18-րդ դարում Կոստանդնուպոլսում գործած հայ գյուտարար, Քեյսերիից սերած Պետրոս Բարոնյանը նշանակալի ներդրում է ունեցել աշխարհագրության և աստղագիտության զարգացման գործում։ Որպես Նիդերլանդների դեսպանատան թարգմանիչ՝ նա եվրոպական գիտական նորարարությունները ներկայացրել է օսմանյան պալատին՝ ստեղծելով նաև դեպի Մեքքայի Քաաբա ուղղությունը ցույց տվող հատուկ սարք։
1738 թվականին Բարոնյանի նախագծած քիբլան ցույց տվող սարքը հնարավորություն էր տալիս կողմնացույցի միջոցով որոշել աղոթքի ուղղությունը։ Այն պատրաստվել էր հայ պղնձափորագրիչ Մկրտիչ Գալաթավիի հետ համագործակցությամբ և ներառում էր աշխարհի քարտեզն ու շուրջ 400 քաղաքների ցանկը։ Սարքը նաև շարժական աղոթատեղիի դեր էր կատարում՝ հատկապես անապատով անցնող ուխտավորների համար։
Այսօր Պետրոս Բարոնյանի ստեղծած բացառիկ սարքերից մեկը ցուցադրվում է Կոստանդնուպոլսի Թոփքափը պալատի հարևանությամբ գտնվող Թուրքական և իսլամական արվեստի թանգարանում։ Չնայած իր գիտական ու գեղարվեստական արժեքին՝ թանգարանի ցուցանմուշի պիտակին գյուտարարի անունը նշված չէ։
