Մանազկերտից մինչև Կիլիկիա․ 1071 թվականի շրջադարձը հայոց պատմության մեջ

  • by Editbeglari, 10 Հուլիսի, 2026 in Լուրեր
135 դիտում

1071 թվականի օգոստոսի 26-ին տեղի ունեցած Մանազկերտի ճակատամարտը համաշխարհային պատմության շրջադարձային իրադարձություններից է։ Եթե ժամանակակից Թուրքիայում այդ օրը ներկայացվում է որպես Արեւմտեան  Հայաստանում թուրքական գերիշխանության սկիզբ, ապա հայկական պատմական հիշողության մեջ այն խորհրդանշում է հայրենիքի կորստի, սակայն նաև նոր պատմական փուլի մեկնարկը։

Բյուզանդիայի կողմից 1021 թվականին Վասպուրականի, իսկ 1045 թվականին Անիի թագավորության բռնակցումից հետո կազմաքանդվեց Հայաստանի անկախ պաշտպանական համակարգը։ Հայ իշխանական տները տեղափոխվեցին կայսրության ներքին շրջաններ, ինչի հետևանքով թուլացավ Բյուզանդիայի արևելյան սահմանագիծը։ Այս իրավիճակից օգտվեցին սելջուկները, որոնք 1064 թվականին գրավեցին Անին՝ ճանապարհ հարթելով դեպի տարածաշրջանի խորքերը։

1071 թվականի Մանազկերտի ճակատամարտում Բյուզանդիայի պարտությունը պայմանավորված էր ոչ միայն սելջուկների ռազմական առավելությամբ, այլև կայսրության ներքին քաղաքական պառակտումներով։ Պարտությունից հետո թուրքական ցեղերի վերաբնակեցումը հայկական լեռնաշխարհում արագացավ՝ արմատապես փոխելով տարածաշրջանի ժողովրդագրական և քաղաքական պատկերը։

Սակայն հայ քաղաքական և ռազմական ավանդույթը չվերացավ։ Բյուզանդական բանակի հայ զորավար Փիլարտոս Վարաժնունին, օգտվելով ստեղծված իրավիճակից, հզոր իշխանություն հաստատեց Անտիոքի, Եդեսիայի, Մարաշի և Մելիտենեի շրջաններում՝ պահպանելով հայկական ռազմական վերնախավը և ստեղծելով այն հիմքերը, որոնց վրա հետագայում ձևավորվեց Կիլիկիայի հայկական պետականությունը։

Պատմաբանների գնահատմամբ՝ Մանազկերտը հայերի համար միայն պարտության խորհրդանիշ չէ։ Այն նաև պատմական անցում էր, որի արդյունքում հայկական պետական և ռազմական ներուժը տեղափոխվեց դեպի Կիլիկիա՝ դառնալով նոր հայկական թագավորության ձևավորման կարևոր նախադրյալ։