Արևմտյան Հայաստանի հայերի հարցի շուրջ

  • by Western Armenia, 29 Նոյեմբերի, 2023 in Պատմություն
89 դիտում

Բոլշեւիկյան առաջնորդները համաշխարհային հեղափոխության իրականացման ճանապարհին կարեւոր նշանակություն էին տալիս Արեւելքի մահմեդական ժողովուրդներին՝ առաջին հերթին նկատի ունենալով թուրքերին։

1917թ. վերջին թուրքական բանակը Միջագետքում կռվում էր Մեծ Բրիտանիայի դեմ, ու չնայած անգլիացիների հաջողություններին, բոլշեւիկների համար թուրքերը համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարող առաջամարտիկներ էին։ Թուրքական իշխանությունները  լավ հասկանում էին, թե ինչ օգուտ կարող են քաղել բոլշեւիկների բարյացակամ վերաբերմունքից եւ հաճույքով համագործակցում էին նրանց հետ։

Թուրքական իշխանությունների հանդեպ դրական վերաբերմունքը բոլշեւիկները բացահայտ ցուցաբերել էին դեռեւս մինչեւ հեղափոխությունը։ 1917թ. ամռանը, երբ Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության որոշումով ստեղծվում է Արևմտյան Հայաստանի ինքնավարությունը եւ տասնյակ հազարավոր հայ գաղթականներ վերադառնում են իրենց հայրենի օջախները, Լենինը խիստ բացասաբար էր գնահատում Կերենսկու կառավարության այս գործելակերպը։ 

«Մենք պարտավոր ենք անմիջապես գոհացնել ուկրաինացիներին ու ֆիններին, ապահովել նրանց եւ Ռուսաստանի բոլոր օտար ցեղերին կատարյալ ազատություն, մինչեւ անջատվելու իրավունքը։ Նույնը պետք է գործադրենք ամբողջ Հայաստանի վերաբերմամբ, պարտավոր ենք զորքերը հեռացնել Հայաստանից եւ մեր կողմից գրավված թուրքական հողերից»,- գրում էր Լենինը եւ պարզաբանում. - «Եթե վաղը Խորհուրդները ձեռք առնեն իշխանությունը, մենք կասենք՝ դո՛ւրս հանեցեք զորքերը Հայաստանից, այլապես կլինի խաբեություն»։ Այն օրերին բոլորը՝ թե՛ հայ հասարակական-քաղաքական ուժերը, թե՛ անգամ ռուսական իշխանության վերնախավը հիանալի հասկանում էին, որ ռուսական բանակի դուրսբերումը Արեւմտյան Հայաստանից նշանակելու էր հայ ժողովրդի նոր ցեղասպանություն կամ բռնագաղթ։

Սիմոն Վրացյանը նշում էր, որ բոլշեւիկները, հատկապես՝ Լենինը, մեծ նշանակություն էին տալիս համաշխարհային հեղափոխության պայքարին արեւելյան ժողովուրդների մասնակցությանը. ավելին՝ մահմեդականները վճռական դերակատարություն պետք է ունենային այդ պայքարում։

1917թ. դեկտեմբերին` դիմելով Մերձվոլգայի, Ղրիմի, Անդրկովկասի թաթարներին, Սիբիրի եւ Թուրքեստանի ղրղզներին ու սարթերին (մինչեւ 1917թ. այնպես էին կոչում ուզբեկներին եւ հարթավայրային տաջիկներին), չեչեններին եւ Կովկասի լեռնականներին, բոլշեւիկները հավատացնում էին, թե այսուհետեւ նրանք կարող են ազատորեն դավանել իրենց կրոնը ու կազմակերպել ազգային կյանքը։

Իշխանությունը վերցնելուց անմիջապես հետո բոլշեւիկները հրապարակել էին Ցարական Ռուսաստանի գաղտնի համաձայնագրերը, որոնց թվում՝ Սայքս-Պիկոյի համաձայնագիրն էր, որով Անտանտի պետությունները պատերազմից հետո բաժանելու էին Օսմանյան Կայսրությունը։ Լենինը թուրքերին խոստանում էր, որ բոլշեւիկյան կառավարությունը հրաժարվում է նախկին իշխանության բոլոր պահանջներից։

«Մենք հայտնում ենք, թե գահընկեց ցարի գաղտնի պայմանագրերը Կ.Պոլիսը հափշտակելու մասին, վավերացված պաշտոնանկ եղած Կերենսկիից, ներկայումս պատառոտված են ու ոչնչացված: Ռուսական հանրապետությունը եւ ժողովրդական կոմիսարների խորհուրդը դեմ են ուրիշի հողերը հափշտակելուն. Կ. Պոլիսը պետք է մնա մահմեդականների ձեռքում:

Մենք հայտնում ենք, թե Պարսկաստանը բաժանելու պայմանագիրը պատռտված է ու ոչնչացված: Հենց որ դադարեն պատերազմական գործողությունները, զորքերը դուրս կհանվեն Պարսկաստանից եւ պարսիկներին կապահովվի իրենց վիճակը ազատորեն տնօրինելու իրավունք:

Մենք հայտնում ենք, թե Թուրքիան բաժանելու եւ նրանից Հայաստանը «խլելու» պայմանագիրը ոչնչացված է ու պատռտված: Հենց որ դադարեն պատերազմական գործողությունները, հայերին կապահովվի իրենց քաղաքական ազատությունը ազատորեն տնօրինելու իրավունք:

Տապալեցեք ուրեմն այդ հափշտակիչներին եւ ձեր երկրները ստրկացնողներին:

Ընկերներ, եղբայրներ, մեր դրոշակների վրա մենք կրում ենք աշխարհի ճնշված ժողովուրդների ազատագրումն:


Ռուսաստանի մահմեդականներ, Արեւելքի մահմեդականներ, աշխարհի վերածնության այդ ճանապարհին մենք սպասում ենք ձեզնից համակրանք ու աջակցություն:


Ազգային գործերի ժողովրդական կոմիսար՝ Ջուղաշվիլի (Ստալին)


Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ՝ Վ. Ուլյանով (Լենին)

Շարունակելի․․․