Արևմտյան Հայաստանի հայերի հարցի շուրջ

  • by Western Armenia, 24 Նոյեմբերի, 2023 in Պատմություն
133 դիտում

Ստեղծված վտանգավոր իրադրությունը քննելու եւ բնակչությանը ուղղորդելու նպատակով Մուրադը եւ Երզնկայի բանակցություններից հետո քաղաքում մնացած Արշակ Ջամալյանը Առաջնորդարանի շենքում ժողով են հրավիրում։

Իր ելույթում Ջամալյանը հավաքվածներին ասում է, որ հեռացող ռուսական բանակը զենքի ու զինամթերքի հսկայական պաշար է թողնում, եւ հայերը պետք է զինվեն ու փոխարինեն ռուս զինվորներին։ Նա նաեւ հայտնում է, որ Կովկասում ստեղծվում են հայկական զորամասեր, եւ ռուսահայերի շուրջ 40-հազարանոց ստորաբաժանումն արդեն կենտրոնացվել է Կարսում ու Սարիղամիշում։

Սեբաստացի Մուրադը սակայն թերահավատորեն է մոտենում Ջամալյանի այս խոսքերին՝ ներկաներին ասելով, որ ինքը չի կարող հավատալ եւ վստահել «պրն Ջամալյանի շռայլած մեծամեծ խոստումներուն եւ տված հավաստիքներուն»։ Մուրադը պատմում է, որ Մամախաթունի մոտ ինքը չէր կարողացել կասեցնել հեռացող հայ զինվորներին, ովքեր, թողնելով զենքը, շտապում էին թիկունք։ Ըստ Արամ Ամիրխանյանի՝ Ջամալյանը նաեւ վստահեցնում էր, թե թուրքերն այլեւս ուժեր չունեն, եւ Քղի–Քեմախ–Մամախաթուն գծի վրա ունեն հազիվ 4 000 զինվոր։ Այս հանդիպումից երկու օր անց Ջամալյանը մեկնում է Ալեքսանդրապոլ, այնտեղից էլ՝ Թիֆլիս։

Ռազմաճակատի մերկացման մասին առաջին տեղեկությունները դեկտեմբերի կեսերին հասնում են Թիֆլիս։ Գեներալ Լեախովը հեռագրում էր Երզնկայից, որ թեեւ հաջողվել է կազմավորել մի քանի հայկական վաշտ, սակայն դրանք հրաժարվում են դիրքեր գնալ։ Թիֆլիսում այս տեղեկությանը թերահավատորեն են վերաբերվում։

Գեներալ Լեախովը դեռեւս նոյեմբերի կեսերին հանդիպել էր Սեբաստացի Մուրադի հետ եւ հայտնել, որ այլեւս անհնար է ռուս զինվորներին պահել դիրքերում, եւ մինչեւ տարեվերջ սահմանագծում ոչ ոք չի մնա։ Նա առաջարկում էր ընդունել ռուսական բանակի պահեստները եւ ամեն գնով հայկական ստորաբաժանումներ կազմավորել ռազմաճակատը պահելու համար։ Գեներալն ասել էր, որ հնարավորություն չունեն հեռանալիս իրենց հետ տանել զենք-զինամթերքն ու սնունդը, որը մոտ մեկ տարի կբավականացներ 60-հազարանոց զորամասին։

Ամեն ինչ անել պաշտպանության համար

Ջամալյանի մեկնելուց հետո Մուրադը ձեռնամուխ է լինում հայկական ստորաբաժանումների կազմակերպմանը։ 1917թ. դեկտեմբերի 3-ին նա վարժարանի հրապարակում հավաքում է 13-70 տարեկան հայերի եւ կոչ անում ամեն ինչ անել երկրի պաշտպանության համար։ 

«Եթե այսպիսի հարմարագույն պատեհութենե մըն ալ չի կարենանք օգտվիլ հայերս, իսպառ կորսված նկատելու ենք զմեզ եւ մենք մեր ձեռքով բացած կըլլանք գերեզմանը ազգի։ Այսօրվանե սկսյալ ամեն մի հայ, որ զենք կրելու կարողություն ունի, զինվոր է եւ պարտավոր է ծառայելու ազգին՝ պաշտպանելով Հայրենիքը»։

Հավաքից անմիջապես հետո մոտ 500 երիտասարդ կամավորագրվում է, եւ նրանց մի մասին ենթասպա Դանիելյանի գլխավորությամբ ուղարկում են Երզնկայի հարավ-արեւելյան սահմանը, որը գրեթե անպաշտպան էր։ Գեներալ Լեախովի հանձնարարությամբ զինվորական պահեստները հանձնվում են հայերին։

Յուրաքանչյուր զինվորի տրվում է մեկ Մոսին հրացան, թաղիքե ոտնամաններ (մուճակ), վերարկու, ներքնազգեստ եւ զինվորական այլ պարագաներ, ինչպես նաեւ 300-ական փամփուշտ եւ 3 նռնակ (ձեռնառումբ)։ Ռուսական զինվորական պահեստներն այնքան առատ էին, որ սննդամթերքը սկսում են բաժանել նաեւ փախստականներին։

1917թ. դեկտեմբերի վերջին՝ գեներալ Լեախովի մեկնելուց հետո, Երզնկայի ղեկավարությունը կրկին խորհրդակցություն է հրավիրում, որտեղ քննարկվում է քաղաքում մնացած թուրքերի ու քրդերի հետ հարաբերությունների հարցը։ Որոշվում է համագործակցել Դերսիմի եւ Դերջանի քրդերի հետ՝ թուրքերի հետ նրանց հավանական միավորումը թույլ չտալու համար։ Քաղաքի թուրքերին զինաթափում եւ արգելում են լքել բնակավայրը հակառակորդին գաղտնի տեղեկություններ չտրամադրելու նպատակով։ Դեկտեմբերի 27-ին Մուրադն իր մոտ է հրավիրում քաղաքի երեւելի թուրքերին եւ ասում, որ հետայսու պետք է ենթարկվեն քաղաքի հայ կառավարությանը։ Թուրքերը հավատարմության խոստում են տալիս եւ գոհունակությամբ հեռանում։ Ընդունված որոշումները իրականացնելու նպատակով Մուրադը հիմնում է նաեւ հետախուզական ծառայություն, որը գլխավորում է Գեւորգ Չուլճյանը։ Նա կարողանում էր տեղեկություններ հավաքել քրդերի ու թուրքերի մասին, ձերբակալում էր կարգազանցներին եւ հետեւում քաղաքի ներքին կայունությանը։

Շարունակելի․․․