Պատմության մոռացված էջերից․ Հայկական Լեգեոն

  • by Western Armenia, 31 Հունվարի, 2024 in Պատմություն
80 դիտում

Անտանտի երկրների ներկայացուցիչների՝ Մ. Սայքսի, Ժ. Պիկոյի և Հայ Ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարի միջև Լոնդոնում կնքված համաձայնագրի հիման վրա՝ օսմանյան կայսրության դեմ Ֆրանսիական բանակում՝ Ֆրանսիայի սպաների հրամանատարությամբ գործող Հայկական Լեգեոնի (Գումարտակի) մասնակցության դիմաց, Ֆրանսիայի խոստումով, Կիլիկիայի Հայերին ինքնավարություն պիտի տրվեր:

Շուշիի գավառում ծնված Հայ քաղաքական գործիչ, պատմաբան Միքայել Վարանդյանին 1915 թվականին գրած իր նամակում, Պողոս Նուբարը հույս էր հայտնում, որ՝ «…Այս կամավորականները, որոնք մարտնչում են Անտանտի կողմում… մեզ իրավունք կարող են տալ մեր ձայնը լսելի դարձնելու, երբ ժամանակը կգայ՝ յայտնելու մեր իրաւացի և համեստ պահանջները»: Հայերի կողմից պարզապես «ԿԱՄԱՎՈՐ» անվանվող այս մարտիկների շարքերը հետագայում համալրեցին նաև Մուսա Լեռան հերոսամարտի քաջարի մասնակիցներից շատերը, որոնք ապաստանել էին Եգիպտոսում՝ Պորտ-Սայիդում, ուր պաշտպաններից ընդհանուր թվով 4083 վերապրածներ էին տեղափոխվել:

Հիշյալ գումարտակը՝ «Հայկական լեգեոնը», հատկապես նշանակալից հաղթական գործողություններ է ծավալել Մերձավոր Արևելքի ճակատում՝ Ադանայում (Արևմտյան Հայաստան), Արարայում՝ Ռաֆատ գյուղի մոտ՝ «անառիկ» համարվող բլրաշղթայում (Պաղեստին)…Արարայի խելահեղ, արյունալի ճակատամարտում ցուցաբերած խիզախության համար ֆրանսիական հրամանատարության կողմից 25 Հայ զինվորներ «Մարտական խաչ»-ով են պարգևատրվել…

1918 թվականին Բեյրութում ստեղծված 4-րդ գումարտակում 5.000 Հայ մարտիկներ կային…

Օսմանյան կայսրության մեջ՝ Արևմտյան Հայաստանում բնակվող ավելի քան 300.000 Հայ զինվորականներ աշխատանքային գումարտակներում ծառայությունից հետո սպանվել են…

Նշենք, որ որոշ ժամանակ «Արևելյան լեգիոն» (Légion d’Orient) կոչվելուց հետո, 1919 թվականի փետրվարի 1-ից այն կրկին վերանվանվել է «Հայկական լեգիոն» (Légion Arménienne)՝ մինչև լուծարումը՝ 1920 թվականի սեպտեմբերի 1-ը:

Հատուկ հրամանագրի հրապարակումից հետո այս ջոկատի անդամներն այնուհետև կարող էին մի նոր պայմանագրով ծառայության անցնել Ֆրանսիական բանակի՝ «Օտարազգիների լեգիոնում» (վերջինս ցայսօր գոյություն ունի):

Ֆրանսիայի, Անգլիայի և ԱՄՆ-ի բանակներում Առաջին Համաշխարհայինի ժամանակ զորակոչված ավելի քան 50.000 Հայորդիներն իրենց արիությամբ ու խիզախությամբ Պատմություն կերտեցին:

Ու նրանք, ինչպես և մյուս երկրների բանակների կազմում մարտնչած Հայկազուններն ու նրանց սերունդները նույնպես, դեռևս սպասում են պատմության որոշ էջերի “շտկմանը”: