«Զմյուռնիայի դեպքը, որը իր սարսափով գերազանցում էր Առաջին համաշխարհային պատերազմի բազմաթիվ արհավիրքներ, ինչ-որ առումով լռության մատնվեց և գրեթե ջնջվեց ժամանակակից մարդու հիշողությունից։ Այս Աղետի առանձնահատուկ սարսափը պայմանավորված էր ոչ միայն թուրքերի վայրագությամբ և բարբարոսությամբ, այլև մեծ տերությունների անտարբեր հանդուրժողականությամբ։ Սա ժամանակակից աշխարհում տեղի ունեցած այն հազվադեպ սկանդալներից էր, որը ցույց տվեց, որ կառավարությունները, սեփական եսասիրական նպատակներին հասնելու համար, կարող են անտարբերություն ցուցաբերել և անզոր դարձնել ժողովուրդների բնական ու ինքնաբուխ արձագանքը դաժան ու անխնա կոտորածների նկատմամբ…
Քանի դեռ մարդիկ կարող են ձեռքերը ծալած կանգնել և դիտել, թե ինչպես են իրենց նմաններին տանջում ու կոտորում, քաղաքակրթությունը կմնա դատարկ ծաղրերգություն՝ սպանված դիակների ծովի վրա միրաժի պես կախված խոսող ուրվական, ինչպես Զմյուռնիայի ծովը»,— գրում է ամերիկացի գրող Հենրի Միլլերը 1941 թվականին հրատարակված «Մարուսիի կոլոսը» գրքում։
Զմյուռնիայի աղետալի ողբերգությունը սկսվեց 1922 թվականի սեպտեմբերի 6-ին, երբ քաղաքից հեռացավ հունական բանակի վերջին ստորաբաժանումը։ Սեպտեմբերի 8-ին Զմյուռնիայի հունական իշխանությունները լքեցին քաղաքը։ Սեպտեմբերի 9-ին թուրքական զորքերը մտան Զմյուռնիա՝ շքերթով անցնելով ծովափնյա կառամատույցի երկայնքով։
Սեպտեմբերի 10-ին քաղաք ժամանեց նաև Քեմալ Աթաթուրքը և բնակություն հաստատեց Կորդելիոյի մի առանձնատանը։ Սեպտեմբերի 13-ին սկսվեց Զմյուռնիայի ավերումը, որը շարունակվեց չորս օր և չորս գիշեր՝ մինչև սեպտեմբերի 17-ը։
Հսկայական բոցերի մեջ շրջապատված և ավերվող Զմյուռնիան դիտելիս Քեմալ Աթաթուրքը, որը Կորդելիոյում հյուրընկալվել էր հարուստ Ուշաքիզադե ընտանիքի առանձնատանը և սիրահետում էր 24-ամյա Լաթիֆե Հանըմին՝ իր ապագա կնոջը, ըստ նրա պաշտոնական կենսագիր Էնդրյու Մանգոյի՝ ասել է. «Թող այրվի։ Թող փլուզվի»։
Զմյուռնիայի ողբերգությունը
Սեպտեմբերի 14-ը պաշտոնապես հռչակվել է Փոքր Ասիայի հույների ցեղասպանության ազգային հիշատակի օր։
Մոտ 2 միլիոն փախստական, 500 հազար զոհ։
Քեմալական բանակը և նրա ղեկավարները գործել են մանրակրկիտ նախապատրաստված ծրագրի համաձայն, որի նպատակն էր Զմյուռնիայի ոչնչացումը և քրիստոնյա բնակչության՝ հույների, հայերի և եվրոպացիների վերացումը։
Թուրքական ղեկավարության համար հունական Զմյուռնիայի վերացումը կենսական նշանակություն ուներ, քանի որ այն համոզված էր, որ Թուրքիան չի կարող ապահով լինել Արևմտյան Փոքր Ասիայում, քանի դեռ այնտեղ գոյություն ունի մեկ այլ Հունաստան։
Գայլզ Միլթոնը «Կորուսյալ դրախտ․ 1922, Զմյուռնիայի կործանումը» գրքում գրում է.
«Ծովափի երկայնքով տարածվել էր կրակի մի հոծ պատ՝ մինչև երեսուն մետր բարձրացող բոցերով, որոնք սարսափելի փայլ էին գցում երկնքին։ Գիշերը պարբերաբար ցնցվում էր հզոր պայթյուններից, իսկ այդ ամբողջ ընթացքում քաղաքի խորքում մարդիկ կոտորվում էին։ Տեսարանը սարսափելի էր՝ ասես Ապոկալիպսիսի պատկեր…
Ծովափին հավաքված խուճապահար ամբոխի ճիչերը լսվում էին մեկուկես կիլոմետր հեռավորությունից։ Մահանալու երեք ճանապարհ կար՝ ետևում մոլեգնող կրակը, նեղ փողոցներում սպասող թուրքերի սրերը և առջևում բացվող ծովը… Ժամանակակից պատմության մեջ, թերևս, ոչինչ չի կարող համեմատվել սեպտեմբերի 13-ի Զմյուռնիայի գիշերվա հետ»։
Պատմաբան և լրագրող Գայլզ Միլթոնի աշխատությունը, հիմնվելով Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության փաստաթղթերի, թերթերի, անձնական արխիվների, նախկինում չհրապարակված լուսանկարների և բրիտանական ու ամերիկյան մամուլի նյութերի վրա, ներկայացնում է Հունաստանի նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկը և 20-րդ դարի խոշորագույն աղետներից մեկի պատմությունը։
Վերապրածներից մեկը պատմում է.
«Մենք՝ հույներս ու հայերս, դողում էինք։ Փորձում էինք գտնել մի բարի թուրք, որը կօգներ մեզ։ Բայց ո՞վ էր պատրաստ ստանձնել այդ պատասխանատվությունը։ Հայրս ճանաչում էր մի թուրք մարդու։ Նա գնաց նրանից օգնություն խնդրելու։ Հայրս նրան բազմիցս օգնել էր, և մեր ցուցաբերած բարությունը մեզ հույս էր ներշնչում, որ նա կփրկի մեզ։
Նա գնաց նրա մոտ և պաշտպանություն խնդրեց։ Թուրքն ասաց. «Պոլիքրոնիս, շան մորթին կաշի՞ է դառնում։ Ո՛չ։ Նույն կերպ նախկին թշնամին չի կարող դառնալ բարեկամ։ Մեր մարգարեն և ձեր մարգարեն թշնամիներ են։ Մենք նույնպես թշնամիներ ենք։ Ես չեմ կարող քեզ պահել իմ տանը»։
«Ելք», հատոր II՝ Կենտրոնական և Հարավային Փոքր Ասիայի նահանգների վկայություններ, Փոքր Ասիայի ուսումնասիրությունների կենտրոն, Աթենք, 2022։
Զմյուռնիայի ամերիկյան հյուպատոս Ջորջ Հորթոնը, նկարագրելով տեղի ունեցածը, գրել է.
«Այստեղ չկար դաժանության, վայրագության, անառակության և մարդկային կրքի այնպիսի կատաղության պակաս, որը, երբ դրա համար հնարավորություն է ստեղծվում, մարդկային ցեղին իջեցնում է նույնիսկ ամենադաժան ու ստոր գազանից ցածր մակարդակի… Զմյուռնիայից ինձ հետ բերած ամենաուժեղ զգացումներից մեկը մարդկային ցեղին պատկանելու ամոթի զգացումն էր»։
Ջորջ Հորթոնի վկայությունները ներկայացված են Իսմինի և Քրիստոֆեր Լամբերի «Նուրբ ամերիկացին․ Ջորջ Հորթոնի ոդիսականը և Զմյուռնիայի աղետի նրա իրական պատմությունը» աշխատության մեջ։
Իսմինի Լամբը Ջորջթաունի համալսարանի ժամանակակից հունական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավարն է, որտեղ ավելի քան 30 տարի դասավանդում է հունարեն լեզու, պատմություն և մշակույթ։ Վերջին ինը տարիներին նա աշխատել է որպես Ջորջ Հորթոնի լիազորված կենսագիր։
Ֆանի Վուվուլիկա
Պաշտոնական արտոնագրված զբոսավար
