Նորահայտ արխիվային փաստաթղթերը նոր քննարկումների տեղիք են տալիս Համշենահայերի պատմական ինքնության և Թուրքիայի պետական քաղաքականության վերաբերյալ։ Հոդվածում ներկայացված օսմանյան և հանրապետական շրջանի փաստաթղթերը ցույց են տալիս, որ Համշենահայերը պաշտոնական գրություններում տարբեր ժամանակներում հիշատակվել են որպես իսլամացած հայեր։
1913 թվականի օսմանյան փաստաթղթերից մեկում Համշենի բնակչությունը բնութագրվում է որպես «հայերից դարձած մահմեդականներ»։ Նման ձևակերպումներ հանդիպում են նաև 1930 թվականի հանրապետական շրջանի գաղտնազերծված փաստաթղթերում։
Առանձին ուշադրության է արժանի 1936 թվականի փաստաթուղթը, որտեղ նշվում է, որ Չորոխի նահանգում բնակչության մի մասը խոսում էր լազերեն, մի մասը՝ վրացերեն, իսկ որոշ բնակավայրերում՝ հայերեն։ Փաստաթղթում առաջարկվում էր կրթության միջոցով բնակչությանը «ազգային ոգի և մշակույթ» փոխանցել և նրանց ազատել «օտար լեզուների ու սովորույթների ազդեցությունից»։
Հոդվածի հեղինակը այս փաստաթղթերը դիտարկում է որպես տարածաշրջանի ոչ թուրքախոս ժողովուրդների ձուլման քաղաքականության վկայություն՝ ընդգծելով, որ հատկապես Համշենահայերենի պահպանումը այսօր կարևոր նշանակություն ունի Համշենի պատմական ինքնության պահպանման համար։
