Համլետ Հովսեփյանի եզակի հավաքածուն

  • by Western Armenia, 01 Փետրվարի, 2024 in Պատմություն
113 դիտում

Ֆրանսաբնակ հավաքորդ Համլետ Հովսեփյանը «ժամանակի» ճամփորդ է։

 Արևմտյան Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը ներկայացնող նրա եզակի հավաքածուն այլ կերպ է բացահայտում հայ վարպետների երևակայության և ճաշակի սահմանները։ Համլետ Հովսեփյանը  2012 թվականին 15 օրով Արևմտյան Հայաստան՝ Կիլիկիա է այցելում։ Համլետ Հովսեփյանն Անիում մի դրամ է գտնում, ըստ Համլետի՝ իր կողքին հայտնված քուրդը միտումնավոր է գցել։ Դրամը բավականին մաշված էր, բայց որոշ տառեր ընթեռնելի էին։ Հայերենին նմանեցնելով՝ Համլետը վերցրել է։

ardi.am-ին տված հարցազրույցի ժամանակ Համլետ Հովսեփյանն ասել է․

«Երբ ուխտագնացությունից վերադարձա, սկսեցի համացանցով փնտրել Անիում հատված հայատառ դրամների պատմությունը, սակայն, ցավոք, ոչինչ չգտա։ Ավելի ուշ պարզեցի, որ Տաշիր-Ձորագետի տարածքում Կյուրիկյանների կողմից հատված հայատառ դրամից բացի՝ Բագրատունյաց թագավորության շրջանում ո՛չ Անիում, ո՛չ այլ բնակավայրում հայատառ դրամներ չեն հատվել։ Հետաքրքրությունս ավելի մեծացավ․ ընկերներիս խորհրդով դրամը ցույց տվեցի Հայաստանի պատմության թանգարանի դրամագիտության բաժնի պատասխանատուին։ Ասաց, որ վրաց թագուհի Ռուսուդանի կողմից 13-րդ դարում հատված դրամ է։ Վրացական դրա՞մ՝ մայրաքաղաք Անիու՞մ․ այս ամենը շատ հարցեր ծնեց, ու Ֆրանսիա վերադառնալուն պես սկսեցի հին հայկական դրամներ փնտրել։ Առաջինը համացանցում աչքովս ընկան Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակաշրջանում (1198-1375 թթ․) հատված նմուշները։ Հիմնականում մատչելի ու հասանելի են․ գինը սկսվում է 10 դոլարից։ Ինչ վերաբերում է Կիլիկիայի հայկական իշխանության օրոք (1080 -1198 թթ․) հատված և մեզ հասած սակավաթիվ դրամներին, ապա դրանց գինն աճուրդներում գերազանցում է 50 000 դոլարը։

Մի օր՝ հերթական փնտրտուքի ժամանակ, արծաթե գոտի գտա, որը գերմանացի վաճառողը ներկայացնում էր ՝ որպես թուրքական։ Ներքին ձայնս հուշեց, որ պիտի ձեռք բերեմ այդ գոտին․ չսխալվեցի։ Վրան հայերեն «ԵՄ» տառերն էին և արաբերեն գրություն, որը թարգմանվում է «Վան»։ Այդ օրվանից սկսեցի հայկական արծաթագործությամբ հետաքրքրվել»։

Լրագրողների այն հարցին՝ որտեղի՞ց է հավաստի տեղեկություն հավաքում։ Համլետ Հովսեփյանը  պատասխանել է, որ Արևմտյան Հայաստանում արծաթագործության արհեստին անդրադարձել է ամերիկաբնակ գրող Հովսեփ Թոքատն իր «Հայ արծաթագործ վարպետները» գրքում։ Նրա շնորհիվ է  ծանոթացել հայկական զարդերին։ Ամեն անգամ Արևմտյան Հայաստանում թուրքական թանգարաններ այցելելիս մեծ ցավ է ապրել , քանի որ հայ վարպետների աշխատանքները ներկայացված են՝ որպես թուրքական կամ, լավագույն դեպքում, օսմանյան մշակույթի մաս։ Ի հեճուկս դրա՝ մեր թանգարաններում գրեթե ոչինչ չէիր գտնի, չնայած պահոցներում հարուստ հավաքածու ունենք։