Ձուլումը, վերաձուլումը և համշենցիները

  • by Western Armenia, 17 Մայիսի, 2024 in Պատմություն
26 դիտում

 “Western Armenia TV”-ն շարունակում է առանց կրճատումների ներկայացնել  Մահիր Օզքանի հերթական ուշագրավ հոդվածը, որի շնորհիվ  բացահայտում ենք համշեցիներին նորովի․

«Այն դեպքում, երբ տնտեսական, սոցիալական, քաղաքական և կրոնական պայքարները դյուրացնում են ասիմիլացիան, ազգային պայքարը բարդացնում է այն»։

Ազգային պահանջների համար մղվող պայքարի շրջանակից դուրս գտնվող պայքարների դեպքում մեծամասնություն կազմող ժողովրդի հետ անխուսափելի կերպով զարգացող հարաբերությունները, բնականաբար, պատճառ են դառնում, որ մարդկանց համար առաջնահերթ դառնան հենց այդ պայքարների պահանջները։ Իսկ դա տեղիք է տալիս, որպեսզի փոքրամասնություն կազմող ժողովուրդների ներկայացուցիչները ժամանակի ընթացքում անհետանան և ասիմիլացվեն մեծամասնության մեջ։ Սակայն , նկատում ենք, որ համշենցիների ինքնության պահպանման համար պայքարող մարդկանց էական հատվածը “ձախակողմյան” քաղաքական ավանդույթներ կրող անձինք են։ Որքան էլ դա հակասական թվա, իրականում այդ հանգամանքը տրամաբանական մեկնաբանություն ունի։ Սխալ չի լինի, եթե շեշտենք, թե այն փաստը, որ քրդական շարժումն ազգային հարցը բերել է երկրի և ձախակողմյան հոսանքների օրակարգ, ապահովել է, որ այլ ժողովուրդներից սերող “ձախերն” ու սոցիալիստները ևս մտածեն և դիրքորոշում հայտնեն՝  իրենց ժողովուրդների խնդիրների վերաբերյալ։ Հետևաբար՝ ճիշտ է, որ տնտեսական, սոցիալական, քաղաքական և կրոնական պայքարի ոլորտներն արագացնում են ասիմիլացիան։ Սակայն ,միաժամանակ դա բացում է դրա դեմ պայքարի ոլորտներ։ Երբ ասիմիլացիայի վտանգի տակ գտնվող ժողովուրդներն այդ պայքարը մղում են իրենց լեզուների և մշակույթի ուղղությամբ, դա կարող է լիովին հակառակ ազդեցությունն ունենալ։ Որպես օրինակ՝ կարելի է բերել հետևյալ փաստը․ սևծովյան շրջանում ու Դերսիմում էկոլոգիայի համար մղվող պայքարը միևնույն ժամանակ լեզուների և մշակույթների կենսատարածքի պահպանման պայքարն է։ Ժողովուրդների լեզվից և մշակույթից կտրված, ամբողջովին մեծամասնության լեզվի և մշակույթի հիման վրա տարվող սոցիալական պայքարներն արագացնում են ձուլումը։ Սակայն, եթե սոցիալական պայքարները մղվեն այն ձևով, որ փոքրամասնություն կազմող ժողովուրդները կարողանան դրանց մասնակցել իրենց ինքնությամբ, կարողանան ինքնաարտահայտվել, ապա նման պայքարները չեն ծառայի ասիմիլացիային։