Նոյեմբերի 1-ին Կոստանդնուպոլսի Ֆաթիհ թաղամասի Վեֆա շրջանում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը հայտնի է «Այնըն Բիրի» (Ամսվա առաջին օր) անվամբ, մարդաշատ էր։ Տարբեր հավատքի պատկանող բազմաթիվ այցելուներ եկել էին աղոթելու և իրենց ցանկությունները կատարելու հույսով՝ եկեղեցու առջև երկար հերթեր գոյացնելով։
Ամեն ամսվա առաջին օրը եկեղեցի այցելելու ավանդույթը տարիներ շարունակ պահպանվում է։ Այցելուները աղոթում են առողջության, աշխատանքի, ամուսնության և անձնական այլ ցանկությունների իրականացման համար։
Եկեղեցու ուշագրավ սովորույթներից է խորհրդանշական բանալիների ձեռքբերումը։ Ըստ ավանդույթի՝ ցանկությունների իրականացումից հետո որոշ այցելուներ վերադառնում են եկեղեցի՝ բանալիները վերադարձնելու և երախտագիտություն հայտնելու համար։
