Արևմտյան Հայաստանի հայերի հարցի շուրջ

  • by Western Armenia, 07 Դեկտեմբերի, 2023 in Պատմություն
85 դիտում

1918թ. հունվարի վերջին Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների առանցքում կրկին Բրեստ-Լիտովսկի բանակցություններն էին, որի երկրորդ փուլը սկսվել էր 1917թ. դեկտեմբերի վերջին եւ մասնակի ընդհատումներով շարունակվել մինչեւ 1918թ. հունվարի 28-ը։ Բրեստ-Լիտովսկում Տրոցկին հրաժարվում է ընդունել Գերմանիայի վերջնագիրը, չի ստորագրում որեւէ փաստաթուղթ եւ հայտարարում է, որ Ռուսաստանը միակողմանիորեն դադարեցնում է պատերազմը եւ ցրում զորքը։

Հաջորդ օրը զինվորներին ու սպաներին է դիմում գերագույն հրամանատար Կռիլենկոն՝ կոչ անելով զինվել համբերությամբ, պահպանել ռազմական տեխնիկան, չխոչընդոտել երկաթուղային շարժակազմերի ընթացքը եւ զորամաս առ զորամաս նահանջել։

Գերմանացիները ռուսական պատվիրակությանը հայտնում են, որ իրենց վերջնագիրը չընդունելը նշանակում է, որ երկու պետությունների միջեւ կնքված զինադադարը կորցնում է ուժը։ Չնայած բոլշեւիկների բողոքի նոտաներին՝ 1918թ. փետրվարի 5-ին գերմանական զորքերը բոլոր ուղղություններով անցնում են հարձակման, եւ մեկը մյուսի հետեւից գրավում ռուսական բնակավայրերն ու մոտենում Պետրոգրադին։ Մի քանի օրում գերմանական զորքերը, չհանդիպելով որեւէ դիմադրության, առաջանում են 200-300 կիլոմետր։Գերմանական պատվիրակության ղեկավար Մաքս Հոֆմանը գրում էր. «Այդպիսի անհեթեթ պատերազմ ես դեռ չէի տեսել։ Մենք պատերազմում էինք գնացքների եւ մեքենաների մեջ։ Գնդացիրներով ու մեկ թնդանոթով մի խումբ զինվորների նստեցնում ես գնացք ու շարժվում դեպի հաջորդ բնակավայր։ Վերցնում ես կայարանը, ձերբակալում բոլշեւիկներին ու գնում առաջ»։ Բրեստ-Լիտովսկի բանակցությունների ձախողումն Անդրկովկասում ընդունում են տագնապով եւ անհանգստությամբ: Անդրկովկասյան կոմիսարիատը պետք է իր դիրքորոշումը հստակեցներ թուրքերի հետ առանձին հաշտություն կնքելու հարցում։ Փետրվարի 3-ին Կոմիսարիատը կոչ է անում բնակչությանը չտրվել սադրանքներին, անսասան մնալ հեղափոխական դիրքերում եւ հիշել, որ անիշխանությունը կարող է հանգեցնել մեծ արյունահեղության։ Բանակցությունների տապալումից եւ գերմանական զորքերի առաջխաղացումից անմիջապես օգտվում են թուրքերը։ Փետրվարի սկզբին Կովկասյան ռազմաճակատում թուրքական բանակի հրամանատար Վեհիբը հայտարարում է, որ անիշխանությանը վերջ տալու նպատակով իրենց բանակը պետք է առաջ շարժվի այնքան, քանի դեռ չի հանդիպել ռուսական զորքերին: Թուրքերը շատ լավ գիտեին, որ ռուսական ստորաբաժանումներին չի հանդիպելու այն պարզ պատճառով, որ այդպիսիք գոյություն չունեն։

«Մշակ», 1 փետրվարի, 1918թ., թիվ 23

«Օրըստօրե Տրապիզոնից հեռանում են ռուսական զորքերը, զինվորական եւ քաղաքացիական հիմնարկությունները, հիվանդանոցները: Այնտեղ կա մի փոքրիկ գունդ վրաց զինվորների, որոնց էլ թողնված է քաղաքի պաշտպանությունը: Քաղաքից հեռանում են նաեւ բոլոր հիմնարկությունների պաշտոնյաները, թե հայ, թե ռուս, թե հույն, թե վրացի:

Շրջանում թուրքական զորքեր չկան, ուստի եւ նրանց կողմից անմիջական վտանգ, բայց կան ավազակախմբեր (գուցե եւ ասկյարներ են ավազակների շորերով), որոնք պարբերաբար հարձակվում են հունաց գյուղերի եւ ռուս եւ վրաց զինվորների վրա, երբ սրանց հանդիպում են փոքրաթիվ խմբերով:

Տրապիզոնից դուրս գալը մեծ հերոսություն է: Այնտեղից մեկնող մարդը հանդիպում է մեծամեծ դժվարությունների, որովհետեւ նավեր քիչ են երթեւեկում, իսկ երթեւեկող նավերն էլ միշտ լեփ-լեցուն են զինվորներով:

Անիշխանությունը կատարյալ է: Շնորհիվ տրանսպորտի բացակայության եւ քաղաքից դուրս գալու դժվարության, հիմնարկությունները չեն կարողանում իրենց իրերը եւ ապրանքները փոխադրել Անդրկովկաս: Կամավորների ընտանիքները, մոտ 200 կին եւ երեխա հարկադրված էին վարձել մի մասնավոր հույնի՝ 25000 ռուբլով: 

Շնորհիվ հեռացող զորքերի, քաղաքը գտնվում է սանիտարական ամենավատթար դրության մեջ: Ամեն տեղ եւ ամեն կողմը գարշահոտություն է տիրում: Ժանտախտը, որ բոլորովին թուլացել էր ցրտերի պատճառով, շնորհիվ առաջ եկած կեղտոտության, կարող է նորից իր գլուխը բարձրացնել գարնանը, երբ սկսվեն տաք օրերը: Ընդհանրապես դրությունը, ինչպես քաղաքում, նույնպես եւ շրջանում, շատ վտանգալից եւ ողբալի է»:

Թիֆլիսում ԱՄՆ հյուպատոս Ֆելիքս Սմիթը 1918թ. փետրվարի 12-ին հեռագրում էր ԱՄՆ պետքարտուղար Ռոբերտ Լանսինգին. «Ռուսական զորքերը փաստացի լքել են Կովկասյան ռազմաճակատը։ Էրզրում-Վան-Երզնկա գիծը գրավել են հայկական ուժերը։ Տրապիզոնից արեւելք եւ արեւմուտք զբաղեցնում են թուրքական անկանոն խմբերը։ Տրապիզոնի հսկայական զինապահեստներին սպառնում են քրդերը եւ տեղական մահմեդական բնակչությունը»

Սպառնալիք՝ միայն հայերի համար

Անդրկովկասի հետ առանձին հաշտություն կնքելու թուրքական առաջարկը բարդ իրավիճակի առաջ կանգնեցրեց հայերին: Թուրքական արշավանքը Անդրկովկասի երեք ժողովուրդներից միայն հայերի համար էր սպառնալիք. թե՛ վրացիները, թե՛ առավել եւս՝ թաթարները, թուրքերին թշնամի չէին համարում, հետեւաբար պատերազմելու որեւէ մտադրություն չունեին:

Վրացական մամուլը, վերլուծելով իրադրությունը 1918թ. հունվարի վերջին, գրում էր, որ թուրքական հաշտության առաջարկը պետք է անմիջապես ընդունել: Թաթար հեղինակ Ախլիեւը մասնավորապես գրում էր.

«Անկասկած է, որ մենք տանուլ ենք տվել ներկա պատերազմը եւ շարունակել պատերազմը անկարող ենք, քանի որ չունենք այլեւս ոչ դրամ, ոչ զորաբանակ, ոչ փորձված հրամանատարական կազմ, ոչ կարգապահություն եւ ոգեւորություն, ոչ ռազմամթերք եւ ոչ եւս պատերազմի որոշ նպատակ: Պատերազմի որոշ նպատակ ունեն միայն հայերը, ...եւ հազիվ թե մյուս ազգերը ջերմորեն պաշտպանեն այդ նպատակը: Վրացիները չեն գնա պատերազմելու թուրքերի դեմ, քանի որ թուրքերը անմիջապես չեն սպառնում Վրաստանին: Ռուսները իրենք են հեռանում ռազմաճակատից, իսկ մուսուլմանները նույնպես չեն գնա պատերազմելու թուրքերի դեմ»:

Շարունակելի․․․