Դերսիմի ջարդերի զոհերի հիշատակի արարողություններ

  • by Western Armenia, 08 Մայիսի, 2023 in Հասարակություն
152 դիտում

Դերսիմի ջարդերի զոհերի ոգեկոչման շրջանակներում Դերսիմի Աշխատանքի և Ժողովրդավարության Պլատֆորմի ղեկավարությունը  կազմակերպել է ոգեկոչման միջոցառում Դերսիմի Կըզըլքիլիսե գավառի Երեսք գյուղում, որտեղ նույնպես տեղի են ունեցել ջարդեր։ Հիշատակի արարողության ժամանակ  մոմավառություն կատարվեց և ջարդերի ականատեսները պատմեցին կատարվածի մասին։ Ջարդի ականատես Թուրան Գյուլն այսպես է ասել. «Նրանք նույնիսկ փոքր երեխաներին դպրոցներից տարան  և սպանեցին։  Մի կին  սպանվեց և բերանքսիվայր ընկավ իր գրկի երեխայի վրա, երեխան շնչահեղձ եղավ ու նույնպես մահացավ»։ 

Ականատեսներից մեկն էլ այսպես խոսեց. «Շնորհակալ եմ, որ հիշատակում եք այս օրը, որը մենք անվանում ենք սև օր: Ջարդի ժամանակ իմ ընտանիքի 11 անդամներ սպանվեցին, շատերը աքսորվեցին։ Այս մարդասպան մտածելակերպը դեռ շարունակվում է։ Դերսիմ 38-ը մեր հոգու վերքն է»։

Ելույթներից հետո  ներկաները զոհվածների հիշատակին մեխակներ  նետեցին գետի մեջ եւ հոգեհանգստյան աղոթք  կարդացին։

Դերսիմի ասոցիացիաների դաշնությունը, Դերսիմի դեմոկրատական ​​միությունների եվրոպական դաշնությունը և Դերսիմի հետազոտական ​​կենտրոնը Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում նույնպես ոգեկոչման արարողություններ կազմակերպեցին տասնյակ հազարավոր անմեղ մարդկանց հիշատակին և իշխանությանը  ցեղասպանությունները դատապարտող կոչեր ուղղեցին։