Արևմտյան Հայաստանի հայերի հարցի շուրջ

  • by Western Armenia, 01 Դեկտեմբերի, 2023 in Պատմություն
97 դիտում

Տերյանը Դաշնակցության շատ գործիչների պես դեմ էր, որպեսզի ռուսական զորքերը դուրս բերվեն Թուրքահայաստանից: Այս հարցով Տերյանը դիմում է Լենինին եւ ստանում գոհացուցիչ պատասխան. «Նա շատ լավ վերաբերվեց, եւ պարզվեց, որ երբ ինքն ասում է՝ զորքերը հանել Հայաստանից, սրանով ուզում է ասել, թե երբ հայերը պահանջեն այդ, որպեսզի նրանց վրա ճնշում չլինի Ռուսիայի կողմից, եւ նրանք ստիպված չլինեն ռուսական օրիենտացիա ընդունել: Իսկ հայերի ապահովության համար, եթե նրանք այդ կամենան, նա բնավ դեմ չէ, որ մնան հարկավոր եղած զորամասերը»: Սա Լենինի դիվանագիտական խորամանկ պատասխանն էր Տերյանին, իսկ ահա Ստալինն առանց վարանելու Տերյանի երեսին ասաց. «Մենք իսկույն եւեթ կկարգադրենք, որ զորքերը հեռանան...»: Սակայն երբ Տերյանը Ստալինին տալիս է Լենինի գրությունը, եւ նա կարդում է այն, բանաստեղծի վկայությամբ, Ստալինը արդեն այլ կերպ է խոսում:Այս հարկադրված զիջումը Տերյանին, բնականաբար, Ստալինին դուր չի գալիս: Սակայն դա քիչ էր հուզում Տերյանին, որովհետեւ ինքն էլ բացասական կարծիք ուներ Ստալինի մասին: Շատ լավ հիշում էր, թե ինչ արհամարհական վերաբերմունք ուներ Իոսիֆի հանդեպ իր կողմից շատ հարգված Շահումյանը: Վերջինս իր այդ վերաբերմունքը բնավ չէր թաքցնում եւ բացահայտ ասում էր, որ 1905 թվականին իր ձերբակալության մատնիչը Ստալինն էր, քանի որ միայն նա գիտեր իր թաքնվելու վայրը: Մինչեւ վերջ Ստալինը կամ «Կոբան» Շահումյանի համար մնաց ցարական «օխրանկայի լրտես»։  Ժողովրդական Կոմիսարների խորհուրդը հայտարարում էր, որ Ռուսաստանի բանվորական եւ գյուղացիական կառավարությունը պաշտպանում է «Ռուսաստանի կողմից օկուպացված «Թուրքահայաստանի» հայերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչեւ լիակատար անկախություն», իսկ ինքնորոշման իրավունքի իրացումը հնարավոր էր մի շարք երաշխիքների դեպքում։ Դրանք էին.

«1. Զորքերի դուրս բերումը «Թուրքահայաստանից» եւ հայկական ժողովրդական միլիցիայի անհապաղ կազմակերպումը «Թուրքահայաստանի» բնակիչների անձնական ու գույքային անվտանգությունը ապահովելու նպատակով։


2. Տարբեր երկրներում ցրված գաղթական հայերի, ինչպես նաեւ վտարանդի հայերի անարգել վերադարձը «Թուրքահայաստանի» սահմանները։


3. Պատերազմի ժամանակ թուրքական իշխանությունների կողմից բռնի կերպով Թուրքիայի խորքերն արտաքսված հայերի անարգել վերադարձը «Թուրքահայաստանի» սահմանները, որի վրա Ժողովրդական Կոմիսարների Սովետը պետք է պնդի թուրքական իշխանությունների հետ ունենալիք խաղաղ բանակցությունների ժամանակ։


4. «Թուրքահայաստանի» ժամանակավոր Ժողովրդական Կառավարչության կազմակերպումը՝ դեմոկրատական հիմունքներով ընտրված Հայ ժողովրդի Դեպուտատների Սովետի ձեւով։


Ժողովրդական կոմիսարների սովետի նախագահ՝ Վ. Ուլյանով (Լենին)


Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսար՝ Ի. Ջուղաշվիլի (Ստալին)»

http://www.western-armenia.eu/news/Actualite/2018/Russagan_Dekret/Arevmdyan_Hayasdani_Angakhoutyan-02.03.2018.pdf

http://www.western-armenia.eu/news/Actualite/2018/Histoire_du_Decret_russe_sur_l_Armenie_turque-12.01.2018.pdf