սիրել կնոջն ու ի նշան այդ սիրո հետաձգել է իր թագադրումը մինչև 1119 թ. Սուրբ Ծննդյան տոները, որպեսզի իր կինն ու երեխաները ճամփորդեն Երուսաղեմում և Մորֆիան ուղեկցի իրեն որպես թագուհի: Իր հերթին Մորֆիան չէր խառնվում Երուսաղեմի ներքաղաքական առօրյա հարցերին, սակայն հարկ եղած դեպքում իր վրա պատասխանատվություն վերցնելու ունակությունները ցույց էր տալիս լիովին: Երբ 1123 թ. Բալդուինին առևանգում են, Մորֆիան հայ վարձկանների միջոցով բացահայտում է այն վայրը, որտեղ գերության մեջ էր պահվում իր ամուսինը, իսկ 1124 թ. անձամբ է բանակցություններ վարում առևանգողների հետ ամուսնուն ազատ արձակելու պայմանների շուրջ: Ի վերջո, առևանգված Բալդուինն ու այլ իշխանավորներ փրկվում են առևանգողներից 50 հայ զինվորների ջանքերով, որոնք ներկայանում են որպես առևտրականներ ու այդ կերպ մտնում բերդ: Նրանց հաջողվում է սպանել պահակներին ու ազատել պատանդներին: Մորֆիան հավանաբար մասնակիորեն պատասխանատու էր այն մշակութային ներգործության համար, որ պարզ երևում էր Երուսաղեմում: Թագավորության արվեստը ցույց է տալիս արևելյան ու արևմտյան ոճերի խառնուրդը: Մորֆիան մահացել է 1126 թ. հոկտեմբերի 1-ին: Արու զավակ չունենալու պատճառով Բալդուինին հաջորդեց Մելիսինդան՝ նրա ավագ դուստրը, որին Բալդուինն ամուսնացրեց Անժուի դուքս Ֆուլկինի հետ: Նրանց մյուս 2 դուստրերը ևս ամուսնացան հեղինակավոր անձանց հետ, իսկ Իովետան դարձավ միանձնուհի: Մելիսինդա (1105 -1161) Մելիսինդան, ինչպես վերը նշվեց, հայ թագուհի Մորֆիայի ու Բոլդուին II-ի դուստրն էր: Նա ամուսնացավ Անժուի դուքս Ֆուլկինի հետ և 1130 թ. ունեցավ որդի՝ Բալդուինների ապագա ժառանգորդին: Դուքս Ֆուլկինի հեղինակությունն ու հարստությունը Մելիսինդայի հորը ստիպեցին մի փոքր զգուշանալ իր ժառանգի ապագայի հարցում, և նա համոզվեց, որ իրենից հետո որպես Երուսաղեմի թագուհի կկառավարի իր դուստրը: Բալդուին II-ը թագադրման հանդիսավոր արարողություն կատարեց ՝ ներդնելով դստեր, փեսայի և թոռան կողմից թագավորության միասնական կառավարում: Այդպիսով ամրապնդելով իր դիրքերը՝ Բալդուին II-ն իր դստերը նշանակեց թոռան միակ խնամակալ: Երբ հաջորդ տարին Բալդուին II-ը մահացավ, Ֆուլկինն ու Մելիսինդան գահին նստեցին որպես միասնաբար կառավարողներ: Ժամանակակից գրող Վիլյամը հոր մահից հետո Մելիսինդայի կառավարման իրավունքի մասին գրում է. «Թագավորության ղեկը մնաց աստվածահաճո թագուհի Մելիսինդայի իշխանության ներքո, որին դա անցավ ժառանգության իրավունքով»: Բալդուինի մտավախությունն իրականացավ. փեսան, ունենալով հզոր խաչակիր ասպետների աջակցությունը, մարտահրավեր է նետում Մելիսինդայի իշխանությանն ու անգամ մեղադրում նրան անհավատարմության մեջ: Տեղացիներն ու ազնվականները, սակայն, Մելիսինդայի կողմից էին, սիրում ու հիանում էին նրանով: Մելիսինդան ու Ֆուլկինը օտարացան, քանի որ վերջինս ցանկանում էր ձեռք բերել ողջ իշխանությունը՝ մեղադրելով թագուհուն անհավատարմության մեջ, ինչը ժամանակակից պատմաբանները բացառում են: Բանը հասնում է նրան, որ Ֆուլկինն անգամ մահափորձ է իրականացնում թագուհու մտերիմների շրջանում: Այս ամենը բավական էր, որ թագուհին բացահայտ մարտահրավեր նետեր ամուսնուն, քանի որ անհավատարմության մասին Ֆուլկինի անհիմն պնդումները խիստ մեղադրանք էին և մեծ վնաս կարող էին հասցնել Մելիսինդայի դիրքին: 1135 թ. թագավորի հեղինակությունը կտրուկ անկում ապրեց: Ժամանակակից պատմաբանները նշում են, որ այդ ամենից հետո Ֆուլկինը, առանց թագուհուն զգուշացնելու, չէր համարձակվում զբաղվել անգամ ամենաչնչին հարցերով: 1136 թ. թագուհին և Ֆուլկինը հաշտվեցին ու ծնվեց նրանց երկրորդ որդին՝ Ամարլիկը: Երբ 1143 թ. որսորդական դժբախտ պատահարից զոհվեց Ֆուլկինը, թագուհին թե՛ հրապարակային, թե՛ առանձին սգում էր նրա մահը: Նա որպես Երուսաղեմի թագուհի կառավարեց 1131-1153 թթ. և փոխարինեց որդուն 1153-1161 թթ., երբ վերջինս արշավանքի էր մեկնել: Նա համընդհանուր ճանաչում ուներ որպես բացառիկ տնտեսվարող, նրա իշխանությունը բնորոշվում էր որպես իմաստուն թե՛ հոգևոր առաջնորդների, թե՛ ժամանակակիցների կողմից: «Նա շատ խելացի կին էր, լիովին փորձված պետական գործերի բոլոր հարցերում: Նա լիովին շրջանցում էր իր սեռին արհեստականորեն վերագրվող թերություններն ու պատասխանատվություն կրում կարևոր գործերի համար: Ձգտելով հետևել լավագույն իշխանների փառքին՝ թագուհին արդարացիորեն կարող էր հավասարվել իր բոլոր նախորդներին»: Մելիսինդան մեծ նշանակություն էր տալիս եկեղեցուն ու արվեստին: Նա Բեթանիայում հիմնում է Սբ. Ղազար եկեղեցին ու մենաստանը, որտեղ իր կրտսեր քույր Իովետան կառավարում էր որպես մայրապետ: Նրա անվան հետ է կապված նաև Աստվածածնի գերեզման-տաճարի վերակառուցման պատմությունը: Այդ տաճարում են թաղված Երուսաղեմի՝ ծագումով հայ երեք թագուհիները։ Մելիսինդան մահացել է 1184 թ. և թաղված է մոր՝ Մորֆիայի կողքին: Ագնես (1136 -1184 ) Ագնես թագուհին հայ Բեատրիս արքայադստեր (Կիլիկիայի թագավոր Կոնստանտին Առաջինի դուստրը) թոռնուհին էր: Նա Երուսաղեմի թագուհի դարձավՄելիսինդա թագուհու որդու հետ ամուսնությունից հետո: Ագնեսը վաղ տարիքում ամուսնացել էր մարաշցի Ռեյնալդի հետ, սակայն վերջինս մարտերում զոհվել էր: Ագնեսը երկրորդ անգամ էլ էր նշանադրվել, սակայն այս անգամ էլ ապագա ամուսնուն առևանգել էին մահմեդականների դեմ կռիվներում: 1157 թ. Բալդուին III-ի եղբայրը՝ գահաժառանգ Ամարլիկն ամուսնացավ Ագնեսի հետ (ըստ որոշ աղբյուրների` նրան առևանգելով): Ագնեսը նրան երեք զավակ պարգևեց՝ Սիբիլա, Բալդուին IV, երրորդ երեխան փոքր տարիքում մահացավ: Ագնեսն ու Ամարլիկն իրենց տունը կառուցեցին թագավորական արքունիքում: Շուտով, սակայն, նրանց ամուսնությունն անվավեր ճանաչվեց, քանի որ Ամարլիկն ու Ագնեսը նույն պապի ժառանգներն էին, այսինքն՝ կապված էին բարեկամական կապով, որը դեմ է քրիստոնեական ավանդույթներին: Այսուհանդերձ, նրա երեխաները մնացին որպես գահաժառանգներ: Ամարլիկն այնուհետև ամուսնացավ հայկական արմատներով մեկ այլ աղջկա՝ Մարիայի հետ: Ագնեսը չորրորդ անգամ ամուսնացավ, իսկ 1184 թ. մահացավ Ջաֆֆայի իր ամրոցում: Մարիա (1154 -1217) Մարիան բյուզանդական ռազմական կառավարչի ու Տարոնի հայկական հնագույն թագավորների ժառանգ Մարիա Տարոնիտիսսայի դուստրն էր: Նա ամուսնացավ Երուսաղեմի թագավոր Ամարլիկի հետ այն ժամանակ, երբ չեղյալ համարվեց Ագնեսի ու Ամարլիկի ամուսնությունը: Նրանց ամուսնությունը նշվեց մեծ շուքով: Ամարլիկը մահացավ 1174 թ., իսկ Մարիան դարձավ այրի թագուհի: Հետագայում Մարիան կրկին ամուսնացավ Սալադինի դեմ Երուսաղեմի պաշտպանությունը ղեկավարած Բալիանի հետ: Նրանք ունեցան չորս զավակ: Սիբիլա (1160 -1190) Սիբիլան վերը հիշատակված Ամարլիկ թագավորի ու առաջին կնոջ՝ Ագնեսի դուստրն էր: Հետևաբար, նրա մեջ հոսում էր հայկական արյուն՝ թե՛ հայրական, թե՛ մայրական կողմից: Սիբիլան սովորում էր սուրբ գրություններն ու հետևում եկեղեցական ավանդույթներին: Նա ամուսնացավ Վիլյամ Լոնգսվորդի՝ Մարկես Վիլյամ V-ի ավագ որդու ու Ֆրանսիայի Լուի V-ի զարմիկի հետ: Հաջորդ տարի մահացավ Վիլյամը՝ թողնելով Սիբիլային հղի: Արքայատոհմի ավանդույթներով Սիբիլան որդուն Բալդուին կոչեց: Սիբիլան երկրորդ անգամ ամուսնացավ 1180 թ. Գայի հետ: Նա որպես թագուհի ձեռնադրվեց ու կառավարում էր միայնակ: Թագադրվելուց առաջ Սիբիլան ընդդիմադիր դատարանի անդամներին հաճոյանալու համար համաձայնեց չեղյալ համարել իր երկրորդ ամուսնությունը, քանի դեռ դատարանը չի թույլատրել իրեն ընտրել հաջորդ ամուսնուն: Ընդդիմադիրները հանաձայնեցին, ու նա սկսեց կառավարել, բայց ի զարմանս նրանց, թագուհի դառնալուց անմիջապես հետո Սիբիլան հայտարարեց, որ ընտրել է որպես ամուսին Գային ու թագադրում է նրան: Սիբիլան ընդդիմադիր խմբերի հետ իր հարաբերություններում աչքի էր ընկնում մեծ խորամանկությամբ ու քաղաքական խիզախությամբ: Նրա գլխավոր մտահոգությունը դեպի Երուսաղեմի թագավորություն առաջացող Սալադինի զորքերն էին: Ամուսնու գլխավորած զորքերը, սակայն, պարտություն կրեցին, թագուհու ամուսինը գերի ընկավ: Մինչև 1187 թ. Սալադինի զորքերը պաշարել էին Սուրբ քաղաքը, և Սիբիլան անձամբ էր ղեկավարում պաշտպանությունը: Հոկտեմբերին պաշտպանական ուժերը ջլատվեցին, իսկ Սիբիլային դուստրերի հետ թույլ տվեցին հեռանալ Տրիպոլի: Սիբիլայի գերության մեջ գտնվող ամուսինը ազատ է արձակվում այն ժամանակ, երբ Սալադինը հասկանում է, որ նրան վերադարձնելով` կարող էր թշնամանք առաջացնել խաչակիր ճամբարում, բացի այդ, Գայն ավելի ոչ կենսունակ առաջնորդ էր, քան նրանք, ովքեր այդ պահին իշխում էին: Երբ Գային ազատ արձակեցին, թագուհին միացավ նրան, սակայն Սիբիլայի առաջին ամուսնու եղբայր կոնրադ Մենֆերատն արդեն իր վրա էր վերցրել քաղաքի պաշտպանությունը և հրաժարվում է ճանաչել Գայի իշխանությունը: Քաղաքի դարպասների մոտ 1 ամիս անցկացնելուց հետո, Գայը ղեկավարեց Խաչակրաց երրորդ արշավանքի առաջապահ ջոկատն ու երկու տարի պաշարեց Ակրե քաղաքը: 1190 թ. Սիբիլան, ըստ տեղեկությունների, մահացավ ռազմական ճամբարում տարածված համաճարակի հետևանքով: Մի քանի օր առաջ մահացել էին նաև նրա փոքրիկ դուստրերը: Ակրեն շուտով նվաճվում է Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II-ի և Անգլիայի Ռիչարդ I-ի բերած զորքերի կողմից: Իզաբել Իզաբելը հայազգի Մարիայի և Ամարլիկ թագավորի դուստրն էր: Նրա հայկական ծագումը նկատելի է թե՛ հայրական, թե՛ մայրական կողմից: Նա տարբեր ամուսիններից 7 զավակ ունեցավ: Իզաբելը Երուսաղեմի իշխող թագուհին էր 1190 թվականից մինչև իր մահը: 4 ամուuնությունների արդյունքում հաջորդաբար դարձավ Տորոնի տիկին, Մոնֆերատի մարքիզուհի, դքսուհի և Կիպրոսի թագուհի: Իզաբելին պոետ Ամրոզեն նկարագրում է որպես «անչափ արդար և գեղեցիկ»: Մահմեդական պատմագիր Իմա ա-Դին ալ Իսֆահանին նշում է, որ նա սև վարսեր ուներ ու գունատ էր: Ամենայն հավանականությամբ արևմտյան ձեռագրերում պատկերված շիկահեր թագուհիներից շատերն իրականում թխահեր էին: 1180 թվականին, երբ Իզաբելը 8 տարեկան էր, իր խորթ եղբոր՝ Բալդվին IV-ի հրամանով նշանվում է Տորոնի Համֆրի IV-ի հետ որպես պարտքի հատուցում, քանի որ պապիկը մահացու վիրավորվել էր՝ փրկելով Բանիասի թագավորի կյանքը: Նրանք ամուսնացան 1183 թ., երբ Համֆրին 16 կամ 17 տարեկան էր, իսկ Իզաբելը` ընդամենը 11: Իզաբելի մտերիմները գիտակցում էին, որ նրան վստահելի թագավոր է պետք, և դա իր ներկայիս ամուսինը չէր: Երկարատև քաղաքական ճնշումների արյունքում նրանց ամուսնությունը չեղյալ է համարվում, և Իզաբելն ամուսնանում է Մոնֆերատի կոնրադի հետ, որը ձգտում էր դառնալ գահակիր: Կոնրադն ավելի ուշ դանակահարվում է Հաշշաշինի կողմից (մահմեդական մարդասպանների գաղտնի հրահանգով) և մահանում: Իզաբելն արդեն սպասում էր առաջնեկին՝ Մարիա Մոնֆերատին, որ հետագայում հաջորդում է իր մորը որպես թագուհի: Սպանությունից երկու օր անց, որպես իր քեռի Ռիչարդ թագավորի բանագնաց, ժամանում է Հենրին ու անմիջապես նշանվում Իզաբելի հետ: Ըստ որոշ աղբյուրների` նրանք ամուսնացան Կոնրադի սպանությունից 8 օր անց: Հենրին մահացավ 1197 թ., ըստ տեղեկությունների` ընկնելով պատշգամբից կամ պատուհանի ճաղավանդակներից: Հենրին ու Իզաբելը երեք դուստր ունեին՝ Մարիան, Ալիսան և Ֆիլիպպան: Նրա մահից հետո Իզաբելն ամուսնանում է չորրորդ անգամ, Ամարլիկ II-ի հետ: Նրանք որպես թագավոր ու թագուհի պսակվեցին 1198 թ. հունվարի 1-ին Ակրեում: Ունեցան երկու դուստր` Սիբիլլան և Մելսիդեն և մեկ որդի՝ Ամարլիկը: Իզաբելը որպես թագուհի կառավարեց մինչև իր մահը՝ 1205 թ., որից հետո թագուհու տիտղոսը ժառանգեց ավագ դուստրը՝ Մարիա Մոնֆերատը: Մարիա Մոնֆերատ Մարիա Մոնֆերատը կամ Երուսաղեմի Մարիան Իզաբել թագուհու և Կոնրադի դուստրն էր: Մարիան դարձավ Երուսաղեմի թագուհի ընդամենը 13 տարեկանում՝ Իզաբելի մահից հետո: Նրա մոր խորթ եղբայրը՝ Ջոնը, որ Բեյրութի լորդն էր և իմաստուն էր, որպես Մարիայի խնամակալ կառավարում էր Մարիայի անունից՝ վայելելով տեղի բնակչության համակրանքն ու աջակցությունը: Նրան հաջողվեց թագավորության սահմանները պահպանել, խաղաղություն հաստատել Սալադինի եղբայր Ալ Ադիլի հետ, որն իր հերթին չեզոքացրել էր գահի մյուս հավակնորդներին: Խնամակալության ժամկետը լրացավ 1209 թ., երբ Մարիան արձավ 17տարեկան, կառավարությունը համարեց, որ ժամանակն է` Մարիան ամուսնանա պահպանելու իր գահի անվտանգությունը: Բարոնների ու հոգևորականների ժողովը որոշեց ընդունել Ֆրանսիայի Ֆիլիպ II-ի առաջարկը՝ ամուսնացնել Մարիային իր հետևորդներից Ջոն Բրիեննի հետ: Ջոնը հարուստ չէր: Նրա անհաջողությունները հաղթահարելու և դատարանն ու բանակը ֆինանսավորելու համար Ֆիլիպ թագավորն ու Ինոկենտիոս Երրորդ պապը նրան վճարում էին 40.000 լիվր: Նրանք ամուսնացան 1210 թ.: Ջոնը շարունակեց խաղաղություն պահպանելու քաղաքականությունը, իսկ Մարիան ունեցավ մեկ դուստր՝ Իզաբելին, սակայն ծննդաբերության բարդությունների հետևանքով մահացավ: Ջոնը պահպանեց թագը, բայց միայն որպես խնամակալ: Իզաբել Երկրորդ Իզաբելը ծնվել էր Անդրիայում: Քանի որ նրա մայրը` Մարիան, ծննդաբերությունից օրեր անց մահացել էր, իսկ հայրը գահի նկատմամբ պահանջներ չուներ, կառավարում էր ընդամենը որպես խնամակալ, Իզաբելը հռչակվեց Երուսաղեմի թագուհի, երբ մի քանի օրական էր: Իզաբելն ամուսնացավ Գերմանիայի և Սիցիլիայի թագավոր Ֆրեդերիկ II-ի հետ, որը վայելում էր 5-րդ և 6-րդ խաչակրաց արշավանքների աջակցությունը: Նոր թագադրված թագուհին իր հոր հետ Իտալիա ժամանեց Ֆրեդերիկ II-ի ուղարկած 20 մակույկներով և ամուսնացավ նրա հետ Բրինդիսի տաճարում 1225 թ. նոյեմբերի 9-ին: Արարողության ժամանակ Ֆրեդերիկն ինքն իրեն հայտարարեց Երուսաղեմի արքա, ապա նրա նոր աներ Բրիեննի Ջոնը՝ Երուսաղեմի կառավարիչը, անմիջապես վտարվեց: Վերջինիս իրավունքները փոխանցվեցին իրեն: Ժանակակից պատմագիրները նկարագրում են հարսանեկան էկզոտիկ հանդիսությունները, որոնք տեղի են ունեցել Օրիա ամրոցում, ինչպես նաև Ջոն Բրիեննի վրդովված արձագանքը: Երուսաղեմի նորաթուխ արքա Ֆրեդերիկ II-ը հետաձգեց իր խաչակրաց արշավանքը, և 1227 թ. Հռոմի պապ Գրիգորի IX-ը նրան վտարեց արշավանքի խոստումը դրժելու համար: Հարսանյաց հանդիսությունից հետո Իզաբելը մեկուսացված էր ամուսնու կողմից: 1226 թ. նա լույս աշխարհ բերեց իր առաջնեկին`դստերը, որը մահացավ 1227-ի օգոստոսին: Իզաբելն էլ մահացավ Անդրիայում, երկրորդ երեխային` Կոնրադ որդուն ունենալուց հետո, 1228 թ.: Երուսաղեմի վերջին երկու թագուհիները հեռավոր հայկական ծագում ունեին, բայց երկուսի երակներում էլ որոշ չափով նախնիների հայկական արյունն էր հոսում: Փաստորեն, չնայած բազմաթիվ խառն ամուսնություններին, Երուսաղեմի շատ թագավորներ ևս հայկական ծագում ու հայկական արյուն ունեին: